Խայտառակություն առանց մեկնաբանության

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019
Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արտաշես Գեղամյան

 

«Ատելությունը պարտվածների բաժինն է» (Կոնֆուցիոս)։

 

Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյակի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տոնակատարությունից հետո դժվար էր տրամադրվել գրելու մի հոդված, որում ստիպված եմ հարգելի ընթերցողների ուշադրությունը հրավիրել «ժողվարչապետի» գործողությունների անհամարժեքության հերթական դրսևորման վրա, գործողություններ, որոնք լի են կույր ատելությամբ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։ Ընդ որում՝ անգամ ամբողջ հայ ժողովրդի համար թանկ այդ լուսավոր տոնական օրերին։ Եվ այսպես, ս.թ. մայիսի 7-ին Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նամակ էին ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հասցեով։ Նամակում, մասնավորապես, նշված էր. «Ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը (նկատի է առնվում Հայրենական մեծ պատերազմում – Ա.Գ.), ԼՂՀ ՊԲ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի – Ա.Գ.) և Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։ Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»։ Արցախի նախագահների դիմումին ի պատասխան՝ Հայաստանի Գլխավոր դատախազությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում նշված էր. «...ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար՝ նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»։ Ավելի քան համոզված եմ, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը բավական հեռատեսորեն են վարվել՝ դիմելով ոչ թե ՀՀ վարչապետին, այլ գլխավոր դատախազին։ Չէ՞ որ Ն.Փաշինյանի կողմից նրանց բարձրացրած միջնորդության հարցի դրական լուծումը մերժելու դեպքում մենք կդառնայինք իրադարձությունների չափազանց անցանկալի զարգացման վկաները, այն է. այն փաստի վկաները, երբ պաշտոնական Երևանն իր գործողություններով փաստորեն չի ցանկանում «համերաշխության և միասնականության ազդակ դառնալ ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»։ Էլ չեմ ասում այն մասին, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվողների, ասել է թե՝ «ժողվարչապետի» համար ոչ մի արժեք չունի Արցախի նախագահների ընդունած պարտավորությունը. «Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։ Ուշադրություն դարձրեք, հարգելի ընթերցող, որ այստեղ անգամ ակնարկ չի արվում գալիք դատավարությանը որևէ միջամտությանը և այս գործով դատարանի համապատասխան որոշման կայացմանը։

 

