Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019
Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Արտաշես Գեղամյան

 

Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարին կամեցողները» կփորձեն պետականության քանդման այդ տեխնոլոգիաներն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի հանրապետություններում։ Ավաղ, դրանում կասկածել չարժե։

 

«Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը» հոդվածում ես արդեն մանրամասն նկարագրել եմ «Հայաստանում հետհեղափոխական բարեփոխումների ԱՄՆ աջակցության արդիականացումը» ծրագրի էությունը, որը հրապարակվել է 2019թ. փետրվարի 14-ին Քարնեգի ֆոնդի կայքում, Ռեյ Սալվատորե Ջենինգսի՝ հայտնի գիտնականի ու զարգացման գծով մասնագետի համանուն հոդվածում։ Դրանում կոնկրետ օրինակներով բացահայտվել է այդ ծրագրի իրագործման գործընթացի օրգանական կապը լայնորեն կիրառվող երաշխավորությունների պայմաններում, որոնք պարունակվում են ամերիկացի հայտնի քաղաքագետ և հասարակական գործիչ Աբրահամ Նոամ Խոմսկու «Զանգվածների կառավարման 10 միջոց» հոդվածում։ Այդ հրապարակման վերլուծության արդյունքներով եզրակացություն է արվել, որ միստր Ջենինգսի ծրագիրն իրագործման պարագայում լուրջ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար։ Երբ Հայաստանում հաջողությամբ պսակվեց սոցիալական փոփոխության հետևողականորեն իրականացված տեխնոլոգիան՝ համաձայն «բռնապետական ռեժիմի» «խաղաղ եւ ոչ բռնի» տապալման Ջին Շարփի երաշխավորությունների, ապա «խափանարար նորմերի ներդրման» տեխնոլոգիայի զուգահեռ կիրառման դեպքում դա իր ամբողջության մեջ կարող էր սպառնալ հայոց պետականության հիմքերի խափանմամբ։ Խոսքն ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Օվերթոնի տեխնոլոգիայի կիրառման մասին է, որի համաձայն՝ կարելի է հասարակությունում ներդնել նախապես քայքայիչ սոցիալական նորմեր։ Այդ տեխնոլոգիան, որը հայտնի է որպես «Օվերթոնի պատուհան», աշխատում է հասարակական ինստիտուտների, հասարակության հոգևոր արժեքների և ավանդական մշակութային նորմերի քանդման ուղղությամբ։ Ընթերցողներին տեսական մտահանգումներով չհոգնեցնելու համար, որոնք բացահայտում են «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիայի էությունը, մեր կյանքում դրա կիրառման կոնկրետ օրինակներ ներկայացնենք։

 

