Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019
Հայե՛ր, զգոն եղեք

Արտաշես Գեղամյան


Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու համար

 

Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի ու ավելի ես համոզվում Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների, գործարարների և լրագրողների բաց երկխոսության և բանավեճերի նման հարթակի պահանջվածության մեջ։


Արդեն կարելի է համոզված փաստել, որ կայացած քննարկումը հնարավորություն ընձեռեց գնահատել Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մակարդակն ու հեռանկարները՝ հաշվի առնելով նոր քաղաքատնտեսական իրողությունները, ինչպես նաև մեր երկրների համագործակցության աշխարհաքաղաքական կողմերը։ Կարծում եմ, չափազանցություն չի լինի ասել, որ «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի ծրագիրը և տեղի ունեցած կարծիքների փոխանակումը ինքնատիպ հաստատումն էին Ռուսաստանի ու Հայաստանի գծի օբյեկտիվության և հրատապության՝ ուղղված ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում։ Եվ դա իր արտացոլումն է գտել նիստի կարգախոսում. «Տնտեսություն, ներդրումներ, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական կապերի զարգացման հեռանկարներ»։ Չարժե կասկածել նաև, որ ամենամոտ առաջիկայում «Լազարյան ակումբի» անդամները և երկրորդ նիստին հրավիրված բանավեճերի մասնակիցները կընդհանրացնեն կարծիքների փոխանակման արդյունքները և կմշակեն համատեղ երաշխավորություններ մեր երկրների գործադիր իշխանությունների համար։ Երաշխավորություններ, որոնք ուղղված կլինեն համագործակցության մակարդակի հետագա բարձրացմանը՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք ստանում են մեր պետությունների անվտանգությանն սպառնացող բնույթ։


Եվ ահա, «Լազարյան ակումբի» ստեղծարար աշխատանքի ֆոնին մտահոգություն և տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի ղեկավարության արձագանքը ոչ միայն «Լազարյան ակումբի» աշխատանքին, այլև հենց նրա գոյության փաստին։