Դե ինչ, թվում էր, թե այստեղ կարելի էր կանգ առնել, մանավանդ հաշվի առնելով այն, որ Արցախի իշխանությունները պահպանել են այդ հպարտ մարզի զավակներին վայել լռություն։ Բայց ոչ, այդ էր պակաս։ Արդեն հաջորդ օրն իսկ՝ ս.թ. մայիսի 8-ին, Ն.Փաշինյանը վերադարձավ այս թեմային մամուլի ասուլիսի ընթացքում և, մասնավորապես, ասաց. «Ես կարծում եմ, որ Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տան, որովհետև այդ հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան: Եթե գլխավոր դատախազը շատ էլ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել,- այնուհետև նա շարունակել է,- Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը նույնպես բանտում է։ Ինչո՞ւ իրենց դիմումում նրան էլ չեն հիշատակել։ Նրանք Արցախի հերոսի կոչում են շնորհել Մանվել Գրիգորյանին։ Ինչո՞ւ նրա մասին էլ չեն դիմել։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Գրիգորյանին վերագրվող հանցագործությունն ավելի ծանր է, քան Քոչարյանին ներկայացված մեղադրանքները, ապա նա սխալվում է»։ Նման բան լսելով «ժողվարչապետից»՝ ակամա մտաբերում եմ Հայաստանի բոլոր հեռուստաալիքներով քանիցս արծարծվող տեսանյութերը, որոնցում կոպտորեն խախտվում էր քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքը՝ անմեղության կանխավարկածը Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նկատմամբ, երբ, ըստ էության, եթերով կանխորոշվում և ուղղորդվում էր քննության ընթացքը։ Պետք է կարծել, որ արդեն քննության ընթացքում Մ.Գրիգորյանին վերագրվող մեղադրանքներից շատերը վերաորակավորվեցին, և արդյունքում՝ նրան վերագրվող հանցագործությունները «պակաս ծանր» դարձան, քան նրանք, որոնք ներկայացվեցին Ռ.Քոչարյանին։ Որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը վերջնարդյունքում քաղբանտարկյալ կճանաչվի և լիովին կարդարացվի՝ կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, այդ թվում և «ժողվարչապետը»։ Բայց դա այլ վերլուծության թեմա է։ Իսկ այժմ կցանկանայի մեջբերում կատարել իմ «Արտաշես Գեղամյան. Քոչարյանն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» հոդվածից, որը հրապարակվել է 2018թ. օգոստոսի 2-ին ռուսաստանյան «REGNUM» լրատվական գործակալությունում. «Հոդվածն ավարտելով` կցանկանայի համառոտ ընդհանրացնել նրա բովանդակությունը... Ռոբերտ Քոչարյանն իմ ընկերը չէ, կրկնում եմ` ընկերս չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Իսկ ճշմարտությունն այն է, որ Քոչարյանի հանդեպ դատ ու դատաստան սարքելու մտադրությունը, ընդ որում` արհեստականորեն, «ականջից ձգելով» և այդ գործընթացում Ռուսաստանին ներքաշելով, հերթական քայլն է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական հարաբերությունների խզման տանող ճանապարհին: Այլ խոսքերով` սա առաջին քայլն է դեպի հայոց պետականության կորուստ տանող ճանապարհին: Եվ սա չափազանցություն չէ: Սա ճշմարտություն է»: Որպեսզի հարգելի ընթերցողը չմտածի, թե զբաղվում եմ ավելի վաղ գրած հոդվածս հանրահռչակելով, մեջբերում կատարեմ արդեն մեկ այլ հոդվածից, որը հրապարակվել է 2019թ. մայիսի 10-ին, ժամը 22.23-ին, «Ղարաբաղում «սողացող խռովության» հետեւից երևում է Կրեմլը» վերնագրով, Minval.az-ի ոչ անհայտ հեղինակ, տիկին Նուրանիի, նույն ինքը Կասիմովա Թոֆիգախանում Ֆազիլ կըզիի կողմից (https://minval.az/news/123885199)։ Դրանում Թոֆիգախանումը մասնավորապես բացառիկ սրտացավություն և մտահոգություն է ցուցաբերում Հայաստանի «ժողվարչապետի» հանդեպ՝ իր հոդվածում մեջբերելով նրա գրառումը Facebook-ից. «Մամուլում հաճախ են գրում այն մասին, որ ոմանք փորձում են Ղարաբաղը վերածել հակահեղափոխության օջախի, «Արցախի» ժողովուրդը այն կվերածի հեղափոխության օջախի»։ Այնուհետև Թոֆիգախանումը ափսոսանքով նշում է. «Միայն հազիվ թե սպառնալիքներն ունենան ակնկալվող արդյունքը. «ղարաբաղցիներն «անհնազանդություն» ցուցաբերել են հենց նրա այցելության ժամանակ (նկատի ունի Ն.Փաշինյանի այցը – Ա.Գ.) օկուպացված Ղարաբաղ։ Էլ չեմ ասում այն մասին, որ «ուժային սցենարը» Ղարաբաղում Երևանի կողմից՝ դա Ադրբեջանի համար միջամտության և սեփական օկուպացված հողերի ռազմական «մաքրման» ևս մեկ հիմք է... Իսկ իրավիճակը Հայաստանում բավական լավ հիշեցնում է 1997-ի աշունը – 1998-ի գարունը, «սողացող հեղաշրջումը», որն ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով։ Լևոն Հակոբովիչը, հիշեցնենք, բացահայտ կոչ էր անում փոխզիջման գնալ Ադրբեջանի հետ, ինչի համար էլ վճարեց։ Եվ որ ամենագլխավորն է՝ առնվազն չի բացառվում, որ «Ղարաբաղյան խռովությունը» ոչ միայն և ոչ այնքան Երևանում որոշ ֆիգուրներն են, դրանց հետևից երևում է Կրեմլը (ինչպես ասում են՝ տեղ հասանք – Ա.Գ.)։ Ամենակարճ հեռանկարում նման խռովության սպառնալիքը կկապի Փաշինյանի ձեռքերը բանակցություններում, որոնք ընթանում են ամերիկյան մոդերացիայով։ Բայց և «ժողվարչապետի» հրաժարականն էլ է միանգամայն տեղավորվում Մոսկվայի ծրագրերում։ Այո, այսօր Նիկոլ Փաշինյանը միանգամայն կառավարելի է, նա չի փորձում հակաճառել մոսկովյան պետերին, բայց և այնպես մինչև վերջ չի վստահում նրան (սրտացավ Թոֆիգախանումի ցնցող իրազեկությունը Ն.Փաշինյանի հանդեպ «մոսկովյան պետերի» վերաբերմունքի մասին – Ա.Գ.)։ Մի խոսքով՝ «թնջուկն» ավելի է խճճվում։ Այսօր հասկանալի պատճառներով մնում է միայն կռահել, թե ինչով կավարտվի այս «սողացող խռովությունը» Ղարաբաղում՝ ակնհայտ օտարերկրյա, ավելի ճիշտ՝ ռուսական մասնակցությամբ, կդիմանա՞ արդյոք Փաշինյանը...»։

 

Ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումը, այո, այո, չսխալվեցի, ադրբեջանական իշխանությունների, որոնց լիովին ենթարկվում է և որոնց խոսափողն է Minval.az ինտերնետ պորտալը, որպեսզի հարգելի ընթերցողը մտորի, թե ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Ко-ն արհեստականորեն լարում հարաբերությունները Արցախի Հանրապետության ղեկավարության հետ՝ ի առավելագույն գոհունակություն ափշերոնյան մաս-մեդիաների։ Կամ վերցնենք մեկ այլ օրինակ։ Խոսքն, ըստ իս, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի չափազանց անկոռեկտ արտահայտությունների մասին է, որը մեկնաբանել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը։ Հիշեցնենք ընթերցողներին, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մարտական գեներալին բնորոշ ուղղամտությամբ օրերս հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգանք ցուցաբերեին Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի կոչի հանդեպ և փոխեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Ի «խրատ» Վիտալի Բալասանյանի՝ «ժողվարչապետի» մամուլի քարտուղարն ասաց. «Տարօրինակ է լսել բարձրաստիճան արցախյան պաշտոնյայից նման մեկնաբանություն։ Նրա կարգի պաշտոնյան, կարծում եմ, պետք է պահպանի համապատասխան զսպվածություն»։ Անհանգստություն է առաջացնում այն, որ այս հիմարությունները «արցախյան բարձրաստիճան պաշտոնյայի» արտահայտությունների վերաբերյալ արտացոլում են նաև հենց Ն.Փաշինյանի վերաբերմունքը Արցախի Հանրապետության գործող ղեկավարության հանդեպ։ Նա տարբերություն չի դնում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի (էլ չեմ ասում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքի մասին, որոնց հասցեին Ն.Փաշինյանը ս.թ. մայիսի 8-ին անտաշ արտահայտություններ արեց իր մամուլի ասուլիսի ժամանակ) և իր շրջապատի պաշտոնյաների միջև։ Վերցնենք թեկուզ այդ նուն Դավիթ Սանասարյանին՝ Պետական վերահսկողական ծառայության պետին, որի պաշտոնավարությունը դադարեցրել են կոռուպցիայի մեջ կասկածվելու մեղադրանքով։ Որպեսզի համեմատությունս կոպիտ չթվա, ընթերցողներին հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի գլխավոր արժանիքը Երևանի փողոցները փակելն էր չարտոնված հանրահավաքների ժամանակ, Հայաստանում պետական հեղաշրջման նախօրեին (2018թ. ապրիլ-մայիս), ինչպես նաև ձվեր նետելը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքի ուղղությամբ, ինչն ուղեկցվում էր Հայաստանից 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերելու կարգախոսներով։ Հենց Դ.Սանասարյանի մասին է «ժողվարչապետը» այդ նույն մամուլի ասուլիսի ընթացքում բարբառել. «Դավիթ Սանասարյանի պարագայում ես ասում եմ, որ ափսոսում եմ, որ մարդիկ խնդիրն ընկալում են «եղբայրական» տրամաբանության մեջ։ Նա իմ ընկերն է, բայց իմ ընկերը չի կարող օրենքից վեր լինել, և որևէ մեկի ընկերը նույնպես չի կարող օրենքից վեր լինել»։ Չգիտես ինչու լրագրողական համքարությունից որևէ մեկը մամուլի ասուլիսում չհարցրեց. իսկ այդ ինչո՞ւ ռուսատյացն ու ձվերի նետման վարպետը հայոց պետության վարչապետի համար ընկալվում է ավելի բարձր, քան Արցախի հերոսները, հաղթանակի խորհրդանիշները 1992-1994թթ. Արցախյան ազգային-ազատագրական պատերազմում, ինչպիսին են, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը, որոնք պատերազմի դաժան տարիներին ավելի քան երկու տարի ամեն ժամ նայել են մահվան աչքերին, ավելին՝ իրենց ընտանիքները չեն հեռացրել Շուշիի բարձունքից գնդակոծվող Ստեփանակերտից՝ դրանով իսկ մոտակա հաղթանակի վստահություն ներշնչելով Ստեփանակերտի բնակիչներին, և որոնք ներկայում դարձել են քննադատության թիրախ, հավասարեցվել դավիթսանասարյանին։ Իսկ ինչ վերաբերում է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապա նա նույնպես հաղթանակը կերտել է իր անձնուրաց տիկնոջ՝ Նազիկ Ամիրյանի հետ միասին Արցախի մարտադաշտում։ Չէի ցանկանա, որպեսզի ընթերցողների մոտ ոչ ճիշտ տպավորություն ստեղծվի այն մասին, որ Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի տարիներին նրանց ցուցաբերած հերոսությամբ ես փորձում եմ համահարթեցնել իբր նրանց կատարած օրինախախտումները։ Ոչ, հարգելի ընթերցող, դրա համար դատարան կա, որը դեռ չի կայացրել որևէ մեղադրական դատավճիռ, ուրեմն՝ «ժողվարչապետի» բարձրագոչ «մերկացնող» ճառերը կարող են որակվել լավագույն դեպքում որպես ուղղակի ցուցում քննչական մարմիններին այն մասին, թե ինչ ուղղությամբ վարեն քննությունը, հետն էլ որպես հուշում Գլխավոր դատախազությանը և դատական մարմիններին, թե ինչպիսի դատավճիռը կընկալվի իշխանությունների կողմից որպես ճիշտ ուղղությամբ արված գործողություն։ Ն.Փաշինյանի նման մեկնաբանությունների այլ գնահատականը կարող է որակվել ոչ այլ կերպ, քան զրպարտություն։ Բայց դա նույնպես այլ վերլուծության թեմա է։