Այսպես, 2016թ. հուլիսի 17-ի կիրակի առավոտյան զինված մարդկանց մի խումբ ներխուժեց Երևան քաղաքի պարեկապահակետային ծառայության (այսուհետ՝ ՊՊԾ) գնդի տարածք։ Գրավումը կատարվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման կողմնակիցների կողմից, որը քրեական գործի շրջանակում (մի խումբ անձանց կողմից զենքի ապօրինի պահման փաստով) 2016թ. հունիսի 23-ին ձերբակալվել էր 2 ամսով։ Նշենք, որ հարձակման ժամանակ զոհվեցին ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը, իսկ ՊՊԾ շենքի գրավումից մեկ շաբաթ անց սպանվեց ոստիկանության զորքերի ծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը։ Հիշենք նաև, որ զինված խմբի մոտ շենքի գրավման օրը պատանդ էր վերցվել վեց ոստիկան, նրանց մեջ էր նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հատկապես նշենք, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո ՀՀ նախագահի 2018թ. մայիսի 10-ի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում։ Այն տագնապալի օրերի իրադարձությունների պատկերն ամբողջականացնելու համար նշենք, որ Երևանի ՊՊԾ գնդի շենքի գրավման իններորդ օրը, ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային վիրավորում ստացան զինված խմբի չորս անդամներ, որը նույն օրը պատանդ վերցրեց շտաօգնության չորս աշխատակիցների, այդ թվում՝ կնոջ։ Նշենք, որ նրանք ՊՊԾ տարածք էին եկել վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այն ողբերգական օրերի այսքան մանրամասն նկարագրությունից հետո տեղի ունեցավ, թվում է, թե անհավանականը. «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից ՊՊԾ շենքի գրավումը դարձավ Երևանում բազմահազարանոց ցույցերի և հանրահավաքների պատճառ, որոնց մասնակիցները, չէ՜, չէ՜, հարգելի ընթերցող, չէին պահանջում արդար պատիժ անմեղ ոստիկաններին սպանողների համար, որոնք ՊՊԾ գրավման օրը կատարում էին իրենց պարտքը, այլ հանդես էին գալիս ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՊՊԾ շենքի գրավման 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի անձնական ցուցումով նախաձեռնվել էին բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խուսափեն մարդկային զոհերից։ Բնականաբար, ցանկացած առողջ դատող մարդ հարց կտա. ինչպե՞ս կարող էր պատահել, որ քրիստոնեական Հայաստանում բացահայտ իրականացվում են հանրահավաքներ ոչ թե ոստիկաններին սպանողների արդար հատուցման պահանջով, այլ ի պաշտպանություն նրանց սպանողների։ Եվ այստեղ հարկ է հստակ գիտակցել, որ մենք դարձել ենք պետության գլխավոր հասարակական ինստիտուտներից մեկի՝ ոստիկանության քայքայման փաստի հետևանքների, նրա հանդեպ հավատի խորտակման վկան։ Այսինքն՝ սա առաջին փուլն է, առաջին քայլը «հնարավորությունների պատուհանի» («Օվերթոնի պատուհանի») շրջանակում։ 2016թ. հունիս-հուլիսին Երևանում տեղի ունեցավ մինչ այդ որպես աներևակայելի բնութագրվող՝ Երևանի ՊՊԾ շենքի գրավումը, որն այժմ նույնիսկ արմատական չի որակվում, այսինքն՝ պարզ ասած, Հայաստանի շատ ու շատ քաղաքացիների համար ակնհայտ դարձավ, որ գործողությունները, որոնք մինչ այդ որակվում էին որպես աներևակայելի, հիմա ընկալվում են որպես «ըստ էության հնարավոր»։ «Օվերթոնի պատուհանում» երկրորդ քայլը հանգում է նրան, որպեսզի հանրային գիտակցությունում, մեր պարագայում՝ Հայաստանի բնակչության գիտակցությունում հաստատվի գաղափարը, որ ՊՊԾ գնդի շենքի գրավումը բնավ եզակի երևույթ չէր, քանի որ նման դեպքեր եղել են և նախկինում, այսինքն՝ գործ ունենք միանգամայն զանգվածային երևույթի հետ։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ՊՊԾ շենքի գրավման օրերին առանձին լրատվամիջոցներում, որոնք Հայաստանում «դեմոկրատիայի խորացման և քաղաքացիական հասարակության կայացման կողմնակիցներ են», հայտնվեցին հրապարակումներ իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 1989-1990-ական թթ.։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ այն տարիներին Երևանի անզեն, կրկնում եմ՝ անզեն քաղաքացիները «գրավում» էին ներքին գործերի շրջանային բաժինները՝ այնտեղ առկա զինվորական հանդերձանքի և զենքի «զավթմամբ»։ Հետագայում այդ «ռազմական ավարներն» անհապաղ ուղարկվում էին Լեռնային Ղարաբաղ, որտեղ մեր հայրենակիցները դաժան մարտեր էին մղում Ադրբեջանի ժողովրդական ճակատի մինչև ատամները զինված, գազազած կողմնակիցների դեմ, որոնք այդպես էլ մնացին անպատիժ Բաքվում 1990թ. հունվարի 13-20-ին հայերի դեմ կազմակերպված ջարդերից ու հաշվեհարդարներից հետո։ Այդ օրերի արյունալի իրադարձությունների մասին հարյուրավոր հոդվածներ և փաստագրական տեսակադրեր կան (https://www.xaplakalcat/forum28/topic1526712.html, «Ինչպես էին սպանում հայերին և ռուսներին Բաքվում 1990թ. հունվարին», տեսանյութ), բայց դա առանձին վերլուծության թեմա է։ Հանուն օբյեկտիվության նշենք, որ 1990թ. մայիսի 27-ին Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ուղեվարների կողմից կազմակերպվեց ահավոր սադրանք՝ «ինքնապաշտպանության ջոկատների» (նրանք իրենց անվանում էին նաև «քաղաքացիական միլիցիայի» անդամներ) զինված հարձակում Երևանի ներքին զորքերի օպերատիվ գնդի պահակախմբի վրա։ Ավելի ուշ, այդ նույն օրը, շարունակվեցին բախումները ՀՀՇ գրոհայինների և ԽՍՀՄ Ներքին զորքերի՝ Հայաստանում, Սովետաշենի խճուղում տեղակայված ստորաբաժանումների միջև։ Արդյունքում՝ 1990թ. մայիսի 27-ին զոհվեցին Ներքին զորքերի երկու սպա և երկու զինծառայող, 16 քաղաքացիական անձինք և «ինքնապաշտպանության ջոկատների» անդամներ։ Այս ողբերգական արյունահեղությունը Երևանում մանրազնին մշակված սադրանք էր, որի նպատակն էր՝ պատահածի ողջ պատասխանատվությունը, բոլոր մեղադրանքները հասցեագրել Մոսկվային