Խայտառակություն առանց մեկնաբանության

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019
Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արտաշես Գեղամյան


Եվ մեր հաղթանակն այդ պատերազմում անխուսափելի կլինի, եթե գործենք միասնական ճակատով

 

Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումներ, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական կապերի զարգացման հեռանկարները»։ Համոզված եմ, որ նիստի թեմայի հրատապությունը և պահանջվածությունը կասկածներ չեն հարուցում, մանավանդ ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սաստկացող պատժամիջոցների պատերազմի պայմաններում։ Այս հանգամանքը մեծ պատասխանատվություն է դնում կայանալիք բանավեճի մասնակիցների վրա, որի արդյունքներով, կարծում եմ, կընդունվի փաստաթուղթ, որը կարտացոլի «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի մասնակիցների սկզբունքային գնահատականը Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի գործողություններին։


Կասկած չի հարուցում, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների գլխավոր նպատակը Ռուսաստանի, ասել է թե՝ նրա դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) գործընկերների տնտեսական անվտանգության խափանումն է։ ԱՄՆ գործողությունների տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, քանի որ հենց տնտեսությունն է այն հիմքը, որի վրա հենվում է սոցիալական, իրավական, բարոյական հարաբերությունների և կապերի ամբողջությունը։ Այս պայմաններում առաջին պլան են մղվում ներդրումային անվտանգության ապահովման խնդիրները, այսինքն՝ պետական իշխանության մարմինների (դիցուք՝ Ռուսաստանի կամ Հայաստանի) կարողությունները՝ առկա իրավական դաշտի շրջանակում անմիջական ազդեցություն գործել մեր երկրներում տեղի ունեցող ներդրումավորման գործընթացների վրա։ Չէ՞ որ հենց բանիմաց ներդրումային քաղաքականությունից են հիմնականում կախված ազգային տնտեսական համակարգի մրցունակությունն ու կայունությունը։ Նշենք, որ այս հարցերը հատուկ նշանակություն են ձեռք բերում «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ անվտանգության պաշտպանության մասին» (Defending American Security from Kremlin Aggression Act - DASKA) օրենքի թարմացված նախագծի համատեքստում, որը ս.թ. փետրվարի 13-ին մտցվեց ԱՄՆ Սենատ։ Հատկանշական է, որ այս փաստաթղթի հեղինակներն են Լինդսի Գրեմը և Քորի Գարդները ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից և Բոբ Մենենդեսը, Բեն Քարդինն ու Ջին Շահինը՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից։ Այսինքն, դատելով հակառուսական պատժամիջոցների ընդունման նախաձեռնությունից՝ նկատվում է մի ինչ-որ միջկուսակցական կոնսենսուս ԱՄՆ քաղաքական էլիտայում, ինչը չի կարող չանհանգստացնել։


