Խայտառակություն առանց մեկնաբանության

Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Փետրվարի 5, 2019
Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Արտաշես Գեղամյան


Նիկոլ Փաշինյանը կարող է հեռանալ

 

Ուշադիր վերլուծելով վերջին ինն ամիսների իրադարձությունները Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, ինչպես նաև Արևմուտքի երկրների, Թուրքիայի, Ադրբեջանի և, իհարկե, դաշնակից Ռուսաստանի ու Հայաստանի լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն ու վերլուծական նյութերը, գալիս ես որոշակի, բայց և բավական անմխիթարական եզրահանգումների։ Ի՞նչ նկատի ունեմ։ Սկզբում՝ մի փոքր անդրադարձ պատմությանը։ 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող 9 դաշինքների և կուսակցությունների թվում էր նաև Հայ ազգային կոնգրեսի (այսուհետ՝ ՀԱԿ) և Հայաստանի Ժողովրդական կուսակցության դաշինքը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական հարցազրույցի ընթացքում ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստ են փոխադարձ զիջումների (ասացեք, որ զարմանալի իրազեկություն է Ադրբեջանի պլանների մասին- Ա.Գ.), և որ կողմերին մնացել է պայմանավորվել լոկ ցայժմ չլուծված կետերի շուրջ։ Այնուհետև նա ընդգծեց, որ ՀԱԿ-ից բացի ուրիշ ոչ ոք չի կարող առաջարկել նոր խաղաղարար ռազմավարություն, որը կնախատեսի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակված Մադրիդյան սկզբունքների իրագործումը, որոնցից Լևոն Տեր-Պետրոսյանը (ԼՏՊ) մեջբերեց լոկ «տարածքների վերադարձը», «ուժի երաշխավորված չկիրառումը» և «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանումը»։ Հատկանշական է, որ դեռևս 2016թ. դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում նա պնդում էր. «Անտեսանելի քաղաքական փիլիսոփայությունը, որը 1998-ից (Հայաստանում ԼՏՊ-ի պաշտոնանկությունից հետո՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պարտվողական մոտեցումների պատճառով - Ա.Գ.) դրված էր հայոց պետականության գործունեության հիմքում, դա, այլ խոսքով՝ ղարաբաղյան ստատուս-քվոյի պահպանման և ևս 100 տարի շրջափակման պայմաններում զարգանալու ռազմավարությունն է»։ Ընդ որում՝ ԼՏՊ-ն չգիտես ինչու չհիշատակեց, որ 2016թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները Համբուրգում համատեղ հայտարարություն էին ընդունել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում էր. «Կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա. դիցուք՝ ուժի չկիրառում, տարածքների ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում, ինչպես նաև լրացուցիչ տարրեր, ինչպես դա առաջարկվել էր համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո; Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքների և ինքնորոշման ապահովման համար; Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ապահովում; Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավավիճակի սահմանում պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով; բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունք; անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար գործողությունը։ Մեր երկրները կշարունակեն աշխատել կողմերի հետ սերտ շփման մեջ, և մենք կոչ ենք անում նրանց լիովին օգտվել համանախագահների Մինսկի խմբի աջակցությունից՝ որպես միջնորդների»։ Ընդ որում՝ նշենք, որ հայկական կողմը հավանություն է տվել այս հայտարարությանը՝ որպես բանակցությունների վերսկսման հիմք, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն միտումնավոր խեղաթյուրեց այս փաստաթղթի բովանդակային էությունը՝ այդպես էլ իր հստակ դիրքորոշումը չարտահայտելով այս հարցի վերաբերյալ։ Եվ սա սկզբունքորեն կարևոր է, քանի որ Հայաստանի իշխանությունների համաձայնությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության շրջանակներում բանակցությունները շարունակելու համար, վկայում է, որ հայկական կողմը լիովին ունակ է պայմանագրեր կնքելու։ Եվ միանգամայն սպասելի էր, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, սկզբից ևեթ անկառուցողական լինելու, ընդ որում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կտրուկ դիրքորոշման պատճառով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընդամենը 1,66% ընտրաձայն հավաքեց և չանցավ ՀՀ VI