Մինչ ադրբեջանական լրատվամիջոցների առանձին, բայց միանգամայն բնութագրական ու կրկնվող արձագանքները մեջբերելը՝ նշենք, որ դրանք միավորում են անթաքույց շփոթությունը, լիակատար մոլորվածությունը և բացարձակ անհասկացողությունը՝ պայմանավորված «Լազարյան ակումբի» գործունեությամբ։ Այսպես, երկրորդ նիստի սկսվելու նախօրեին Ադրբեջանի ոչ անհայտ, կառավարամետ aze.az ինտերնետ պորտալը բավական ինքնատիպ կերպով «օրհնեց» նրա աշխատանքը «Լազարյան ակումբը» դատապարտված է ձախողման» վերնագրով հոդվածով (http://aze.az/lazarevskiy-klub-obrechen-na-proval.html)։ Հարգելի ընթերցողը միանգամայն տեղին կարող է հարց տալ. իսկ ինչո՞ւ «Լազարյան ակումբի» աշխատանքի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ հոդվածներից հիշատակեցի հենց այս հրապարակումը։ Եվ նա իրավացի կլինի, բայց այս հարցի պատասխանը պարզից էլ պարզ է։ Պարզվում է՝ Ափշերոնյան սուլթանությունում (որը նաև Ադրբեջան է կոչվում) կան ինտերնետ պորտալներ, որոնք չափից ավելի են անհանգստանում Հայաստանի համար։ Որպես ասվածի հաստատում բավական է մեջբերել, օրինակ, aze.az-ի որոշ սրտացավ տվայտանքներ այն մասին, թե. «Հարկ է նշել, որ մինչև ակումբի երկրորդ նիստը ռուսական պետական լրատվամիջոցներն իրականացնում էին հակահայկական քարոզչություն (տե՛ս, է, ինչ խայտառակություն, հետն էլ՝ ինչ սրտացավություն, և որ գլխավորն է՝ ում կողմից է այն արտահայտվում- Ա.Գ.)։ Իսկ պետդումայի մի ամբողջ շարք պատգամավորներ Բաքվում մասնակցել են հակահայկական երթին (համաձայնեք, բավական հատկանշական է, որ այս հրապարակման հեղինակներն իրենք են որոշում ս.թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած երթի իսկական էությունը, որն, իբր, անցկացվել էր ի հիշատակ 1992թ. փետրվարի 26-ին Խոջալուի ողբերգության զոհերի- Ա.Գ.)։ Նրանցից մեկն այդ ակումբի անդամ է։ Այնինչ, ռուսաստանյան պետական լրատվամիջոցների եթերում ոչ մի հակաադրբեջանական խոսք չի հնչում (հավանաբար, մեծ է եղել ադրբեջանցի քաղաքագետների հիասթափությունը, երբ ռուսական ԶԼՄ-ներում 1992թ. Խոջալուի ողբերգությանը, որի մեղքը լիովին ընկնում է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի խղճին, վերաբերվեցին պատկառելի պարբերականներին հարիր ձևով՝ հավատարիմ մնացին բոլորի կողմից ընդունված բարոյական սկզբունքներին- Ա.Գ.)։ Նշենք, որ հայերն իրենք են խոստովանում, որ Լազարյան ակումբը, ինչպես և ցանկացած ռուսական նախաձեռնություն, դատապարտված է ձախողման»։ Այս անվերապահ դատավճռի եզրափակիչ նախադասությունը երկակի զգացումներ է առաջացնում։ Մի կողմից՝ գոհացնում է այն, որ «Լազարյան ակումբի» հակառակորդ են գրվել ընդգծված հակառուսական հովերով ու իրենց արտահայտած մտքերի ողորմելիությամբ աչքի ընկնող առանձնյակներ։ Մյուս կողմից՝ նրանք չեն թաքցնում իրենց կապերն անհասկանալի է, թե որ հասարակության թափթփուկների հետ, որոնք իրենց ներկայացնում են որպես «հայեր, որոնք իրենք են խոստովանում, որ Լազարյան ակումբը, ինչպես և ռուսական ցանկացած նախաձեռնություն, դատապարտված է ձախողման»։ Կարելի էր սահմանափակվել ադրբեջանական այդ ինտերնետ պորտալում հրապարակված վերը նշված հղումով, քանի որ այդ հրապարակումն առավել ամբողջական է բնութագրում «Լազարյան ակումբի» նպատակները և խնդիրները չհասկանալու վայրի մակարդակը։ Հոդվածի հեղինակները չեն հարցնում ակումբի անդամների առաջին վստահ քայլերի դրդիչ մոտիվների մասին՝ առաջադրված խնդիրների կատարման ճանապարհին, ինչն օրեցօր բարձրացնում է այդ կազմակերպության հեղինակությունը։ Սակայն վհատեցնող է այն, որ իրողությունների չընկալման նման մակարդակի, ադրբեջանական լրատվամիջոցներից բացի, իջել են նաև Ափշերոնյան սուլթանության պաշտոնական դեմքերը, ինչի հաստատումն է դարձել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. «ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գործադիր և օրենսդիր իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները՝ հանձինս ՌԴ նախագահի խորհրդական Ս.Գլազևի, որը նիստի մասնակիցներին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի ողջույնը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կ.Զատուլինի։ Կցանկանայինք հիշեցնել, որ վերոնշյալ ակումբի առաջին նիստին Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հրավերի, ինչպես նաև առաջին նիստի շրջանակում հնչեցված արտահայտությունների հետ կապված, որոնք բացահայտ ոտնահարում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանական Հանրապետության ԱԳՆ-ն իր դժգոհությունը և զայրույթն է հայտնել» (http://www.trend.az/azerbaijan/Karabakh/3029952.html, «Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել «Լազարյան ակումբի» նիստին անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին հրավիրելու հետ կապված», 7 մարտի, 2019թ., 16:38)։