 

Որպեսզի կարծիք չստեղծվի, թե առանց անհրաժեշտության այսքան մանրամասն եմ ներկայացնում «ժողվարչապետի» վերջերս հնչեցրած արտահայտությունները, նշեմ, որ պատճառը միանգամայն կոնկրետ է. դրանք Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության սպառնալիք են պարունակում։ Ավաղ, սա չափազանցություն չէ։ Ինքներդ դատեք. ս.թ. մայիսի 11-ին, ժամը 23։58-ին (ուշադրություն դարձրեք հրապարակման ժամին, չէին համբերում ու պետք էր ժամ առաջ հրապարակել այդ նյութը) МОСКВА-БАКУ.RU էլեկտրոնային պորտալը իր կայքում տեղադրեց հոդված՝ «Ռուսաստանցի փորձագետ. Փաշինյանն առայժմ վախենում է նոր հակառուսական քայլեր անել» վերնագրով, որում, մասնավորապես, նշվում է. «Հայկական մամուլը եզրակացություն է արել այն մասին, որ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել լիովին իրեն ենթարկեցնել Ստեփանակերտը։ Փաշինյանի համար Ղարաբաղը մնում է Վանդեայի նման մի ինչ-որ բան, «հակահեղափոխության պլացդարմ»։ Այն մասին, թե կարող է արդյոք Երևանը վերջապես ճնշել ղարաբաղյան կլանի դիմադրությունը, «Մոսկվա-Բաքու» պորտալի հարցազրույցում մտորում է Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը (Ափշերոնյան ինտերնետ պորտալի զարմանալի հետաքրքրվածությունը «վերջապես ղարաբաղյան կլանի դիմադրության ճնշմամբ» - Ա.Գ.)։ Հարց. «Սերգեյ Ալեքսանդրովիչ, այս շաբաթ լրացավ Փաշինյանի իշխանության գալու մեկ տարին։ Ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում նրան այդպես էլ չհաջողվեց թուլացնել, մասնատել ղարաբաղյան կլանը (գուցե տպավորություն ստեղծվի, որ Ն.Փաշինյանին հենց այդ առաքելությամբ էլ իշխանության են բերել, այ քեզ փորձանք, առայժմ չի ստացվում – Ա.Գ.)։ Անջատողական ռեժիմի առաջնորդները չեն վախենում բացահայտ քրթմնջալ այն առիթով, որ իրենց առաջնորդ Քոչարյանին չեն թողել գոնե մեկ օրով մասնակցելու տոնին»։ Սերգեյ Մարկովի պատասխանը. «Ակնհայտ է, որ ղարաբաղյան կլանը պահպանել է միասնականությունը, պահպանել է ազդեցությունը Հայաստանում, այն մնում է Հանրապետական կուսակցության քաղաքական սիրտը։ Կլանի ներկայացուցիչների համար շատ կարևոր է միասին մնալ, չէ՞ որ միայնակ լինելու պարագայում Նիկոլ Փաշինյանը նրանց կխեղդի» (նորից զարմացնում է քաղաքագետի վստահությունը «ժողվարչապետի» գործողությունների կանխորոշվածության և միանշանակության հարցում Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարների հանդեպ – Ա.Գ.)։ Հարց. «Երևանյան մամուլն արդեն գրել է, որ Ղարաբաղը (Արցախը) մնացել է «հակահեղափոխության օջախ»։ Ի պատասխան Փաշինյանը գրել է իր Facebook-ում. «Եթե որևէ մեկը փորձի Արցախը վերածել հակահեղափոխության օջախի, ապա Արցախի ժողովուրդը այն կվերածի հեղափոխության օջախի»։ Կարելի՞ է արդյոք ասել, որ Փաշինյանը սպառնում է կրկնել Ստեփանակերտում անցած տարվա սցենարը»։ Ս.Մարկով. «Այո, ընդ որում՝ ավելի կոշտ սցենարով։ Մեկ տարի առաջ հեղափոխություն տեղի ունեցավ, թեև ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությամբ, բայց և այնպես, տեղի ունեցավ հիմնականում ինքնուրույն» (դատելով Ս.Մարկովի տոնայնությունից՝ նա ուրախ է հեղափոխության, բայց իրականում պետական հեղաշրջման համար, գուցե նրան մի փոքր հուսահատեցնում է այն, որ հեղաշրջումը նախաձեռնել են ԱՄՆ-ը և Եվրամիությունը)։

 