գումարման Ազգային ժողով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց վճռական «ոչն» ասացին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԼՏՊ մոտեցմանը, որի էությունը վերջին հաշվով նշանակում էր՝ «տարածքներ (հող) խաղաղության դիմաց»։ ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով արտաքին ուժերին, որոնք Հայաստանում աջակցում էին Ղարաբաղյան հակամարտության՝ այս բանաձևով կարգավորմանը, չհաջողվեց այդ բանաձևն ընդունելու համար բավականաչափ ձայներ ապահովել օրենսդիր ժողովում։ Բայց 2017թ. ընտրությունների արդյունքներով ՀՀ ԱԺ մտավ «Ելք» խմբակցությունը, որի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պակաս «արմատական» մոտեցում չուներ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, քան իր հոգևոր հայր ու քաղաքական ուղեվար ԼՏՊ-ն։ Այս մասին արդեն առիթ ունեցել եմ գրելու, բայց նորից հիշեցնեմ ընթերցողներին սույն քաղաքական գործչի մտքի գոհարների մասին։ Եվ այսպես, 2018թ. մարտի 1-ին ՀՀ ԱԺ հանրապետության վարչապետի ընտրությանը նվիրված հատուկ նիստի ժամանակ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հատված կարդաց «Հայկական ժամանակ» թերթի 2001թ. մայիսի 22-ի հրապարակումից, որը պատկանում էր Նիկոլ Փաշինյանի գրչին, որում վերջինն ասում է. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր պատրանքներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին: Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին»։ Նշենք, որ Ն.Փաշինյանն իրեն արդարացնելու համար ասաց, որ սա սոցցանցերում լայնորեն տարածվող «բոլորին հայտնի ապատեղեկատվություն» է, որն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, քանիցս հերքել է։ Թե ինչու սա նա չարեց դատական կարգով՝ առանձին վերլուծության թեմա է։ Իմանալով, որ ես անպայման վերաբերմունքս կարտահայտեմ այս դավաճանական մոտեցման հանդեպ, որը որդեգրել են ԼՏՊ-ն, Նիկոլ Փաշինյանն ու նրանց նմանները, որը վկայում է նրանց, մեղմ ասած, պարտվողական, ընդ որում՝ ըստ իրենց, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հնարավոր մոտեցման մասին, ես նույն օրը շրջահայացորեն վերցրի այդ թերթի մի օրինակ որպես, այսպես ասենք՝ իրեղեն ապացույց, որը կմերկացներ Ն.Փաշինյանին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած անխիղճ ստի մեջ։ Հիմա արդեն, մեկ տարի ինն ամիս անց ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից հետո, միանգամայն նորովի են երևում դրանց արդյունքները, մասնավորապես՝ ընտրողների 7,78% ձայները, ընտրողներ, որոնք իրենց ձայնը տվել էին Ն.Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքին։ Անվիճելի է, որ իր կայուն ընտրազանգվածն ուներ «Ելք» դաշինքի մեջ մտնող «Հանրապետություն» կուսակցության նախագահ, հարգարժան Արամ Սարգսյանը՝ ողբերգականորեն զոհված, Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Նույնը կարելի է ասել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրազանգվածի հնարավորությունների մասին, որի առաջնորդն է Էդմոն Մարուքյանը և որը 2012թ. բավական վիճելի ընտրարշավում, պատգամավորի թեկնածու, ընդդիմադիր ուժերի արժանավոր ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ պայքարում կարողացավ դառնալ ՀՀ ԱԺ V գումարման պատգամավոր։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ V գումարման պատգամավոր ընտրվեց ՀԱԿ համամասնական ցուցակով։ Մի խոսքով՝ այս երեք քաղաքական ուժերի միավորումը սիներգետիկ էֆեկտ ունեցավ, և ակնհայտ դարձավ, որ արդեն VI գումարման ՀՀ ԱԺ-ը անպայման ներկայացվելու է «Ելք» կուսակցությունների դաշինքով, որը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակիցն է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով, ընդ որում՝ ինքնին հասկանալի է, որ այն ներկայանում է որպես Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության խորացման կողմնակից, որը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մոլի ջատագովն է։ Եվ համաշխարհային քաղաքականության հայտնի կենտրոնի՝ այս չարաբաստիկ բանաձևի հեղինակի ընտրությունը կանգ առավ «Ելք» դաշինքի վրա։ Հայաստանի իշխանությունների կողմից սույն ընտրության հանդեպ Արևմուտքի բարի վերաբերմունքը քամահրելը կնշանակեր հետագայում դառնալ քաղաքական շանտաժի առարկա, բուն Հայաստանում միջազգային և հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պահպանման, դեմոկրատիայի խորացման և քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ջատագովների կողմից ընտրությունները վարկաբեկող տարատեսակ նյութերի հրապարակման վկա և թիրախ։ Մի խոսքով՝ աննկարագրելի տիեզերական աղմուկ կբարձրանար ընտրությունների իբր կոպիտ կեղծումների, ընտրողներին կաշառելու, վարչական ռեսուրսի չարաշահման և այլնի մասին։

 