և դրանով իսկ ստեղծել հակախորհրդային տեղեկատվական ֆոն։ Բավական է ասել, որ 1990թ. մայիսի 28-ին բազմահազարանոց սգո հանրահավաքում ՀՀՇ վարչության անդամները հայտարարեցին, որ տեղի ունեցած ողբերգությունը Մոսկվայի և հանրապետության իշխանությունների սադրանքն է, որոնք փորձում են ամեն գնով խափանել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլը։ Եվ ահա, հարգելի ընթերցող, 1989թ. նոյեմբերից մինչև 1990-ական թթ. ձեր խոնարհ ծառան այդ ողբերգական իրադարձությունների էպիկենտրոնում էր։ Հերթական անգամ ցանկանում եմ ընդգծել, որ 1990թ. մայիսի 27-ին, եթե ինձ հետ չլինեին խիզախ ազատամարտիկների ջոկատներից մեկի հրամանատար Ռուբեն Գևորգյանը (Արցախի ազգային-ազատագրական պատերազմի լեգենդար հերոս Սամվել Գևորգյանի եղբայրը), հայտնի հասարակական գործիչ Վարդան Հակոբյանը, քաջ ազատամարտիկ Կիլիկիացի Մացիկը և Մանվել Քոչարյանը, որը խաչաձև կրակի տակ մեզ հասցրեց մինչև Սովետաշենում գտնվող 7-րդ բանակի շտաբ, չէին լինի նաև բանակցությունները համաբանակային 7-րդ բանակի քաղբաժնի պետ, գեներալ-մայոր Միխայիլ Սուրկովի հետ։ Կարելի է վստահաբար ասել, որ այն ժամանակ այդ օրը զոհերի թիվը հարյուրների կհասներ (տեսակադրերը 1990թ. մայիսի 27-ի իրադարձությունների մասին տե՛ս www.amiab.am/ru/video/92-elestions/715-amiab2003.html, սկսած 37-րդ րոպեից մինչև 42-րդ րոպեն)։ Կարծում եմ, այժմ էլ ՊՊԾ շենքի գրավման այդ միանգամայն ոչ կոռեկտ համեմատություններն այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 1989-1990-ական թթ., բնավ տեղին չեն։ Սակայն այս ողջ՝ նախապես կողմնակալ տեղեկատվական գրոհում նկատվում է ընդհանուր ուղղվածություն՝ Հայաստանում հակառուսական, ռուսատյաց տրամադրությունների հրահրում։ Եվ դա միանգամայն սպասելի է, քանի որ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը բացահայտ հայտարարում էր և հայտարարում է հիմա էլ ռուս-հայկական հարաբերությունների լիակատար վերանայման անհրաժեշտության մասին դեպի դրանց մակարդակի իջեցում ռազմավարականից սովորական կապերի մակարդակի «տարածաշրջանային տերություններից մեկի հետ»՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և անգամ ԱՊՀ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու ճանապարհով։ Իր այս ծայրահեղ վտանգավոր արտաքին քաղաքական արկածախնդրությունը նա հիմնավորում է «ռուսական իմպերիալիզմից Հայաստանի ազատագրման» անհրաժեշտությամբ։ Կարելի է էլի շարունակել Սեֆիլյանի գլխավորած «Սասնա ծռեր» կուսակցության «հեղափոխական» արտաքին քաղաքական «հակումները». դիցուք՝ Հայաստանից ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերում, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման անվավեր ճանաչում, հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մասին համաձայնագրի խզում։ Եվ ահա, նման բացահայտ արտահայտված հակապետական, Հայաստանի անվտանգության հիմքը խափանող նախաձեռնությունները տեղի են ունենում «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիայի երկրորդ քայլին լիովին համապատասխան, այսինքն, երբ տեղի է ունենում «պատուհանի» շարժ արմատականից (Ժ.Սեֆիլյանի արտաքին քաղաքական արկածախնդրական առաջարկությունից) դեպի հնարավորը։ Չէ՞ որ այդ փուլում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք չէին կարող չքաջալերել Սեֆիլյանին և նրա նմաններին այդօրինակ «սխրանքի»։ Բավական է ասել, որ 2018թ. նոյեմբերի 3-ին ուժի մեջ մտավ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ քրեական համաներման մասին օրենքը։ Համաներումը, մասնավորապես, տարածվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա։ Դիմենք այսպես կոչված Օվերթոնի քանոնին, որը վառ ցուցադրում է գործողությունների հաջորդականությունը, որոնց կատարումն անպայման հանգեցնում է ցանկալի արդյունքի. աներևակայելիից արմատականի, հետո ընդունելիի – խելամիտի – պոպուլյարի - քաղաքականության։ «Սասնա ծռերի»՝ համաներման տակ ընկնելու փաստն իսկ ոչ միայն ընդունելի, այլև խելամիտ որոշում ճանաչվեց։ Ռազմականացված «Սասնա ծռեր» խմբավորման հետագա վերափոխումը քաղաքական կուսակցության և նրա գործունեության լայն լուսաբանումը նրանց համար այդքան նոր ամպլուայում՝ գործնականում սոցիալական փոփոխությունների տեխնոլոգիաների օգտագործման դասական օրինակ են՝ աներևակայելից պոպուլյարի և վերջնարդյունքում՝ քաղաքականության։ Այս ամենն իր ամբողջության մեջ քայքայում է վստահությունը հայ հասարակությունում։ Ցանկանում ենք հուսալ, որ արդեն մեկ անգամ դաժանաբար խաբված Հայաստանի քաղաքացիներն իրավունք չունեն կուրորեն հավատալու, թե ինչ են ասում հանրահավաքներում կամ բազում ժամեր տևող մամուլի ասուլիսներում, թե ինչ են համարյա ամեն ժամ գովազդում հեռուստատեսությամբ ու այլ լրատվամիջոցներով, ինչի են կոչում ինտերնետ պորտալները։ Մինչ հանրահավաքում բողոքելը Հայաստանի քաղաքացիները պետք է մտածեն՝ արդյո՞ք իրենց բողոքը չի օգտագործվի տարատեսակ ռազմավարական տեխնոլոգիաներում ու սխեմաներում, որոնք բնավ չեն բխում հասարակության, պետության շահերից։ Ավելին, արդյո՞ք այն չի ծառայի ոչ թե սոցիալական, տնտեսական և այլ հրատապ խնդիրների լուծմանը՝ հանուն ինչի քաղաքացիները դուրս էին եկել հանրահավաքի, այլ կօգնի իրականացնել մեր հասարակությանը, հայկական ավանդույթներին խորթ դիրքորոշումներ, որոնք սասանում են պետականության հիմքերը։ Նշենք, որ այս օբյեկտիվ անվստահությունը, որը թելադրված է վերջին 10-11 ամիսների իրադարձություններով, էլ ավելի է իջեցնում վստահության մակարդակը մեր հասարակությունում, ինչն, ի վերջո, լուրջ մարտահրավեր է հասարակությանն առհասարակ, Հայաստանի սոցիալական և պետական իսնտիտուտների քայքայման սպառնալիք։