Նշենք նաև, որ 2018թ. դեկտեմբերի 13-ին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն իր Թվիթերի աքաունթում գրել էր. «Որոշում. ԵՄ-ը միաձայն երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական առաջընթացի հաշվառմամբ (խոսքն այն փաստաթղթի մասին է, որը համաձայնեցվել էր Մինսկի գագաթաժողովում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահների կողմից և ստորագրվել Ուկրաինայի, Ռուսաստանի և չճանաչված Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչներից կազմված կոնտակտային խմբի կողմից- Ա.Գ.)»։ Այսինքն՝ Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցները կպահպանվեն մինչև 2019թ. հուլիսի 31-ը (գործող պատժամիջոցների ժամկետը լրացել է 2019թ. հունվարի վերջին)։ Ընդ որում՝ ԵՄ-ում բանն անհեթեթության է հասել, որն ափսոսանք է առաջացնում այն իմաստով, որ այս կամ այն կերպ հարյուր հազարավոր ռուսաստանցիների ճակատագրին առնչվող փաստաթղթի ընդունումը (խոսքը Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների մասին է) տեղի կունենա մրցութային կարգով՝ ԵՄ 28 անդամ պետությունների քաղաքացիների շրջանում։ Այս գաղափարը, որը Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկինն է, արժանացել է եվրոպացի շատ պաշտոնյաների հավանությանը։ Ուրեմն, ի՞նչ ինքնատիպ բան է շրջանառության մեջ դրել Դ.Տուսկը։ «Մենք մի շարք պատժամիջոցներ ենք մտցրել Ռուսաստանի և նրա բարձրագույն ղեկավարության դեմ։ Եղել են անհատական պատժամիջոցներ, պատժամիջոցներ ընկերությունների և տնտեսության ճյուղերի դեմ, ֆինանսական պատժամիջոցներ։ Այս ամենն առայժմ այնպես չի գործում, ինչպես մենք կուզենայինք։ Ըստ երևույթին, այս բոլոր միջոցները բավարար չեն։ Մեզ մոտ՝ Բրյուսելում, սուր բանավեճ է ծագել Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր տեսակների կիրառման վերաբերյալ։ Եղավ ռուսաստանցիների այցելությունը Եվրոպա արգելելու տարբերակ, բայց մի շարք երկրներ հայտարարեցին, որ չեն ցանկանում ֆինանսական վնասներ կրել։ Արդյունքում, ես առաջարկեցի դեմոկրատական միջոց՝ եվրոպական քաղաքական գործիչների ստեղծագործական ճգնաժամի պայմաններում (պարոն Տուսկի համար Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցային պատերազմը չգիտես ինչու ասոցիացվում է եվրոպական քաղաքական գործիչների ստեղծագործական աշխատանքի հետ- Ա.Գ.)՝ անցկացնել մրցույթ, որտեղ ԵՄ պետությունների քաղաքացիները մեզ կառաջարկեն հակառուսական պատժամիջոցների իրենց տարբերակները և մենք դրանցից կընտրենք լավագույնը»,- ահա այսպիսի մտքի գոհարներ է արտաբերել Դոնալդ Տուսկը։


Այս պայմաններում չարժե կասկածել, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին Արևմուտքի հայտարարած պատժամիջոցների պատերազմը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ տնտեսական անվտանգությունը ցանկացած երկրի կայուն զարգացման անկյունաքարն է, և ներդրումային անվտանգությունն էլ նրա (անվտանգության) ապահովման կարևորագույն բաղադրիչն է։ Զարգացնելով այս թեման՝ կարելի է, մասնավորապես, նշել, որ ներդրումային անվտանգության պարտադիր պայմանը՝ հայրենական արտադրողներին օտարերկրյա կապիտալի գործունեության բացասական դրսևորումներից պաշտպանվածության ապահովման գործում, հայրենական տնտեսությունում ներդրումներ կատարելն է։ Խոսքն այն ներդրումների մասին է, որոնք վնաս են հասցնում հայրենական կազմակերպությունների, տարածաշրջանների և պետությունների շահերին։ Հարգելի ընթերցող, կարելի է մանրամասնել Ռուսաստանի, Հայաստանի և ԵԱՏՄ նրանց դաշնակիցների տնտեսությունների վրա հնարավոր բացասական հետևանքները, ինչին էլ հենց ուղղված է պատժամիջոցների պատերազմը, բայց դա այլ վերլուծության թեմա է։ Նշենք, որ միանգամայն բնականորեն առաջ եկող այս երկյուղներին տառացիորեն օրերս պարզաբանումներ է տվել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ օրինագծի ընդունումը կհարվածի երկկողմանի հարաբերություններին, բայց ոչ ռուսաստանյան բանկային համակարգին, որը հարմարվել է և՛ առկա պատժամիջոցներին, և՛ դրանց հնարավոր սաստկացմանը։ «Մեր կառավարությունը նախապես կձեռնարկի բոլոր միջոցները Միացյալ Նահանգների կողմից անկանխատեսելի, ոչբարեկամական գործողություններից ռիսկերը հեջավորելու համար։ Բոլոր կանխիչ միջոցներն արդեն ձեռնարկվել են, այս առնչությամբ որևէ երկյուղ բանկային համակարգի կայունության հետ կապված՝ չպետք է առաջանա»,- ասել է Դմիտրի Պեսկովը։