Այս հայտարարության առաջին ընկալումը զարմանքի զգացողությունն է Ափշերոնյան սուլթանության ԱԳՆ-ի՝ «Լազարյան ակումբի» առաջին նիստի արդյունքներին այսքան «կայծակնային» արձագանքից, այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, առաջին նիստի, որը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ին Երևանում։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական փաստաթղթում տրվում է հենց այս միջոցառման գնահատականը։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ նիստի գնահատականին, ապա ափշերոնյան դիվանագետներն ըստ էության ասելու բան չունեն, քանի որ այս հաշվով դեռ որևէ հերյուրանք չեն մտածել։ Իսկ գուցե նրանց դավաճանել են իրենց իսկ կանխակալ վարձկանները հայկական ազգանուններով, որոնք ուշացել են զրպարտող «մերկացումներ» անել «Լազարյան ակումբի» անդամների հասցեին։ Ի դեպ, ինձ համար պարզ է, թե ինչու պաշտոնական Բաքվին 3 ամիս պետք եղավ, որպեսզի հասկանա և գնահատի «վերոնշյալ ակումբի առաջին նիստի» արդյունքները, իսկ հետո ավելի հետաքրքիր է՝ «արտահայտի իր դժգոհությունն ու զայրույթը ՌԴ ԱԳՆ-ին»։ Կարելի էր այլ մեջբերումներ էլ կատարել ափշերոնյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից, բայց դրա կարիքը չկա, և ահա թե ինչու։ «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի սկսվելուց տասն օր առաջ՝ ս.թ. փետրվարի 22-ին, ՌԴ ԱԳՆ ճեպազրույցում ադրբեջանցի լրագրողը հարցրեց պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Մոսկվայում ս.թ. մարտի 5-6-ին «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի անցկացման մասին։ Նրա խոսքով՝ այդ միջոցառմանը ենթադրվում է Արցախի Հանրապետության ղեկավարների մասնակցությունը։ Ընդ որում՝ ադրբեջանցի լրագրողն ուզում էր այդ հարցը կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահության հետ։ Մինչև վերջ հարցը չլսելով՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդհատեց նրան. «Սպասեք։ Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանի համանախագահությունը, այդ ֆունկցիան ու այդ ֆորումը։ Ինչպե՞ս եք հարաբերակցում դա ձեր հարցում։ Դուք դա հարաբերակցում եք այն համատեքստում, որ Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղա՞քն է։ Այ, տեսնո՞ւմ եք, թե ինչպես եք ինքներդ ձեր հարցում միավորում բաներ, որոնք չպետք է միացնել։ Ընդ որում, Մոսկվայում, ինչպես ճիշտ նկատեցիք, ամեն օր հարյուրավոր ֆորումներ են անցկացվում տարբեր թեմաներով, որոնք իրականացնում է քաղաքացիական հասարակությունը (որտեղի՞ց պետք է սուլթանության լրագրողն իմանար, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը, որն ազատ է անցկացնել նման միջոցառումներ, կամ թե ինչ են ոչկառավարական կազմակերպությունները- Ա.Գ.)։ Ես կարծում եմ, որ խոսքը, հավանաբար, դրանցից մեկի մասին է։ Եթե դուք տեղեկություն ունեք, որ դրանում ինչ-որ կերպ մասնակցում են պաշտոնական անձինք, տվեք ինձ, խնդրեմ, այդ տեղեկությունը, ես կճշտեմ։ Ես նման տեղեկություն չունեմ»։ Հաճելի է փաստել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բարեխղճորեն և բավական օպերատիվորեն կատարեց Մարիա Զախարովայի հանձնարարությունը և ս.թ. մարտի 7-ին զեկուցեց. «...տեղեկացնում ենք ռուսական կողմին, որ մարտի 5-ի վերոնշյալ նիստում ՌԴ պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության կոնկրետ տվյալների առկայությունը, որտեղ նրանք ներկա էին Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմի ներկայացուցիչների կողքին, կոպտաբար հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի պարտավորություններին...»։ Պարզվում է, որ «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը, որը բաց ռեժիմով անցկացվում էր Ռուսաստանի ու Հայաստանի առաջատար լրատվամիջոցների մոտ հիսուն լրագրողի մասնակցությամբ, ադրբեջանական ԱԳՆ-ի կողմից ընկալվեց որպես մի ինչ-որ փակ, խորհրդավոր միջոցառում, որն անասելի կոնսպիրոլոգիական ջանքեր պահանջեց՝ «ՌԴ պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության մասին կոնկրետ տվյալների» բացահայտման նպատակով։ Ինչպես անենք, որ որքան հնարավոր է մեղմ բնութագրենք այս անհեթեթությունը։ Մի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պայմաններում ադրբեջանական իշխանությունների նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս, իսկ մարազմը խորանում է։ Ուստի, հայեր, զգոն եղեք, որովհետև դա տեղի է ունենում բնավ ոչ պատահաբար, այլ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմի սանձազերծման տեղեկատվական ֆոնի պատրաստման պարտադիր ատրիբուտ է հանդիսանում։ Կարծում եմ, որ կասկածներն իմ կողմից, առաջին հայացքից, այսքան անսպասելի եզրահանգման վերաբերյալ լիովին կցրվեն այն փաստերի հետ ծանոթանալով, որոնք կներկայացնեմ ստորև։ Ընդ որում՝ նկատենք, որ կարելի էր տասնյակ այլ մեջբերումներ կատարել ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնցում ցասումով դատապարտվում է Մոսկվայում «Լազարյան ակումբի» նիստի անցկացման փաստը։ Պատկերն ամբողջականացնելու համար նշենք, որ ադրբեջանական կողմի ցասման եզրափակիչ ակորդը ս.թ. մարտի 7-ին Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ Ափշերոնյան սուլթանության արտաքին գործերի նախարար Է.Մամեդյարովի հանդիպման մասին տեղեկությունն էր։ Ի՞նչ հետաքրքիր բան գրեցին ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հանդիպման մասին. «Նախարար Է.Մամեդյարովն ասաց, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և, ընդգծելով Ռուսաստանի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հայտնեց ադրբեջանական կողմի բողոքը մարտի 5-6-ին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» հերթական նիստին ՌԴ պետական պաշտոնական անձանց մասնակցության առիթով, որին ներկա էին Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմի ներկայացուցիչներ»։