 

Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, թե միայն «Սասնա ծռերի» օրինակով եմ նման հեռուն գնացող եզրահանգումներ անում, այլ օրինակ էլ բերեմ։ Այսպես, 2018թ. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ԼԳԲՏ հանրույթի (Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առավել ակտիվ շարժիչ ուժերից մեկը) ներկայացուցիչները Երևանում ներխուժեցին Երևան քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժին և ծեծեցին երկու ոստիկանի, ինչը խոստովանեցին այդ գերատեսչության մամուլի ծառայությունում։ Պատճառը Հայաստանի մի քաղաքացու հարձակումն էր կանացի շորեր հագած տղամարդկանց վրա։ Կասկածյալին կալանեցին։ Հետո մամուլի ծառայության հաղորդման մեջ ասվում էր. «Այսպես կոչված տուժող կողմը պարզել էր, որ կասկածյալին կհասցնեն ոստիկանության կենտրոնական բաժին, հավաքվել է ոստիկանության շենքի առջև, և բերման պահին ծագել է ծեծկռտուք։ Իրավիճակը սրվել է, երբ փողոց են դուրս եկել բարձր հայհոյանքներից զայրացած («Նոր Հայաստանում» իրենց առանձնապես արտոնյալ զգացող գեյերի կողմից – Ա.Գ.) մերձակա տների բնակիչները»։ Իրադարձությունների նկարագրությունն իսկ, որոնք հետևել են ԼԳԲՏ հանրույթի այս զազրելի ակցիային, արդեն զզվանք է առաջացնում։ Նշենք, որ սույն փաստը անհերքելի ապացույց է «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիայի «հաջող» կիրառման, այսինքն՝ մենք վկաներն ենք իրադարձությունների զարգացման, երբ աներևակայելիից (ԼԳԲՏ հանրույթի գոյությունն իսկ արդի Հայաստանում, որը հանդիսանում է Հայկական Քրիստոնեական քաղաքակրթության դարավոր ավանդույթների շարունակողը) կատարվում է անցում դեպի այդ իրադարձությունների պոպուլյարացում Նիկոլ Փաշինյանի կառավարության նախարարների կողմից դրանց ընդունելու միջոցով, ինչը վերոնկարագրյալ խափանարար տեխնոլոգիայի իրականացման նմուշ է։ Կարելի է Հայաստանում հայկական հանրության ներսում վստահության քայքայման տեխնոլոգիայի, որը, ինչպես վերը նշեցինք, կոչվում է «Օվերթոնի պատուհան», իրական կիրառման այլ օրինակներ էլ բերել, ինչը խափանում է հայոց պետականության հիմքերը, բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա։ Կարևոր է նշել, որ եթե հիմա ամենաօպերատիվ կերպով ոչինչ չձեռնարկվի, ապա մոտ ապագայում մենք կդառնանք սոցիալական և պետական ինստիտուտների քայքայման վկաները, իսկ դա, իր հերթին, լուրջ հարված կհասցնի հայոց պետականության հիմքերին։

 