Կարծում եմ, հարգելի ընթերցող, որ ստեղծված պայմաններում չափազանց կարևոր է, որպեսզի պատժամիջոցների պատերազմին, որը Ռուսաստանին և, չարժե կասկածել՝ ԵԱՏՄ անդամ պետություններին հայտարարվել է հավաքական Արևմուտքի կողմից, հակադրվեն համատեղ մշակված համարժեք հավաքական գործողություններ։ Գործողություններ, որոնք ուղղված կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրենց բոլոր ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործմանը՝ պահպանելու համար, առաջին հերթին, վերահսկողությունը դրանց հանդեպ և կանխելու մեր պետությունների կայուն գործառնության պոտենցիալ սպառնալիքները ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում։ Այս առնչությամբ բացառիկ կարևոր է այն փաստի գիտակցումը, կրկնում եմ, որ Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության դեմ։ Եվ մեր հաղթանակն այդ պատերազմում անխուսափելի կլինի, եթե մենք գործենք միասնական ճակատով։


Չարժե կասկածել նաև այն հարցում, որ արևմտյան ստրատեգները, պատժամիջոցների պատերազմի հեղինակները չէին կարող հաշվի չառնել իրենց պլանների իրականացմանը հակադրվելու բոլոր հնարավոր տարբերակները։ Եվ դրա համար բնավ պատահական չէ, որ որդեգրել են աշխարհի պես հին, հանրահայտ բանաձևը՝ «Բաժանիր և տիրիր» (divide et impera-լատ.), որի հեղինակությունը որոշ աղբյուրներ վերագրում են Մակեդոնիայի արքա Փիլիպոսին՝ Ալեքսանդր Մակեդոնացու հորը։


Բնավ դավադրության տեսության կողմնակից չեմ, որը հայտնի է նաև «կոնսպիրոլոգիական տեսություն» անվամբ։ Բայց երբ համեմատում ես վերջին ամիսների որոշ իրադարձություններ, կամա-ակամա գալիս ես եզրահանգման, որ որոշ քաղաքագետների գործողությունները, գուցե և նրանց թերըմբռնման պատճառով, ուղղված են մեր քաղաքացիների գիտակցության մանիպուլացմանը, ընդ որում՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Արդեն գրել եմ այն մասին, որ նոյեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցավ CampCamp 2018 սեմինարը՝ կազմակերպված ԱՄՆ Կոնգրեսի միջոցներով, որի ընթացքում Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների երիտասարդներին պատրաստում էին իրենց երկրներում հեղափոխություններ իրականացնելուն։ Ռուսաստանյան հասարակությունում դեռ չէր մարել հակառուսական այս գործողության հետ կապված ռեզոնանսը, երբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դիլետանտական գործողությունները լուրջ մտորումների առիթ տվեցին։ Խոսքը ս.թ. փետրվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում Հայաստանի խորհրդարանի նախագահի ելույթի մասին է։ Չեմ թաքցնի, որ ՀՀ ԱԺ նախագահի ելույթը, չխորանալով նրա հնչեցրած մտքերի անկեղծության եւ համոզչության մեջ, ընդհանուր առմամբ կարող էր գոհունակություն առաջացնել, մանավանդ խոսքերն այն մասին, որ «Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ են Հայաստանի համար, Հայաստանը Ռուսաստանը համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը, մեր հարաբերությունների հետագա ամրապնդումը և հնարավոր պատնեշների հաղթահարումն այս ճանապարհին մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են»։ Եվ այս համատեքստում, ըստ իս, պրոֆեսիոնալ չէր, և բնավ տեղին ու ճիշտ հասցեով չէր ՀՀ ԱԺ նախագահի հետևյալ «անցումը». «Թանկագին բարեկամներ, ստիպված եմ ցավով փաստել, որ չնայած մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակին, ինչպես նաև ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մեր որոշ ռուսաստանցի գործընկերներ տառացիորեն երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիային Բաքվում (խոսքը ս.թ. փետրվարի 26-ին Բաքվում Խոջալուի ողբերգական իրադարձությունների 27-րդ տարելիցին նվիրված երթի մասին է- Ա.Գ.), որն ուղղված էր տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության խափանմանը։ Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի (նկատի ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը- Ա.Գ.) անդամների մասնակցությունը»։ ՀՀ ԱԺ նախագահին շատ նրբանկատորեն պատասխանեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ս.թ. փետրվարի 28-ի ճեպազրույցում. «Ինձ թվում է, որ արդարացի կլիներ այն առումով, թե ինչպես են նրանք ինքնակազմակերպվել («ինքնակազմակերպվել», այսինքն՝ դա չի եղել ՌԴ Դաշնային խորհրդի պալատների որոշման հիման վրա- Ա.Գ.), հարցն ուղղել հենց նրանց, այդ հարցն ուղղել անմիջապես նրանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառմանը (այլ խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահը հարկ չկար, որ այդ հարցը բարձրացներ Դաշնության խորհրդի լիագումար նիստում- Ա.Գ.)։ Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ ԱԳՆ-ն այդ միջոցառման համահիմնադիրն ու համամասնակիցը չի եղել»։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունները չէին կարող չիմանալ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ս.թ. փետրվարի 26-ին, ինչպես և անցած 26 տարիներին, անպայման օգտագործելու է Խոջալուի ողբերգությունը 1992թ. Ադրբեջանի այն ժամանակվա Ժողովրդական ճակատի կատարած հանցագործությունը կոծկելու համար (որի նպատակը Ադրբեջանում իշխանությունը զավթելն էր) և անպայման հակահայկական շոու է սարքելու։ Ուրեմն, ինչո՞ւ ՀՀ ԱԺ այդ նույն նախագահը և Ко-ն նախապես չէին մտածել այդ մասին և, օրինակ, միջոց չէին գտել՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Պետական դումայի անդամներին ծանոթացնելու Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի՝ չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցի («Նեզավիսիմայա գազետա», 2 ապրիլի 1992թ.) հատվածներին, հարցազրույց, որը տրվել էր Խոջալուի ողբերգության թարմ հետքերով։ Մեջբերում կատարենք հարցազրույցից.