Ըստ երևույթին, Ս.Մարկովը գտնվում է գրագրության մեջ Նիկոլ Վովաևիչի հետ, քանզի հավատացել է հեքիաթին, թե «հեղափոխությունը հիմնականում տեղի է ունեցել ինքնուրույն», կամ նա ս.թ. մայիսի 13-ին Minval. Az-ում հրապարակված հոդվածի տպավորության տակ է՝ «Փաշինյան. Մենք Հայաստանում հեղափոխության վրա $200 հազար ենք ծախսել» վերնագրով (նշենք, որ հոդվածում տեղ են գտել կտորներ ՌԲԿ-ին Ն.Փաշինյանի տված հարցազրույցից – Ա.Գ.)։ Իսկ հարյուր միլիոնավոր դոլարները, որոնք ահա արդեն մի ամբողջ տասնամյակ կանոնավոր հիմունքներով ուղղվել են «հեղափոխության թիավարներին» աջակցելու համար՝ որպես սորոսյան և այլ գրանտներ, դա հաշիվ չէ։ Այնուհետև Ս.Մարկովը, «փոխհատուցելով», այսպես ասենք, ադրբեջանական չափանիշներով բարոյական պարգևատրումը, շարունակում է. «Եթե հեղափոխական իրադարձություններ տեղի ունենան էլ Ստեփանակերտում (Խանքենդի), ապա դրանք կհրահրվեն Երևանից։ Երևանը նախկինի պես Ղարաբաղը համարում է Հայաստանի մաս լայն իմաստով, նա շարունակում է լիովին վերահսկել Ղարաբաղի և՛ բյուջեն, և՛ զինված ուժերը։ Ինչպես հայտնի է, այդ Հայաստանի Զինված ուժերն են զավթել Ղարաբաղը, այլ ոչ թե իրենք՝ ղարաբաղցիները (որքան վարձու պետք է լինել ափշերոնյան կաշառատուների կողմից նման ստոր սուտ տարածելու համար, որը վիրավորում է ավելի քան քսանհինգ հազար զոհված և վիրավորված ղարաբաղցի ազատամարտիկների, նրանց հարազատների ու մերձավորների սրբազան զգացումները, որոնք ադրբեջանցի պատժիչներից իրենց Հայրենիքի ազատագրման համար մահու և կենաց կռիվ տվեցին – Ա.Գ.)։ Բայց այն բանից հետո, երբ հեղափոխական իրադարձություններ կլինեն, նրանք, կարծում եմ, կաջակցվեն նաև իրենց՝ ղարաբաղցիների կողմից, չէ՞ որ Փաշինյանը պոպուլյար է Ղարաբաղի հայ համայնքում»։

 

Չէի ցանկանա սույն քաղաքագետի այլ մտքերն էլ ներկայացնել, բայց մի բանում նա, անշուշտ, ճիշտ է, երբ պնդում է. «Եթե ճիշտ լինենք, ապա դա Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա վաղեմի զինակից Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժն է (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի դատը – Ա.Գ.)»։ Ս.Մարկովի հարցազրույցում ցնցում են նրա անթաքույց հոգացողությունը, արդարացնող խորհրդածությունները տխրահռչակ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ։ Այսպես, պատասխանելով հարցին, թե... ինչո՞ւ Փաշինյանը չկարողացավ պաշտպանել սեփական շրջապատի մարդուն, Մարկովն ասաց. «Պայքար է ընթանում տարբեր խմբավորումների միջև։ Եվ ղարաբաղյան կլանն էլ պահպանում է իր ազդեցությունն ուժային կառույցներում (զարմանալի սրտակցություն և բացահայտ ռուսատյացին, սորոսյան գրանտակեր Դավիթ Սանասարյանին արդարացնելու ցանկություն – Ա.Գ.)։ Փաշինյանին առայժմ չի հաջողվել լիովին իրենց վերահսկողության տակ դնել ուժայիններին (ըստ երևույթին, Ս.Մարկովին դա առանձնապես ցավեցնում է – Ա.Գ.)։ Այդ պայքարը շարունակվում է։ Հավանաբար, ձերբակալությունը նման պայքարի տեսանելի մասն է... Բայց ճշգրիտ կարելի է ասել՝ ուժայինները փորձում են պաշտպանել իրենց ինքնավարությունը, նրանք մնում են Քոչարյան-Սարգսյան և ընդհանրապես Հանրապետական կուսակցության խմբավորման ինտեգրված մասը»։

 

Պատկառելի ստաժ ունեցող բացահայտ հայատյացի նման արտահայտությունները, նրա ձգտումը՝ իմիջիայլոց, հենց այնպես աջակցել և սրտակցել «դժվարություններին», որոնց բախվում է Նիկոլ Վովաևիչը, փոքր-ինչ էկզոտիկ հիշողություններ են առաջ բերում, թող ների ինձ ընթերցողը անկեղծությանս համար, երբ շոգեբաղնիսում լոգանք ընդունողներից մեկին առաջարկում են լողազգեստ հագնել կամ հանել պարանոցի խաչը, որպեսզի վստահություն առաջացնեն իրենց արտահայտած մտքերի հանդեպ։ Մի խոսքով՝ այս «ռուսաստանցի» քաղաքագետի դատողություններից շատ ուժեղ ադրբեջանական նավթի հոտ է գալիս։

 