Այսպիսով, ընդհանրացնելով ս.թ. մարտի 21-ին REGNUM լրատվական գործակալությունում հրապարակված «Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը» հոդվածում ներկայացված նյութը և վերն ասվածը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. Հայաստանը դարձել է տարատեսակ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների (որոնք ներկայացված են Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն. ազատագրման հայեցակարգային հիմքերը», Էդվարդ Ն. Լյութվաքի «Պետական հեղաշրջում. գործնական ձեռնարկ», ինչպես նաև Աբրահամ Նոամ Խոյսկու «Լավատեսություն ի հեճուկս հուսահատության», «Ստեղծելով ապագան. օկուպացիաներ, ներխուժումներ, կայսերական մտածողություն և կայունություն» և այլ հեղինակների աշխատություններում) իրականացման ինքնատիպ փորձադաշտ։ Այս ճշմարտության գիտակցումը մեզ բերում է այն եզրահանգման, որ հայոց պետականության գոյության սպառնալիքը դառնում է ամենահրատապ խնդիրը մեր հասարակության բոլոր շերտերի համար՝ քաղաքական գործիչների, պետական ծառայողների, գիտնականների, գործարարների, կրթության ոլորտի աշխատողների, ֆերմերների, զինվորականների, երկրի սովորական քաղաքացիների։ Կարևոր է մեր հասարակության յուրաքանչյուր անդամի անհատական պատասխանատվության գիտակցումը Հայաստանի Հանրապետության, 8 միլիոնանոց հայկական սփյուռքի ճակատագրի համար։ Հարկ է հասկանալ, որ հայոց պետականության պահպանման խնդիրը հեռուն է գնացել և խիստ հրատապ դարձել, ուստի և անհնար է համարժեք տեխնոլոգիական պատասխան տալ այն մակարդակով, որում այն դրված է. հարկավոր է ավելի բարձր մակարդակի համակարգային պատասխան։ Հայոց պետականության գոյության մարտահրավերը պահանջում է զանգվածաբար բարձրացնել մեր քաղաքացիների հոգևոր և մտավոր մակարդակը, վերականգնել հայկական ընտանիքին, մեր ազգային հոգեկերտվածքին բնորոշ արժեքները, ընդ որում՝ ոչ թե ամենուրեք ոտնահարվող սոցիալական նորմերի, այլ անձնական քրիստոնեական արժեքների մակարդակով, որոնք խորապես բնորոշ են Հայաստանի և Արցախի Հանրապետության սովորական քաղաքացիներին։ Եվ դա չի կարելի անել «դիրեկտիվներով», հնչեցնելով գոյություն չունեցող ձեռքբերումներն ու դրական փոփոխությունները , որոնք, իբր, տեղի են ունենում Հայաստանում պետական հեղաշրջումից հետո։ Կարևոր է հասկանալ, որ մարդկանց հոգևոր և մտավոր մակարդակի բարձրացումն այս փուլում Հայաստանում հնարավոր է միայն անձնային արժեքների փոխանցման ճանապարհով, մարդկանց օրինակով, որոնք իրենց կյանքով են հաստատում այդ արժեքներին հավատարմությունը՝ օրեցօր իրենց նվիրելով շատ ավելի մեծ բանի՝ հանուն ընտանիքի, հարազատ գյուղի կամ քաղաքի, երկրի հաջողության։ Ինչ-որ շատ ավելի մեծ բանի, քան «մորթապաշտ շահերը»։

 

Ավաղ, այս փոփոխութունների (որոնց չկասեցման դեպքում կարող ենք հանգել անշրջելի կործանարար հետևանքների հայ հասարակությունում) գիտակցումը չէ, որ տիրապետում է Հայաստանի ներկա իշխանությունների գործունեության մեջ։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, բերեմ թարմ օրինակ։ Այսպես, ս.թ. մարտի 21-ին Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները հրապարակեցին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Թեմային առավել մանրամասն, ինչպես և պետք էր սպասել, դիմել են այն լրատվամիջոցները, որոնք կարգապահորեն ֆինանսավորվում են Սորոսի ֆոնդի և Ко.-ի կողմից։ Անուն առ անուն չենք թվարկի դրանց, միայն կկրկնենք Ա.Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության հերոսի՝ Ֆամուսովի բացականչությունը (գործողություն 4, տեսարան 14). Բա՛։ Ծանոթ դեմքեր են։ Կարելի է էլի շարունակել մեջբերել այս գրական հերոսին։ Չէ՞ որ նրա հետագա խոսքերը բավական ճիշտ ու հատկանշականորեն կարելի է վերագրել Հայաստանի քաղաքացիների գիտակցությունն արդեն որերորդ տարին այլասերող հայտնի գրանտակեր-ԶԼՄ-ներին, որոնց մասին այդքան պատկերավոր ասել է նույն Ֆամուսովը. « Աղջիկս, Սոֆյա Պավլովնա, խայտառակ, անամո՛թ։ Որտե՛ղ։ Ո՞ւմ հետ... Պատահել է՝ թանկագին կեսիցս հեռու, եւ ինչ-որ տեղ տղամարդու հե՛տ»։

 