Կարծում եմ, որ այստեղ հարկ է կանգ առնել, քանի որ «Լազարյան ակումբի» մոսկովյան նիստի մասին տեղեկատվության հեղեղատիպ հոսքի հետևում են մնում ոչ պակաս կարևոր իրադարձություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են ոչ միայն Հայաստանի, այլև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի շահերին։ Մինչ Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսների առավել նշանակալի իրադարձությունները ներկայացնելը՝ չեմ կարող զսպել գայթակղությունս և չներկայացնել ևս մեկ օրինակ՝ հիմնավորելու համար ափշերոնյան իշխանությունների խորացող մարազմի մասին իմ գնահատականը։ Այսպես, ս.թ. մարտը 4-ին կառավարամետ Minval.az ինտերնետ պորտալը հրապարակեց հոդված «Իրան. ադրբեջանցիների քաջությունը և Թեհրանի դավաճանական քաղաքականությունը» վերնագրով, ընդ որում՝ վերնագիրն ուղեկցելով «Ադրբեջանցիները բողոքում են ԻԻՀ իշխանությունների դավաճանական քաղաքականության դեմ» ենթավերնագրով (https://minval.az/news/123868068)։ Այս սկանդալային հրապարակման մեջ կարդում ենք. «ԻԻՀ (Իրանի Իսլամական Հանրապետություն- Ա.Գ.) իշխանությունները, որոնք սահմանափակվեցին թեթև «այ-այ-այ»-ով հայ ազգայնականների հասցեին, որոնք Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (ս.թ. փետրվարի 27-28-ին Իրանի Իսլամական Հանրապետություն Ն.Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում- Ա.Գ.) «Ղարաբաղը Հայաստան է, և վե՛րջ» պաստառ ծածանեցին, անգամ չմտածեցին էլ նրանց պատասխանատվության կանչել, այլ Ադրբեջանին Ղարաբաղի պատկանելության մասին հիշատակման ժամանակ անմիջապես պատասխանեցին բռնություններով։ Թավրիզում մարզադաշտից դուրս գալիս ոստիկանությունը կալանեց մեր 28 հայրենակցի (ս.թ. մարտի 1-ին Թավրիզի մարզադաշտում ֆուտբոլի խաղի ժամանակ թիմերից մեկի երկրպագուները վանկարկում էին «Ղարաբաղը մերն է և մերն է լինելու», բարձրացրին Ադրբեջանի դրոշը և այրեցին Հայաստանինը- Ա.Գ.), այդ թվում հայտնի ադրբեջանցի ազգային-մշակութային ակտիվիստ Յուսիֆ Սալահշուրին (հատկանշական է, որ հոդվածի հեղինակը հատուկ ընդգծում է՝ «մշակութային», քանի որ Թոֆիգխանում Ֆազիլ կըզըն, բավական տեղեկացված լրագրող լինելով, իրեն հաշիվ տալիս է, որ Ափշերոնյան սուլթանությունում «ազգայինը», որպես կանոն, հեռու է «մշակութայինից»- Ա.Գ.)։ Կալանվածներից ոմանք ծեծի են ենթարկվել բանտում»։ Եվ ահա, «ազգային-մշակութային» ակտիվիստի ադրբեջանցի եղբայրակիցները ս.թ. մարտի 10-ին Բաքվում Իրանի դեսպանության առջև վանկարկում էին կարգախոսներ, որ Ղարաբաղը պետք է վերադարձնել ցանկացած ճանապարհով և որ անհրաժեշտ է ընդլայնել Ադրբեջանի սահմաններն ընդհուպ մինչև Թավրիզ։ Ընդ որում՝ նկատենք, որ պաստառների մեծ մասը գրված էր անգլերեն (հավանաբար, այս արարի կազմակերպիչները հետևում էին ադրբեջանական հյուրընկալությանը և հաշվի առնելով այն, որ հանրահավաքը հաշվարկված էր բնավ ոչ ԻԻՀ դեսպանության դիվանագետների, այլ նրանց ամերիկացի գործընկերների համար, վերջիններիս համար հեշտացրել էին ֆարսիից իրենց կարգախոսների անգլերեն թարգմանության հոգսը- Ա.Գ.)։ Նշենք, որ կարգախոսների բովանդակությունը հանգեցվում էր «South Azerbaijan Is NOT IRAN»-ին, այսինքն՝ «Հարավային Ադրբեջանը Իրան չէ»։ Այսպիսով, իրանցի իրավապահ մարմինների դաստիարակչական աշխատանքը Թավրիզի բանտում, դատելով ըստ ամենայնի՝ Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում թունդ անջատողականության կասեցման առավել գործուն միջոցն է։ Նշենք, որ «ազգային-մշակութային» ակտիվիստների համար իրենց անվանած Հարավային Ադրբեջանը հնագույն Ատրպատականն է, որն այդպես է կոչվել Ատրոպատեսի անունով, որին Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 328թ. նշանակեց Մարաստանի սատրապ։ Բարբաջելով Հյուսիսային Իրանի տարածքների հանդեպ իրենց հավակնությունների մասին՝ ադրբեջանական կողմը նորից հիմնավորում է իրեն տրված ախտորոշման ճշմարտացիությունը՝ մարազմը խորանում է։ Բա լինելու բա՞ն է՝ ադրբեջանական պետությունը, որը կազմավորվել է լոկ 1918թ., հավակնում է իր «պատմական հողերին», որոնք հազարամյակներ պատկանել են Իրանին, Պարսկական կայսրությանը։