Տագնապ է առաջացնում այլ բան, որ առանձին ռուսաստանցի քաղաքագետների կողքին Ն.Փաշինյանի ռեժիմի պաշտպաններ են գրվել նաև միանգամայն տարաշխարհիկ կազմակերպություններ, օրինակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին առընթեր ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council)։ Բնավ պատահաբար չէ, որ հիշատակեցի Atlantic Council-ի մասին։

 

Այսպես, ս.թ. մայիսի 3-ին «Ազատություն» ռադիոն (Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոյի հայկական բաժանմունքը) հրապարակել է հոդված՝ «Խարդախ խմբերը «փաստերի ստուգման» անվան տակ արշավ են վարում Հայաստանի դեմ - Atlantic Council» վերնագրով, որում, մասնավորապես, գրված է. «Հայաստանի վարչապետի և կառավարության դեմ սոցիալական ցանցերում իրականացվում է համակարգային արշավ, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան, պնդում է ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնը»։ Atlantic Council-ի դեմոկրատիայի ջատագովները վկայակոչում են Թվային քրեական հետազոտությունների լաբորատորիայի (Digital Forensic Research Lab) փորձագետների հետաքննությունը, որի համաձայն. «Ինչպես ցույց է տալիս հետաքննությունը, անցած ամիսներին որոշ ընդդիմախոսներ (Ն.Փաշինյանի – Ա.Գ.) միավորվել են #SutNikol հեշթեգի ներքո և սկսել բարդ արշավ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների վարկաբեկմանը ապատեղեկատվության և կանխակալ տեղեկատվության տարածման ճանապարհով»։ Բնականաբար, հարց է ծագում. իսկ ըստ էության ի՞նչ իրավունքով է ՆԱՏՕ-ին առընթեր վերլուծական կենտրոնն իրեն իրավունք վերապահում ուղղակի միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին՝ ստանձնելով գրաքննիչի դերը։ Ընդ որում՝ միջամտում է մի պետության ներքին գործերին, որը նաև ՀԱՊԿ անդամ է։

 

Այդ ի՞նչ սաստիկ վախից են նրանք իրար խառնվել՝ զեկույցում նշելով, որ «այդ գործողություններն անկեղծ չեն (դե հա, նրանց համար հո շատ հեռու են անկեղծ, Սորոսի կողմից վճարվող տարբեր գրանտակերների գործողությունները – Ա.Գ.), և նրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր»։ Այնուհետև լաբորատորիան նշում է կազմակերպություններ, որոնք միավորվել են «Սուտ Նիկոլ» հեշթեգում։ Հիշատակենք նաև մենք այդ հայրենասիրական հասարակական կազմակերպությունների անվանումներն ու հիմնադիրներին, որոնք կյանքը Հայաստանում տեսնում են այնպիսին, ինչպիսին կա իրականում, և որ գլխավորն է՝ նրանք իրենց տեսլականը բաց, անկեղծ հասցնում են ՀՀ սորոսյան քարոզչությամբ խաբված քաղաքացիներին։ Դրանք են AntiFake.am (հիմնադիր՝ Նարեկ Սամսոնյան), «Ադեկվադ» (հիմնադիրներ՝ Արթուր Դանիելյան և Նարեկ Մայիլյան) և Blog News (հիմնադիր՝ Կոնստանտին Տեր-Նակալյան) ինտերնետ պորտալները։ «Ի հեճուկս անկախության և չեզոքության մասին հայտարարությունների՝ AntiFake.am-ի բովանդակությունը հիմնականում կենտրոնացած է Փաշինյանի վարկաբեկման վրա,- նշում են Atlantic Council-ի փորձագետները՝ շարունակելով,- առավել քննարկվող հոդվածները պարունակում են հասարակությունը բաժանող քաղաքական մեկնաբանություններ (կարելի է մտածել, որ տարատեսակ գրանտակերները, հարյուր միլիոնավոր դոլարներ ստանալով, քրտնաջան միավորել են հայ հասարակությունը, այն չեն բաժանել «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» - Ա.Գ.), չհիմնավորված տեղեկություններ, որոնք պնդում են, որ Փաշինյանն այցելել է գործարան, որը գոյություն չունի, կամ որ Փաշինյանն իրեն վերագրում է նախորդ կառավարության հաջողությունները»։

 