Հարգելի ընթերցող, չեմ ցանկանում մեջբերել բաց նամակի այսպես կոչված 23 կետերը, որոնք պատիվ չեն բերում Հայաստանի զինված ուժերի սպային (ցանկանում եմ հուսալ, որ Վ.Շիրխանյանը, լինելով պաշտպանության փոխնախարար, զինվորական կոչում ունի)։ Մանավանդ որ էլ չեմ ասում այն մասին, որ դրանք հասցեագրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, որի անունը լուսահոգի Վազգեն Զավենի Սարգսյանի, Սերժ Ազատի Սարգսյանի, Սամվել Անդրանիկի Բաբայանի, Վիտալի Միքայելի Բալասանյանի, Արկադի Իվանի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) անունների հետ հիրավի խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթանակը Արցախի 1992-1994թթ. ազատագրական պատերազմում։ Խորհենք այն մասին, թե ինչու և ում էր պետք հիմա հանդես գալ նման բաց նամակով, որում նսեմացվում, թայֆայականության աստիճանի ստորացվում է, թերևս, հայ արդի պատմության ամենավառ էջերից մեկը՝ Արցախի ազատագրման հերոսական էջը։ Եթե որևէ մեկն իր տկարամտության պատճառով այսօր փորձում է նվազեցնել, նսեմացնել մեր համաժողովրդական հաղթանակի դերը Արցախյան ազատագրական պատերազմում, լինի ՀՀ այսօրվա իշխանություններից, թե քաղաքական կամակատարներից, ավելի բարձր գնահատելով Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը, ապա դա խոսում է հայ հասարակության լուրջ հիվանդության մասին։ Այս պայմաններում միանգամայն տեղին հարց է ծագում. ո՞ւմ էր շահավետ նամակի հրապարակումը հենց հիմա, երբ ՀՀ երկրորդ նախագահը քաղաքական վենդետայի է ենթարկվում Հայաստանում իշխանության ղեկին գտնվողների կողմից։ Գուցե այս հարցի պատասխանը տրվել է Վ.Շիրխանյանի հարցազրույցում ոչ անհայտ 1in.am ինտերնետ պորտալին։ Հարցազրույց, որը տարածվեց շատ ու շատ ԶԼՄ-ների կողմից, այն է՝ 2018թ. դեկտեմբերի 11-ին «Մեր Հայաստան» ինտերնետ պորտալը հրապարակեց հոդված «Այո, Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է, բայց ճիշտ չէ, որ Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ. Վահան Շիրխանյան...» վերնագրով։ Այդ հրապարակման մեջ կարդում ենք. «Առաջին տեղեկատվականի զրուցակից. Պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք-Մարաշ զինված հանցավոր խմբի գործով նախկին մեղադրյալ Վահան Շիրխանյան։ Հարց. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Քոչարյանի ձերբակալության մասին հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր առաջնորդների ավելի վաղ արված հայտարարություններին, որ նրանք կհրաժարվեն իրենց նախորդների քաղաքական հետապնդումից։ Մոսկվայում մեծ գոհունակությանբ նշել են, որ ներկայիս ճգնաժամի լուծումը գտնվել է փոխզիջման արդյունքում, այն դեպքում, երբ վերջին օրերի իրադարձությունները փչացնում են դրական տրամադրվածությունը և հակասում նոր իշխանությունների ավելի վաղ արած հայտարարություններին»։ Վ.Շ. Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա հետապնդում չէ։ Հայաստանում 20-ամյա հակաժողովրդական, բռնաճնշիչ, թալանչիական ռեժիմի գոյությունը զգալի չափով պայմանավորված է ռուսաստանյան ղեկավարության աջակցությամբ։ Հենց այդ պատճառով է ռուսամետ մեծամասնությունը կրկնակի կրճատվել»։ Ինչպես ասում են՝ «խոսքը ծիտիկ չէ, կթռնի ու էլ չես բռնի»։ Համաձայն Վ.Շիրխանյանի տրամաբանության, ռուսամետ մեծամասնության կրճատման մեջ բնավ մեղավոր չեն բացահայտ հակառուսական, ըստ էության ռուսատյաց ԶԼՄ-ները և ինտերնետ պորտալները, ոչկառավարական կազմակերպությունները, որոնց թվաքանակը գրեթե հիսունի է հասնում։ Խոսքն այն լափակերների մասին է, որոնք արդեն ավելի քան 10 տարի շռայլորեն ֆինանսավորվում են ոչկառավարական «Բաց հասարակության» (Սորոսի ֆոնդ), Դեմոկրատիայի եվրոպական ֆոնդի (EED), Դեմոկրատիայի աջակցության ազգային ֆոնդի, Դեմոկրատիայի ազգային ինստիտուտի (NDI) և արևմտյան այլ ֆոնդերի կողմից։ Դրանց միավորում է մի բան՝ խափանել Ռուսաստանի և Հայաստանի օբյեկտիվորեն ձևավորված ռազմավարական միությունը՝ մեր ժողովրդի անվտանգության երաշխավորին, սասանել մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության կապերը Հայաստանում հակառուսական տրամադրությունների հետևողական, լպիրշ սերմանման միջոցով։ Ընդ որում՝ Հայաստանի այդ անթաքույց անբարյացակամների, եթե չասենք՝ թշնամիների զինանոցում հայոց պետականության քայքայման ամենաարդիական տեխնոլոգիաներն են, ինչի մասին մասամբ ներկայացվեց վերը։ Վ.Շիրխանյանի վերոնշյալ հարցազրույցը, իսկ հետո նաև սկանդալային բաց նամակը, կասկածելու հարկ չկա, այսուհետ ևս լայնորեն տարածվելու են Հայաստանում։ Եվ դա բնավ պատահական չէ, քանի որ այսօրվա Հայաստանի հիմնական լրատվամիջոցների իսկական տերերը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից ստացել են իրենց խափանարար աշխատանքի համար գլխավոր հարցի պատասխանը, այն է. «Հայաստանում 20-ամյա հակաժողովրդական, բռնաճնշիչ, թալանչիական ռեժիմի գոյությունը զգալի չափով պայմանավորված է ռուսաստանյան ղեկավարության աջակցությամբ»։

 