«Հարց. Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո դուք հրաժարական տվեցիք։ Խոջալուցիների դիակները գտնվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու գնալ։ Հետո սպանել կացնով։ Փետրվարի 29-ին գործընկերներս նկարել են նրանց։ Մարտի 2-ին, նոր նկարահանումների ժամանակ, այդ նույն դիակները գանգամաշկ էին արվել։ Ինչ-որ տարօրինակ խաղ է...


- Ինչպես ասում են այդ նույն խոջալուցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր այն բանի համար, որպեսզի ինձ հեռացնելու առիթ լինի։ Ինչ-որ ուժ գործում էր նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ հստակ ու բանիմացությամբ էին վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ ադրբեջանցիներին ստանալ իրենց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր, որպեսզի հետո այդ կադրերը ցույց տա Գերագույն խորհրդի նստաշրջանում և ամեն բան թիրախավորի իմ անձի դեմ։


Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը թողել էին։ Ինչո՞ւ ուրեմն նրանք պետք է կրակեին։ Մանավանդ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այն ժամանակ բավականաչափ ուժեր կային՝ դուրս գալու և մարդկանց օգնելու համար։ Կամ պարզապես պայմանավորվել, որ խաղաղ բնակիչներն ուղղակի հեռանան։ Այսպիսի գործելակերպ միշտ է եղել»։