Ես հատուկ եմ այսքան մանրամասն մեջբերումներ կատարում, որպեսզի ցույց տամ, թե «որքան թանկ է» Նիկոլ Վովաևիչը ՆԱՏՕ-ական Atlantic Council վերլուծական կենտրոնի համար։ Իսկ նրանց գլխավոր եզրահանգումներից մեկն այն է, որ «Atlantic Council-ի փորձագետները պնդում են, որ իրենք գտել են հստակ ապացույցներն այն բանի, որ, գոնե, AntiFake.am-ը լիովին չի վերահսկվում Հայաստանից։ Դոմենի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի վեբ-հասցեն գրանցված է Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում։ Ավելին, փորձագետները նշում են, որ այդ դոմենի և դրա պատասխանատու անձի գրանցման տվյալները Whois.am-ում փակ են «անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով»։ «Դա ենթադրում է, որ AntiFake.am կայքի պատասխանատուները քայլեր են ձեռնարկել, որպեսզի թաքցնեն իրենց ինքնությունը,- նշում են փորձագետները՝ ընդգծելով, որ իրենք գտել են ապացույցներ, որ AntiFake.am-ը կարող է կապված լինել Ռուսաստանում գրանցված անձանց կամ կազմակերպությունների հետ»։ Ընթերցելով այս զեկույցից քաղվածքներ՝ ակամա գալիս ես մի խև մտքի, որ Հայաստանում գործող բոլոր ինտերնետ պորտալները ՆԱՏՕ վերլուծական կենտրոնի «կափարիչի տակ» են։ Եվ հանկարծ որտեղից որտեղ իր մասին հայտարարում է «Սուտ Նիկոլ» հեշթեգը և նրա վրա ազդեցություն ունեցող 4 անձինք, որոնք չեն անցել Atlantic Council-ի մաղով։ Կարծում եմ, որ վերջին տարիներին Հայաստանում Atlantic Council-ի կողմից իրականացվող մանրազնին աշխատանքը չէր կարող չպսակվել հաջողությամբ, այն է՝ երկրում պետական հեղաշրջման իրականացմամբ մի երկրում, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և մի մարդու իշխանության բերելով, որին խորթ են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իսկական ազգային շահերը։ Որպեսզի իմ այսքան խիստ գնահատականը չընկալվի հուզական հարթությունում, երկու օրինակ բերեմ Հայաստանի «ժողվարչապետի» քաղաքական կենսագրությունից։

 

Այսպես, 2018թ. հոկտեմբերի 22-ին ռուսաստանյան REGNUM լրատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Հայաստանը գնալու է Մանդելայի կամ Մուգաբեի ճանապարհով» վերնագրով, որում սևով սպիտակի վրա գրված է. «Հիշենք, որ ՀՀ ԱԺ 2018թ. մայիսի 1-ի հատուկ նիստում, որի օրակարգում էր ՀՀ վարչապետի ընտրության հարցը, խորհրդարանի Հանրապետական կուսակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը և Միհրան Հակոբյանն իրենց ելույթներում հնչեցրին և գործընկերներին ներկայացրին «Հայկական ժամանակ» թերթի 2001թ. մայիսի 22-ի համարը, որում տպագրված էր հոդված այն ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: Հոդվածը լույս է տեսել պաթետիկ «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով: Հոդվածում Ն.Փաշինյանը, մասնավորապես, գրում է. «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք` ազատագրված, եթե կուզեք` օկուպացված տարածքների վերաբերյալ: Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին... Ախր էս երկիրը (նկատի ունի Հայաստանը - Ա.Գ.) տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին» (ընդգծումն իմն է - Ա.Գ.):

 

Հետևելով իր իսկ խորհուրդներին՝ Նիկոլ Վովաևիչը «հողը պահում է սիրով, իմացե՛ք», միայն թե նրա սիրո դրսևորումը միանգամայն ինքնատիպ է, այն է. մարդկանց, որոնք հերոսաբար անցել են Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի քուրայով, Ն.Փաշինյանը ահաբեկում է՝ վախեցնելով նրանց Արցախը հեղափոխության օջախի վերածելով։

 

Իսկ հիմա մեկ այլ փաստ մոտ ժամանակների պատմությունից, որը բավական համոզիչ վկայում է, մեղմ ասած, «ժողվարչապետի» անսկզբունքայնության մասին։ Այսպես, 2017թ. հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանում արտահերթ կարգով դիտարկվեց Եվրասիական տնտեսական միությունից (այսուհետ՝ ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու մասին խորհրդարանի հայտարարության նախագիծը։ Նույն օրը տեղի ունեցավ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի քվեարկությունը։ Հայտարարության ընդունմանը «կողմ» քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։ Նշենք նաև, որ նախագիծը ներկայացվել էր «Ելք» ընդդիմադիր դաշինքի կողմից։ Հատկանշական է այլ բան. ընդամենը մեկուկես տարի հետո, արդեն 2018թ. ապրիլի 30-ին վարչապետի թեկնածուն Ազգային ժողովում, ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցի, թե որ հայտարարությունը պետք է հիմք ընդունել՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքը, ով հիմա հայտարարում է. «Գաղտնիք չէ, որ ես անձամբ քվեարկել եմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ, ինչը նշանակում է, որ ես չեմ աջակցել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը։ Բայց և այնպես, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք, լինելով քաղաքական և պետական գործիչներ, պետք է հաշվի առնենք իրողություններն ու փաստերը», ըստ էության, Փաշինյանը խոստովանում է, որ ստիպված է հաշվի նստել փաստերի հետ, իսկ նրա սիրտը, Ուիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի ծերունու սրտի պես, «մնացել է լեռներում»՝ Շոտլանդիայում, իսկ մեր պարագայում՝ Արևմուտքում, որը ոչ մեկ տասնամյակ տարբեր գրանտների միջոցով ֆինանսավորել է Նիկոլ Վովաևիչի համախոհներին, որոնք 2018-ի ապրիլ-մայիսին իրականացրին պետական հեղաշրջում, որն այնքան հուզաթրթիռ պաշտպանվում է Atlantic Council և Ко-ի կողմից։