Սակայն ադրբեջանական անջատողականների լկտիությունն այլ բանում է. նրանք շահարկում են ԱՄՆ-ի և Իրանի ծայրահեղ լարված հարաբերությունները՝ այն հույսով, որ Իրանի համար այդ հակամարտության ծայրահեղ անբարենպաստ հանգուցալուծման պարագայում կկարողանան ուխտադրժորեն զավթել Իրանի հյուսիսային տարածքները։ Հանուն արդարության նշենք՝ հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված։


Վերոնշյալին պետք է հավելել նաև ս.թ. մարտի 9-ին տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն), որը, չնայած ըստ էության կրկնում է ավելի վաղ նրանց ներկայացրած սկզբունքները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նոր արտաքին քաղաքական իրողությունների պայմաններում, որոնց մասին վերն ասվեց, ինչպես նաև Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո ներքաղաքական նոր իրավիճակի բերումով, պահանջում է խոր իմաստավորում։ ԱՄՆ և Իրանի սրված հարաբերությունները, ադրբեջանական կողմի ագրեսիվ հռետորաբանությունը Իրանի հասցեին (առայժմ միայն ԶԼՄ-ներում), ԱՄՆ ոչ երկիմաստ մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Միլզ-Բոլթոնի առաջարկած «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով, ինչպես նաև Ն.Փաշինյանի անհաշտ համառությունը, որն ավելի լավ կիրառության է արժանի, բանակցային գործընթացին արցախյան կողմի պարտադիր մասնակցության մասին, միանգամայն նոր իրավիճակ են ստեղծում մեր տարածաշրջանում։ Նախ՝ Իրանի համար գերկարևոր խնդիր է դառնում անվտանգության ապահովումը ԻԻՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգության գոտու միջև հարյուր կիլոմետրանոց սահմանին, որը վերահսկվում է նրա զինված ուժերի կողմից։ Հայտարարության դրույթներից մեկն արդեն՝ «և անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն խաղաղարար գործողություն», ստիպում է լրջորեն մտածել։ Իսկ ո՞ր երկրներն են իրականացնելու խաղաղարար գործողությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրնե՞րը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Այսինքն՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են «անվտանգության միջազգային երաշխիքներ տալ» ՆԱՏՕ ուժերի գործադրմա՞մբ։ Այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու ՆԱՏՕ ուժերի փոխգործակցությունը ռուս խաղաղարարների հետ։ Մի՞թե նույնքան վտանգավոր (ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիոն ուժերի գործողությունների անկանխատեսելիության հետևանքով), որքան տեղի է ունենում Սիրիայում։ Էլ չեմ ասում Իրանի ղեկավարության հնարավոր արձագանքի մասին՝ իրադարձությունների զարգացման նման ընթացքի դեպքում։ Ավաղ, իրադարձությունների տրամաբանությունը, որոնք տեղի են ունենում վերջին օրերին, վկայում են մեր տարածաշրջանում իրավիճակի զարգացման նման սցենարի հնարավորության մասին։ Ի՞նչ նկատի ունեմ։ Նշենք, որ Ն.Փաշինյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ ս.թ. մարտի 5-ի բանակցությունների ընթացքում վերջինը հանդես է եկել այն բանի օգտին, որ Հայաստանի վարչապետը մասնակցի ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցություններին՝ առանց նախապայմանների (ի պատասխան այն բանի, որ Ն.Փաշինյանն այդ ժամանակ՝ մարտի 5-ին, Բրյուսելում, լրագրողների հետ զրույցում նշել էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտության մասին)։ Ավելին, ի պատասխան այդ առաջարկության՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը Ն.Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ուղղակի հայտարարել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների գործող ձևաչափի պահպանման անհրաժեշտության մասին։ «Երբեմն խոսքը մեր աջակցության մասին է, ես կարծում եմ, որ ավելի լավ է պահպանել ներկայիս ձևաչափը։ Պետք չէ փորձել ստեղծել ինչ-որ նոր բան՝ հանուն նոր լինելու։ Եվ առավել ընդհանուր առումով խոսքը վստահության միջոցների մասին է»,- ասել է Յ.Հանը։ Հարկ է նշել, որ բանակցությունների ձևաչափի պահպանման անհրաժեշտության մասին կոնսենսուս է ստեղծվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև։