Այս տեղեկությունը նախապես տարածելու, փաստերի վրա շեշտադրելու փոխարեն Հայաստանի խորհրդարանի նախագահը որոշեց զբաղվել պատգամավորների (չէ, հարգելի ընթերցող, ՀՀ ԱԺ պատգամավորների չէ, այլ ՌԴ Դաշնային խորհրդի Պետական դումայի) իրավունքների ու պարտականությունների հանրային կանոնակարգմամբ։ Ի՞նչ է սա։ Գործնականում Դանինգ-Կրյուգերի էֆեկտի հերթական դրսևորո՞ւմ, թե՞ էժան քարոզչահնարք՝ հաշվարկված նրան, որ այդ գոհարները կարժանանան Հայաստանում իրենց ռուսատյաց զինակիցների լիակատար հավանությանը, էլ չեմ ասում սորոսյան լափակերների մասին։ Հավանաբար, հաշվարկը պարզ էր. մտքի այս գոհարը կոչված էր չեզոքացնելու սթափ գնահատականները ռուս-հայկական ռազմավարական գործընկերության անայլընտրանքայնության մասին, որոնք վայրկյան առաջ հնչեցրել էր նույն ինքը՝ Արարատ Միրզոյանն իր ելույթում։


Վերջին ժամանակվա իրադարձությունների այսքան մանրամասն ներկայացումը և դրանց բովանդակության իմաստավորումն էլ ավելի են համոզում, որ հենց Հայաստանի Հանրապետությունն այժմ՝ հանձինս վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի, պետք է հրապարակավ արտահայտի Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը պատժամիջոցների պատերազմի հանդեպ, որը ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը հայտարարել են Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեմ։ Այլապես, Ռուսաստանի հասցեին բոլոր բարձրագոչ գովաբանական խոսքերը կընկալվեն ոչ այլ կերպ, քան քարոզչական դատարկ փուչիկ։ Կարծում եմ, որ «Լազարյան ակումբի» առաջիկա երկրորդ նիստում նրա անդամները պետք է նաև հրապարակավ իրենց վերաբերմունքն արտահայտեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմի կազմակերպիչների հանդեպ, և դա միանգամայն համահունչ կլինի նիստի օրակարգին։ Չէ՞ որ տնտեսական և ներդրումային անվտանգության ապահովման հարցերը, որոնք, անկասկած, Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական կապերի հետագա զարգացման պարտադիր պայմանն են, բացառիկ հրատապ են դարձնում մեր երկրների ջանքերի համատեղումը ազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելիս։ Անշուշտ, միասնական դիրքորոշման մշակումը կունենա սիներգետիկ էֆեկտ։ Չարժե կասկածել, որ պատժամիջոցների պատերազմի հրապարակային դատապարտումը համարժեք պատասխան կլինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և ԵՄ կոնսոլիդացված գործողություններին։


Հետգրության փոխարեն. Արդեն գրել եմ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ հիբրիդային պատերազմին համակարգային դիմակայության անհրաժեշտության մասին։ Մենք վկաներն ենք Ռուսաստանի տնտեսությունը խափանելու Արևմուտքի ջանքերի՝ պատժամիջոցներ մտցնելու, էմբարգո դնելու, ռազմավարական հումքի համաշխարհային գների և արժույթի հարցերում խուսավարելու միջոցով։ Մենք նաև վկաներն ենք Արևմուտքի՝ իշխանությունում իր արբանյակների միջոցով Հայաստանի Հանրապետության բնակչության և զինված ուժերի ոգին կոտրելու ջանքերի։ Բավական է ասել, որ մեղադրանքներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության բոլոր երեք գեներալ-գնդապետներին (ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին)։ Էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական վենդետայի մասին։ Քաղաքական առաջնորդ, որին շատ-շատերը Հայաստանում և Արցախում, նրա փորձառու և հուսալի զինակից Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի և Արցախի շատ այլ ազգային հերոսների հետ միասին ընկալում են որպես հաղթանակի խորհրդանիշ 1992-1994թթ. Արցախի ազատագրական պատերազմում։ Վերջին տարիներին Հայաստանում ակնհայտ էր երկրի՝ մինչև 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը գործող նախկին ղեկավարության վարկաբեկմանը, նրա հանդեպ վստահության խափանմանն ուղղված հետևողական աշխատանքը։ Հիմա արդեն, տասն ամիս անց, անգամ նախկին իշխանությունների հանդեպ կողմնակալ վերաբերմունքի պարագայում, ՀՀ քաղաքացիների գիտակից մեծամասնությունը ստիպված է ընդունել, որ Սերժ Ազատի Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը հասել էր տպավորիչ հաջողությունների միջազգային ասպարեզում (լինելով ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ՝ ստորագրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» ԵՄ-ի հետ)։ Նկատվում էին երկրում աղքատության մակարդակի նվազման դրական միտումներ։ Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով («Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը»)՝ աղքատության մակարդակը Հայաստանում 2017թ., 2016-ի համեմատ, նվազել է 3,7 տոկոսով՝ կազմելով 25,7 տոկոս։ Ստեղծվել էին Հայաստանի տնտեսության ներառական զարգացման անցնելու բոլոր նախադրյալները։ Մենք իրավունք ունենք պնդելու, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջմանը բավականաչափ նպաստել է հանրային կարծիքի մանիպուլացման տեխնոլոգիաների լայն կիրառումը։ Կարելի է էլի շարունակել օրինակներ բերել, որոնք կոնկրետ վկայում են հիբրիդային պատերազմի տարբեր ձևերի մասին՝ ուղղված ռուսաստանյան և հայկական պետականության սասանմանն ու խափանմանը։