Կցանկանայի ինքնաքննադատաբար խոստովանել նաև սեփական թերացումներս հայ հասարակությանն այն հսկայական աշխատանքը պարզաբանելու հարցում, որը կատարվում է Ռուսաստանի կողմից, աշխատանք, որը շատ ավելի հեռուն է գնում այն պարտավորությունների շրջանակից, որոնք պարունակվում են ռուս-հայկական պայմանագրերում և համաձայնագրերում։ Լինի դա մեր երկրների միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը, թե համագործակցությունն էներգետիկ, հումանիտար ոլորտներում։

 

Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, ուստի բերեմ, ըստ իս, շատ հատկանշական, Ռուսաստանին բնորոշ օրինակ։ Այսպես, ս.թ. մայիսի 28-ին Մոսկվայում, «Ֆիլհարմոնիա 2» համերգասրահում տեղի կունենա տաղանդավոր ջութակահար, 11-ամյա Ալեքսանդր Արտյոմի Խաչատրյանի մենահամերգը «Նովայա Ռոսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Աբրամովիչ Բաշմետ)։ Երաժշտական հասարակայնության համար նշանակալի այս իրադարձությանը կարելի է նվիրել բազմաթիվ հոդվածներ, որոնք մեկ ընդհանուր լեյթմոտիվ կունենան՝ պետք է անվիճելի տաղանդ լինես, որպեսզի ճանապարհ հարթես չափազանց պատանի գործընկերոջդ համար, մեծ վարպետ է պետք լինել, սիրել Հայաստանն ու հայ ժողովրդին, որպեսզի այդքան խնամքով վերաբերվես հայաստանցի երիտասարդ շնորհալիներին։ Եվ այդ տաղանդը մանավանդ ներհատուկ է ականավոր երաժշտին, մաեստրոյին, ռոստովցի Յուրի Բաշմետին։ Ինչու հատկապես ընդգծեցի նրա ռոստովցի լինելը։ Մտաբերենք պատմությունից, որ դեռևս 1778թ. հուլիսի 16-ին Բախչիսարայի վարդապետ Պյոտր Մարկոսովը Ղրիմի հայերի անունից և հանձնարարությամբ՝ խնդրանքով դիմել էր կայսրուհի Եկատերինա Երկրորդին։ Կատարելով Եկատերինա Մեծի դիվանագիտական առաջադրանքը՝ ականավոր զորավար Ա.Սուվորովը, որի երակներում, ինչպես հայտնի է, նաև հայկական արյուն է հոսել, 1778թ. օգոստոս-սեպտեմբերին կազմակերպել է հայերի «մեծ վերաբնակեցումը» հարավային Դոնի անապատային, դեռևս անբնակ ափերին։ Նշենք, որ այն տարիներին այդ հողերը դեռ նոր էին անցել Ռուսաստանին։ 1779թ. նոյեմբերի 14-ին Ռուսաստանի կայսրուհու գերագույն հրովարտակով Սուրբ Դմիտրի Ռոստովցու ամրոցի մոտ հիմնվեց Դոնի Նախիջևանը։ Անցել է ընդամենը 240 տարի, բայց ռոստովցիների բարեկամությունն ու սերը հայերի ու Հայաստանի հանդեպ շարունակվում են առ այսօր։ Ուզում եմ հավատալ, որ Ալիկ Արտյոմովիչի համերգը մաեստրո Յուրի Բաշմետի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի հետ միանգամայն նոր երանգներ կհաղորդի Ռուսաստանի և Հայաստանի մշակութային համագործակցությանը՝ դառնալով մեր խոր հոգևոր կապերի վառ դրսևորումը։

 

Հետգրության փոխարեն. Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ մտածելով Վ.Շիրխանյանի սկանդալային բաց նամակի մասին՝ անընդհատ խորհում էի, թե ինչ անեմ, որպեսզի ծայրահեղության մեջ չընկնեմ ու իմ գործողություններով ակամա լրիվ չզրոյացնեմ նրա անցած կյանքի ու ողջ աշխատանքային ճանապարհը։ Չէ՞ որ Շիրխանյանը նման նամակ գրելով, հենց այդպես է վարվել. նա, աչքն անգամ չթարթելով, անվանարկել է Հայաստանի երկրորդ նախագահի՝ ներկայում քաղբանտարկյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ողջ աշխատանքային կենսագրությունը, որը զուրկ չէ նաև հերոսական էջերից։ Չեմ թաքցնի, որ ես խորհրդի համար դիմել եմ «Ազգային միաբանություն» կուսակցության վարչության անդամ, Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար, պահեստի գնդապետ Լևոն Հակոբի Գալստյանին։ Դիմել եմ ՆԳՆ բարձր պրոֆեսիոնալ ղեկավարին, որը Հայաստանի նորագույն պատմության ամենաբարդ շրջանում՝ 1990թ., շնորհիվ իր պրոֆեսիոնալիզմի և սառնարյունության, կարողացավ կանխել ՀՀՇ ո՛չ մեկ սադրանք՝ դրանով իսկ թույլ չտալով մեծ արյունահեղություն Երևանում, ինչպես դա տեղի ունեցավ Թբիլիսիում և Բաքվում 1990թ.։ Չեմ թաքցնի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Լևոն Հակոբի Գալստյանն իր քաղաքական գոծունեության համար երկու անգամ դատական պատասխանատվության է ենթարկվել։ Ավելին, նա 1996թ. (Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ) ստիպված է եղել ավելի քան 20 օր նստել ճաղերի հետևում։ Եվ ահա, Լևոն Հակոբովիչին ուղղված իմ հարցին, թե ինչու ի պատասխան անարդարացի հետապնդումների նա ինքը երբևէ նամակով չի դիմել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա տարակուսած նայեց ինձ։ Չեմ թաքցնի, որ նրա հայացքի ներքո ես ինձ անհարմար զգացի։ Այնուհետև Լևոն Հակոբովիչն այսպես պատասխանեց. Լևոն Տեր-Պետրոսյանից (այսուհետ՝ ԼՏՊ) իմ բոլոր դժգոհությունների մասին ես մեկ կամ երկու անգամ չէ, որ ասել եմ հանրահավաքներում ու ընտրողների հետ հանդիպումներում, երբ ԼՏՊ-ն իշխանության ղեկին էր, ինչպես և քանիցս հանդես եմ եկել Ռոբերտ Քոչարյանի հասցեին քննադատությամբ, երբ նա ՀՀ նախագահն էր, իսկ հետևից քննադատելը վայել չէ սպային, մանավանդ երբ նա, ում քննադատում ես, ազատության մեջ չէ։