Այս պայմաններում, ս.թ. մարտի 12-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգի քննարկումն սկսելուց առաջ Ն.Փաշինյանը որերորդ անգամ հայտարարեց. «Գլխավոր հարցը հետևյալն է. ո՞վ է ներկայացնելու արցախցիներին կամ, ինչպես ասում են որոշ դեպքերում՝ Ղարաբաղի հայերին բանակցային գործընթացում։ Խնդիրն այն է, որ այսօր բանակցային սեղանին չկա Արցախի ժողովրդի լիազոր լեգիտիմ ներկայացուցիչ կամ, ինչպես նախընտրում են ասել մեր գործընկերներից ոմանք՝ չկա սուբյեկտ, որն ունի վստահության քվե, լիազորություններ՝ ներկայացնելու Ղարաբաղի հայերին»։ Համոզված եմ, որ «ՀՀ ժողվարչապետը» խիստ արխայիկ և գեղջկավարի խորամանկում է, պարզ ասած՝ թոզ է փչում։ Մի՞թե Ն.Փաշինյանը հարց չի տալիս, թե որքանով է ինքը լեգիտիմ, երբ Հայաստանի՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան կեսը չի մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին, ուստի նա, լինելով խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուն, բնավ չի հանդիսանում ՀՀ համաժողովրդական ընտրված վարչապետ։ Ն.Փաշինյանը պարզապես խուսափում է պատասխանատվությունից։ Չէ՞ որ այս ճակատագրական օրերին Հայաստանի ու Արցախի իսկական հայրենասերն ինքը կնախաձեռներ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի օրակարգում կլիներ երկու հարց. Ն.Փաշինյանին օժտել լիազորություններով՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների գործընթացում ներկայացնելու Արցախի Հանրապետությունը։ Բնականաբար, այս որոշումը պետք է ձևակերպվեր միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան։ Եվ երկրորդ հարցը՝ «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության միացյալ կոմիտեի ստեղծման մասին»։ Բայց չէ՜, նման պատասխանատվություն նա պատրաստ չէ ստանձնել ոչ բարոյապես, ոչ հոգեբանորեն։ Չէ՞ որ դա Երևանում հանրահավաքներ անելը չէ, մարդկանց կրքերը բորբոքելը չէ, բանը արյունահեղության հասցնելը չէ, իսկ հետո էլ «ընդհատակում» նստելը չէ, երբ ՀՀ հատուկ ծառայությունները հիանալի գիտեին նրա գտնվելու տեղի մասին։ Այո, այո, հարգելի ընթերցող, հիանալի գիտեին ու չէին կալանում, որպեսզի ավելի մանրամասն իմանային նրա կապերի մասին ազատության մեջ։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։ Չեմ կասկածում, որ Ն.Փաշինյանը ներկայում շատ է մտածում Հայաստանում իշխանության բարձունքում անխոչընդոտ հայտնվելու իսկական պատճառների մասին։ «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի, սորոսյան լափակերների բազմության և, իհարկե, ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների կողմից իր անձի անշեղ աջակցության մասին։ Իսկ հիմա նա ժամանակ է ձգում։ Ի՞նչ ասես արժեն նրա հայտնությունները Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում. «Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդների պատրաստումը խաղաղությանը չի կարող բանակցային գործընթացում ներգրավված կառավարություններից մեկի առանձին խնդիրը լինել, դա համատեղ աշխատանք է։ Ես նկատի ունեմ, օրինակ, որ ադրբեջանական հասարակությանը խաղաղության պատրաստելը պետք է տեղի ունենա ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ»,- վարչապետին մեջբերում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Հետո ավելի հետաքրքիր է. «...ես պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, քանի որ համոզված եմ նրանում, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնքան խաղաղասեր է, որքան և Հայաստանի և Արցախի ժողովուրդները»։ Ն.Փաշինյանի այս զառանցական մտքերը վկայում են ադրբեջանական իրողությունների իմացությունից նրա կտրվածության կամ էլ շատ ավելի վտանգավոր ախտանշանի դրսևորման մասին՝ իր բացառիկության մասին ախտանշանի։ Ի՞նչ է սա՝ պարզունակ քաղաքական հնա՞րք, թե՞ իր մեսիականության հիվանդագին ինքնավստահություն։ Չէ՞ որ նա կարողացավ ամբոխահաճո խոսքերով հիմարեցնել Հայաստանի՝ կարիքից կամազուրկ դարձած հազարավոր քաղաքացիների։ Իսկ գուցե համաշխարհային քաղաքականության հայտնի կենտրոնից նրան հավաստիացրել են սորոսյան գրանտակերների աջակցության մասին, որոնք եթե Ադրբեջանում կան էլ, ապա անզոր են որևէ բան անել Ափշերոնյան սուլթանի դեմ։ Ն.Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ վարչապետի պաշտոնին գտնվելու իր ժամանակն արդեն սպառվել է, իսկ նրա ապարդյուն ջանքերը՝ երրորդ անգամ (երկրորդ անգամ՝ ՀՀ VII գումարման Ազգային ժողովի ընտրություններն էին) մոլորության մեջ գցել Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում և նրա «դյութանքներից» խաբված, արդեն չեն հաջողվի։ Արդեն քիչ թե շատ մտածող մարդու համար էլ է ակնհայտ դառնում՝ Ն.Փաշինյանի բոլոր գործողություններն ըստ էության ուղղված են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի արգելակմանը, դրանով իսկ՝ ադրբեջանական կողմի համար բարենպաստ տեղեկատվական ֆոնի ստեղծմանը՝ Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Իսկ գուցե հենց սա է նրա սկզբնական առաքելությունը՝ իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի, հետո՝ ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի (որը Երևանում էր 2018թ. հոկտեմբերի 25-26-ին) կողմից քաջալերվող քաղաքական պատգամը։ Կրկնում եմ, խոսքը հակամարտության կարգավորման մասին է՝ «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» բանաձևով՝ առանց Արցախի Հանրապետության ապագա կարգավիճակի սահմանման։


Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է փաստել, որ Ն.Փաշինյանը վարչապետի պաշտոնում դառնում է իրական սպառնալիք, մարտահրավեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Նրա անհապաղ ինքնակամ հրաժարականը Հայաստանի վարչապետի պաշտոնից, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի միացյալ կոմիտեի անհապաղ կազմավորումը պատերազմի կանխման առաջին քայլերն են։


Հարգելի ընթերցող, չէի ցանկանա ձեր աչքում ոչ օբյեկտիվ թվալ, որը «տեսնում է միայն ուրիշի աչքի գերանը»։ Ավաղ, ցավով ստիպված եմ խոստովանել, որ մարազմը խորանում է նաև Հայաստանի ներկա իշխանությունների գլուխներում։ Այնպես որ, կոչը՝ հայե՛ր, զգոն եղեք, կրկնակի հրատապ է դառնում։


Հետգրության փոխարեն. Հոդվածն ավարտելով՝ թերի ասվածի ինչ-որ զգացողություն ունեցա։ Խոսքը «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի արդյունքների մասին է։ Ցավով պետք է փաստեմ, որ Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցներն այդպես էլ չանդրադարձան այդքան օգտակար միջոցառմանը, ինչը չես ասի ադրբեջանական մաս-մեդիաների մասին։ Մտածելով այս մասին՝ ակամա հիշեցի «Լազարյան ակումբի» ստեղծման կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի ու Արցախի Հանրապետության փորձված և վստահելի բարեկամ, Ռուսաստանի և Հայաստանի, այո, այո՝ Հայաստանի հայտնի և հարգարժան քաղաքական-հասարակական գործիչ Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի հարցազրույցը։ Բացելով «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը՝ Կոնստանտին Ֆյոդորովիչն ասաց. «Մեզ համար Հայաստանը կարևոր է ոչ միայն որպես դաշնակից պետություն, մեզ համար կարևոր է հաստատել մեր հարաբերությունների հիմքերը հայ ժողովրդի հետ, որը, իհարկե, առաջինն է իր պետության հանդեպ և կարևոր մեզ համար Ռուսաստանում՝ որպես պատմական բարեկամ և համերկրացի հարյուրամյակներ շարունակ։ Մեզ մոտ է եկել Հայաստանից մասնակիցների ներկայացուցչական պատվիրակություն։ Բայց ես, չեմ թաքցնում, ցավում եմ, որ Հայաստանի կառավարության պաշտոնական կառույցները ձեռնպահ են մնացել, որպեսզի որևէ մեկին ուղարկեն այստեղ։ Մենք այս դահլիճում հավաքել ենք ռուսաստանցի առաջատար տնտեսագետներին և ռուսական այն կորպորացիաների ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են Հայաստանում։ Ինձ թվում է, որ Հայաստանի նոր իշխանությունների համար ավելորդ չէր լինի նրանց հետ այստեղ մեկ անգամ ևս հանդիպել և մեկ անգամ ևս քննարկել տնտեսական խնդիրները։ Մանավանդ որ խնդիրները, ինչպես գիտենք, պարբերաբար ծագում են»։