Հայաստանի պարագայում արդեն ակնհայտ է, որ հարկ եղած ժամանակ Արևմուտքը կխաղարկի ադրբեջանական խաղաթուղթը՝ կապված Ադրբեջանի անիրականանալի հավակնությունների հետ։ Ընդ որում՝ դա կարվի միայն մեկ նպատակով՝ ստեղծել լարվածության օջախ, որը կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի հարավային մատույցներում։ Եվ պատերազմի սանձազերծումը ադրբեջանական ղեկավարության կողմից կմատուցվի որպես հարկադիր՝ բնավ ոչ թշնամական միջոց Ռուսաստանի՝ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հանդեպ։ Կարծում եմ, որ հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին դիմակայելու ներկա ծայրահեղ լարված ժամանակներում ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմ սկսվի։ Այո, չնայած Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար, Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծել թույլ տալը կպարունակի դրա՝ Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգ։


Հարգելի ընթերցողը կարող է միանգամայն արդարացիորեն հարցնել. իսկ ո՞րն է ելքը ստեղծված պայթյունավտանգ իրադրությունից, և որ գլխավորն է՝ այն կա՞ արդյոք։ Այո, ելք կա։ Եթե ափշերոնյան սուլթանն իրականում ցանկանա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում, նա պետք է Արցախի Հանրապետության հետ միասին (որպես միջազգային իրավունքի սուբյեկտի) մտնի Եվրասիական տնտեսական միություն և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։ Սա է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ ճանապարհը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության միջազգային-իրավական կարգավիճակի սահմանման հետագա գործողություններին, ապա այստեղ ևս հեծանիվ հայտնագործելու կարիք չկա։ Ճանապարհային քարտեզը գծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների քանիցս ընդունած հայտարարություններում։


Հոդվածի վերջում ավելորդ չեմ համարում նորից կրկնել. Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը պատերազմ է Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության դեմ, և մեր հաղթանակն այդ պատերազմում անխուսափելի կլինի, եթե գործենք միասնական ճակատով։

 

Աղբյոււը` ИА REGNUM 






Դիտումների քանակ 134499


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հուլիսի 9, 2019


Եվ այսպես, 2019թ. հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 28-րդ նստաշրջանը։ Ինչպես ...

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Հուլիսի 8, 2019


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեի բանաձևը՝ Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է զորքերի դուրսբերման և ինչ-որ խաղաղապահ ուժեր տեղա...

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Հունիսի 17, 2019


Այն օրը, երբ աբաջյան գոհարի մարդը չկախվեց Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավի հետ հանդիպումից հետո, մենք հասկացանք, որ այդ մար...

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Հունիսի 13, 2019


Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019


Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյ...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Մայիսի 25, 2019


Բոլոր չէ, որ գիտեն, որ Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի ղեկավարը, միլիարդներ դնելով պատվաստման բիզնեսում, ինքը կտրականապես հրաժարվում է ...

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Մայիսի 24, 2019


«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի...

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