 

Եվ վերջապես, կցանկանայի դիմել ընթերցողին հետևյալ հարցով. ի՞նչ կնշանակի, որ այն օրից, երբ հրապարակվեց Վ.Շիրխանյանի սկանդալային բաց նամակը, ադրբեջանական հեղինակավոր ինտերնետ պորտալներից և ոչ մեկը այս փաստը չդարձրեց իր քննարկման առարկա։ Ես, հարգելի ընթերցող, ունեմ այս հարցի պատասխանը. հավանաբար, ափշերոնյան քաղաքական «մտածողները» չափազանց գոհ են Ռոբերտ Քոչարյանի հասցեին Վ.Շիրխանյանի այս խայտառակ զրպարտագրից։ Չէ՞ որ, ըստ էության, այդ նամակն արտացոլում է հակահայկական հոդվածների և այլ հրապարակումների բովանդակությունը, որոնք ահա արդեն 25 տարի ամենահմուտ կերպով նետվում են մեդիա-հարթություն ափշերոնյան «մտածողների» կողմից։ Ակամա գիտակցությանդ մեջ է սողոսկում խռովարար միտքը. գուցե այդ «մտածողներն» անմա՞սն չեն այս գարշահոտ տեղեկատվական դիվերսիային։

 

Ամփոփելով վերոշարադրյալը՝ պարտքս եմ համարում հայտարարել. հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ։ Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարին կամեցողները» կփորձեն պետականության քանդման այդ տեխնոլոգիաներն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի հանրապետություններում։ Ավաղ, դրանում կասկածել չարժե։

 

Աղբյուրը՝ ИА REGNUM






Դիտումների քանակ 384027


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Հունիսի 13, 2019


Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ծանր պարտություն կրեց, այն էլ՝ երկու անգամ: Առաջին անգամ դատարանն ազատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Փաշինյան Նիկոլի աշխատողներն անարգում են դատարանը

Փաշինյան Նիկոլի աշխատողներն անարգում են դատարանը

Մայիսի 18, 2019


Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ա...

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019


Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյ...

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Մայիսի 7, 2019


Այսպես է որոշել ՀՀ գլխավոր դատախազ, հանրահայտ Հոռոմ գյուղի ծնունդ Դավթյան Արթուրը: Ուրեմն, Արցախի Հանրապետության գործող նախագահ...

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Մայիսի 7, 2019


Դատավորները կրակն են ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Քոչարյանի և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալների գործը պատահական սկզբո...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը հայոց պետականության պահպանման երաշխավորն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը հայոց պետականության պահպանման երաշխավորն է

Ապրիլի 26, 2019


Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից (այսուհետ՝ պետական հեղաշրջում) հետո անցել է մեկ տարի, և կարծում եմ, որ եկե...

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Ապրիլի 16, 2019


ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հովհաննիսյան Հմայակը կրկին խոսել է, դարակազմիկ մտքեր արտահայտել: Թիրախները նույնն են՝ Ծառուկյ...

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Ապրիլի 16, 2019


Երեկ, օվկիանոսից անդին ֆինանսավորվող 1in.am կայքում ԼԳԲՏ հանրույթի խամրած աստղ, հայտնի ճամբարափոխ, անձամբ ճանաչված որպես ստահակ...

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Ապրիլի 15, 2019


Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նա...

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Ապրիլի 11, 2019


Այս որոշման ապօրինության վերաբերյալ կարելի է միայն մեկ փաստարկ բերել: Դատարանի փաստարկը այն է, որ Քոչարյանը, մնալով ազատության ...

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Ապրիլի 10, 2019


Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստ...

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Մարտի 26, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն հիմա էլ ուզում է զբաղվել 1998թ. նախագահական ընտրություններով: Այդ թեման թարմացրեց Շիրխանյան Վահանի բաց նա...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