Ժամանակի ընթացքում, համոզվելով, որ գործնականում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի իրագործումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի օրոք դատապարտված էր ձախողման, գործի դրվեց պլան «Բ»-ն, որով ենթադրվում էր ասպարեզ դուրս բերել քաղաքական գործչի, որը Ղարաբաղյան հակամարտության լուծման համոզված կողմնակիցն էր՝ այդ բանաձևին լիովին համապատասխան։ Այդ քաղաքական գործիչը Նիկոլ Վովայի Փաշինյանն էր, որին օգնեցին կազմակերպել սարքովի պետական հեղաշրջում Հայաստանում, որի ճարտարապետների բացահայտումը միանգամայն նշանակալի վերլուծության թեմա է, բայց այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ։ Այնուհետև ամեն բան տեղի ունեցավ մեր աչքերի առջև. արդեն Հայաստանի վարչապետի ոչ պաշտոնական հանդիպումները ԱՊՀ երկրների գագաթաժողովների շրջանակներում՝ Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, հետո՝ Փաշինյան-Ալիև մեկուկեսժամյա հանդիպումը, որը կայացավ 2019թ. հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Ընդ որում՝ նշենք, որ այդ հանդիպումներից յուրաքանչյուրից հետո ադրբեջանական կողմի արձագանքներում նկատվել է լավատեսություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների առումով։ Դա, բնական է, չէր կարող չմտահոգել հայ քաղաքական էլիտային ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։ Այս հաշվով առկա երկյուղները «ցրել» շտապեց ինքը՝ Ն.Փաշինյանը։ Ս.թ. հունվարի 25-ին արդեն Մոսկվայում 2019թ. Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության հետ կապված՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ, կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանարպետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ։ Նրանք ունեն իրենց նախագահին, խորհրդարանը և իրենց կառավարությունը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից։ Ամեն ինչ այդպես էլ տեղի է ունենում։ Դա բոլորին հասկանալի է»։ Պակաս հետաքրքրական չէ Ն.Փաշինյանի պատասխանը Դավոսում Ի.Ալիևի հետ նրա հանդիպման մասին։ Հետաքրքրական՝ այն տեսակետից, որ, ըստ էության, Փաշինյանն իր զրուցակցին ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում մի ինչ-որ անտեղյակ առաջնորդի դերում, որին ինքը հարկադրված է բան հասկացնել։ Այսպես, խոսելով Դավոսում Ի.Ալիևի հետ հանդիպման մասին՝ Ն.Փաշինյանը նշել է, որ «ոչ մի արդյունք չկա, քանի որ դա պարզապես ոչ պաշտոնական շփում է եղել, ոչ թե բանակցություններ։ Ոչ Ալիևը, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը ինչ-որ արդյունքներ այդ հանդիպումից չի ակնկալել (զարմանալի իրազեկություն Ալիևի հնարավոր ակնկալիքների մասին- Ա.Գ.): Դա պարզապես շփում էր։ Մենք խոսել ենք Ղարաբաղյան հակամարտության խնդրից։ Այն մասին, թե ինչպես են մեր ժողովուրդներն ընկալում այս խնդիրը։ Փաստորեն, սրանք բանակցություններ չեն, այլ ոչ պաշտոնական շփում (ավելի պարզ ասած՝ նախագահների խոսքուզրույց- Ա.Գ.)։ Մեր արտաքին գործերի նախարարները հանդիպում են, աշխատում են դրա վրա, առայժմ ոչ մի կոնկրետ բան ասել չեմ կարող»: ՀՀ վարչապետի այս օպուսից հետո պետք է հիանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի համարձակությամբ, որն ի տարբերություն իր բոսի, չլինելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, հաստատված չլինելով Արցախի խորհրդարանի կողմից, այնուամենայնիվ, աշխատում է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ «դրա»՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Բայց Հայաստանի վարչապետի այս խոսքերը միանգամայն սպասելի էին Հայաստանում այն պարզ պատճառով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով մերժվել է դեռևս 1998թ. և դրանց հեղինակի՝ ԼՏՊ-ի համար Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելու գին է արժեցել։ Նրա իսկ աշակերտը սկզբում ամեն ինչ անում էր, որպեսզի ցույց տա իր անդրօվկիանոսյան