 

Հետգրության փոխարեն. Չէի ցանկանա մայիսյան տոնական օրերին հոդվածս ավարտել մինորային նոտայով։ Միանգամայն ակամա մտաբերեցի Կովկասում ռուսական բանակի գեներալ Պավել Ցիցիանովի խոստովանությունը։ 1805թ. կայսր Ալեքսանդր 1-ինին նա գրել է. «Շուշան մի կողմից շրջապատված է բարձր քարե պատնեշով, իսկ մյուս կողմից ամրացված է բնական բարձր ուղղահայաց ժայռերով, որոնց դեմ պաշարման ժամանակ անզոր է ցանկացած ռազմական ստրատեգիա»։ Իսկ ցարական գեներալ, պատմագիր Վասիլի Պոտտոն 1826-ին գրել է. «Այս ամրոցը գրավել բաց ուժով գրեթե հնարավոր չի թվում»։ Եվ այսպես, 187 տարի հետո, 1992թ. մայիսի 8-ին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը սկսվեց և ավարտվեց Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Սփյուռքի կամավորների հաղթանակով։ Այսօր, «Հարսանիք լեռներում» փայլուն իրականացված գործողության որոշ ղեկավարներին սևացնելու պարզունակ փորձերի ֆոնին, ցանկանում եմ անկեղծ երախտագիտության խոսք ասել Արցախի ազգային-ազատագրական պատերազմի բոլոր ազատամարտիկների հասցեին։ Չեմ թաքցնում, որ այս օրերին, երբ Հաղթանակի վառ խորհրդանիշներից մեկը՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ենթարկվում է քաղաքական վենդետայի այն գաղափարախոսների կողմից, որոնք իրենց փառազրկել են «Լևոն Տեր-Պետրոսյան. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Ժամանակն է լրջանալու» կամ «Նիկոլ Փաշինյան. Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» հոդվածներով, ակամա խորհեցի այն մտքերի շուրջ, որոնք հնչել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հարցազրույցում, որը նա ս.թ. մայիսի 9-ին տվեց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։ «Պետք է ուղղակի ասեմ, որպեսզի ինչ-որ կերպ կանխեմ տարբեր անբարեխիղճ հայտարարությունները, անբարեխիղճ վերաբերմունքը շատ երկար տարիների ընթացքում, որ գործողությունը (Շուշիի ազատագրումը) ղեկավարել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Գործողությանը մասնակցել են միայն կամավորները, բայց նաև կարևոր է, որ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարները։ Ռոբերտ Քոչարյանը՝ Լաչինի կողմից, պարզապես որպես զինվոր, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը՝ հենց նոր ձևավորված Ստեփանակերտի վաշտում...»։ Խորամուխ եղեք, խնդրեմ, հարգելի ընթերցող, որ Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարը, որպես հասարակ զինվոր, ավտոմատը ձեռքին իր զինակիցների հետ կերտել է Հաղթանակը։

 

Հ.Գ. 2019թ. մայիսի 12-ին «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը։ Արցախի և Հայաստանի նախկին նախագահի տիկինը, ելույթ ունենալով շնորհանդեսին, նշեց, որ գիրքը սովորեցնում է սիրել Հայրենիքը։ Դե ինչ, ճիշտ է ասված, բայց իմ կողմից ավելացնեմ. սիրել Հայրենիքն այնպես, երբ պատրաստ ես կյանքդ տալ հանուն նրա։ Նման սիրո կենդանի մարմնացումներն են Արցախի հերոսները...

 

Աղբյուրը` ИА REGNUM

 






Դիտումների քանակ 97364


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հուլիսի 9, 2019


Եվ այսպես, 2019թ. հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 28-րդ նստաշրջանը։ Ինչպես ...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Հունիսի 28, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ միքայելյան սասունը կատաղած է Փաշինյան Նիկոլի վրա և կարող է անգամ հրաժարվել մանդատից: Վազգեն Սարգսյա...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է զորքերի դուրսբերման և ինչ-որ խաղաղապահ ուժեր տեղա...

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Հունիսի 24, 2019


Սա էստրեմիզմի ծայրահեղ դրսևորում է: Դեռ երբեք ՀՀ ղեկավարները չեն ակնարկել ներքին թշնամիների գոյության մասին, թեպետ մենք միշտ ու...

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Հունիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլի սիրած իրավաբան գրիգորյան վահեն Հայաստանի լակոտակրատիայի ամենավտանգավոր, ամենաէքստրեմիստ, ամենադեմագոգ և արևմտամ...

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Հունիսի 21, 2019


Ըստ ամենայնի, Վալերի Օսիպյանը քաքն է ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Այսօր լրագրողները նրան հարցնում են, թե ինչու նա չի թույլատրու...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