Հարգելի Կոնստանտին Ֆյոդորովիչ, անմիջականորեն դիմում եմ Ձեզ հանդիպակաց հարցով. իսկ ո՞ւմ կարող էին Մոսկվա ուղարկել Հայաստանի կառավարության պաշտոնական կառույցները։ Բարձրաստիճան ռուսատյացների՞ն, թե՞ բացահայտ սորոսյան լափակերներին։ Բայց ուրիշներն այնտեղ չկան էլ։ Նշեմ, որ, արտահայտելով անկեղծ ափսոսանք «Լազարյան ակումբի» երկրորդ նիստին ՀՀ կառավարության ներկայացուցիչների բացակայության փաստի պատճառով, Կ.Զատուլինը միջնորդավորված, հերթական անգամ մերկացրեց վերջիններին երկերեսանիության մեջ։ Դիցուք՝ հիմա նրանք խոսքով հայ-ռուսական համագործակցության կողմնակից են, բայց իրականում ուղիղ հակառակն է։ Իզուր չեն այդքան փող ու միջոցներ ծախսել պետական հեղաշրջման ու սույն քաղաքացիներին իշխանության բերելու վրա։ Ասեմ ավելին. որպեսզի արդարացնեն իրենց բացակայությունն այս միջոցառմանը, նրանք աստիճանաբար կսկսեն զրպարտչական քարոզարշավ մեզանից յուրաքանչյուրի, և առաջին հերթին՝ «Լազարյան ակումբի» կազմակերպիչների դեմ։ Իսկ հետո իրենք էլ «կդատեն»՝ ո՞րն է ճիշտ ու ո՞րը՝ սխալ։ Մի խոսքով՝ մենք՝ «Լազարյան ակումբի» անդամները ևս, պետք է զգոն լինենք։

 

Մարազմը խորանում է, իսկ թշնամին քնած չէ։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 18503


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հուլիսի 9, 2019


Եվ այսպես, 2019թ. հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 28-րդ նստաշրջանը։ Ինչպես ...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Հունիսի 17, 2019


Այն օրը, երբ աբաջյան գոհարի մարդը չկախվեց Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավի հետ հանդիպումից հետո, մենք հասկացանք, որ այդ մար...

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Հունիսի 13, 2019


Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019


Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյ...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը հայոց պետականության պահպանման երաշխավորն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը հայոց պետականության պահպանման երաշխավորն է

Ապրիլի 26, 2019


Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից (այսուհետ՝ պետական հեղաշրջում) հետո անցել է մեկ տարի, և կարծում եմ, որ եկե...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Ապրիլի 16, 2019


ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հովհաննիսյան Հմայակը կրկին խոսել է, դարակազմիկ մտքեր արտահայտել: Թիրախները նույնն են՝ Ծառուկյ...

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Ապրիլի 16, 2019


Երեկ, օվկիանոսից անդին ֆինանսավորվող 1in.am կայքում ԼԳԲՏ հանրույթի խամրած աստղ, հայտնի ճամբարափոխ, անձամբ ճանաչված որպես ստահակ...

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Ապրիլի 10, 2019


Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստ...

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019


Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարի...

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Մարտի 21, 2019


Անցել է 10 ամսից մի փոքր ավելի Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Թերևս, այդ ժամանակ...

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Մարտի 19, 2019


Լազարյան ակումբը բաբաջանյան արմանը չսիրեց: Անձամբ լինելով կեղտ՝ նա ջանք չի խնայում կեղտ լցնել ակումբի ու նրա հիմնադիր Կոնստանտի...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