խրատատուներին, որ հավատարիմ է այդ կանխադրույթների համաձայն հակամարտության կարգավորմանը։ Հիշենք նաև, որ միևնույն ժամանակ նա 1992-1994թթ. Արցախի ազգային-ազատագրական պատերազմի առաջնորդների և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի անարգման, դեմոնացման և վարկաբեկման կատաղի քարոզարշավ սկսեց։ Ոչ առանց Փաշինյանի ջանքերի Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչություններում բարձր պաշտոններից զրկվեցին Արցախյան պատերազմի տարիներին (1992-1994թթ.) իրենց լավ դրսևորած գեներալները։ Նա նաև «ասպատակում» կատարեց ներկայում գործող Արցախի հերոսների հանդեպ և... հասկացավ, որ իր շրջապատի ստրկամտությունը և նրա կողմից իր բոլոր գործողությունների քաջալերումը բնավ բավարար պայման չեն արցախցի գեներալներին վախեցնելու համար։ Քաջարի մարդիկ, ովքեր ազգային-ազատագրական պատերազմի տարիներին ամեն ժամ իրենց աչքերի առջև մահ են տեսել, հարյուր ու հազարավոր ընկերների, հարազատ-բարեկամների մահն ապրել և դրանով հանդերձ չեն երկնչել, ավելին՝ իրենց աննկուն կամքով ու պայքարի արդարացիության համոզմունքով, պայքար, որն, ի տարբերություն ադրբեջանցիների, վարվում է ոչ թե տարածքների, այլ Հայրենիքի համար, հաղթահարել են մահն ու հաղթանակել։ Եվ ահա, ինքը՝ Ն.Փաշինյանը, խորապես հասկացել է, որ բնավ ավելի խելացի ու տեղեկացված չէ իր նախորդներից՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, էլ չեմ ասում այն մասին, որ այնքան էլ միամիտ չէ, որպեսզի գրանտատուների ու նրանց թիկունքին կանգնած ուժերի հույսերն արդարացնելու նպատակով վտանգի իր անձնական անվտանգությունը հանուն իրեն նվիրաբերված Հայաստանի վարչապետի պաշտոնի։ Կրկնում եմ, այժմ չենք քննարկի սարքովի պետական հեղաշրջման ճարտարապետների թեման, այլ լոկ կնշենք այն մասին, որ 2018թ. ապրիլ-մայիսին համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի կողմից «դանայացիների նվերները» մատուցվեցին ոչ թե առանձին վերցրած մարդուն՝ Նիկոլ Փաշինյանին, այլ հայոց պետականությանը։ Գուցե սույն գործողությունը հնարավոր դարձավ նաև շնորհիվ Հայաստանի նախկին իշխանությունների անգործության, որոնք այլ նպատակ էին հետապնդում. համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին ցույց տալ այն անխախտ ճշմարտությունը, որ Հայաստանում չի գտնվի մեղսունակ որևէ քաղաքական գործիչ, ով, իշխանության տենչից կուրացած, կամ բազմամիլիոնանոց դոլարների ողորմությունից (որոնց անունը Ջորջ Սորոսի գրանտներ է) կուչ եկած՝ իր տգիտության պատճառով շփոթեր Հայրենիք հասկացությունը տարածք հասկացության հետ։ Անգամ այն դեպքում, երբ նման մոտեցումը համահունչ է տվյալ դեպքում նրա՝ Նիկոլ Փաշինյանի ներքին համոզմունքներին (նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի 2001թ. մայիսի 22-ի հոդվածը «Հայկական ժամանակ» թերթում՝ «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով), արդի Հայաստանում նման քաղաքականություն վարելը հավասարազոր է գործնականում քաղաքական կամիկաձեի փիլիսոփայության իրականացմանը։ Այս թեման ամփոփելով ստիպված ենք միայն զարմանալ ադրբեջանական կողմի տրտմագին լացուկոծից, որն իրեն երկար սպասել չտվեց Ղարաբաղյան կարգավորման իր տեսլականի վերաբերյալ Ն.Փաշինյանի վերջին հայտնություններից հետո։ Այսպես, ոչ անհայտ Minval.az էլեկտրոնային պորտալը, որը սպասարկում է Ադրբեջանի կառավարությանը, ս.թ. փետրվարի 2-ին հրապարակել է հոդված՝ «Փաշինյանն ընտրում է պատերազմը։ Մոսկվայի թելադրանքո՞վ» վերնագրով (https://minval.az/news/123860479, Նուրանի)։ Հոդվածի հեղինակը նշում է. «Դեռ վերջերս թե՛ բանակցությունների մասնակիցները՝ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը, թե՛ դիտորդները, թե՛ փորձագետները բանակցությունների առիթով բավական վստահ լավատեսություն էին արտահայտում։ Բայց հիմա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք ոչ միայն զրոյացնում են այդ լավատեսությունը, այլև առհասարակ սպառնում են կործանել բանակցային գործընթացը»։ Նիկոլ Վովաևիչի՝ իմ նշած մեջբերումներից բացի, ադրբեջանցի մեկնաբան տիկին Նուրանիին տագնապեցրել են ՀՀ վարչապետի հայտարարություններն այն մասին, թե. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Հետո հետևյալ միտքը. «Ես մի քանի անգամ հանդես եմ եկել Ազգային ժողովի ամբիոնից և ասել, թե ինչու ենք մենք բոլորս հարցնում՝ պատրա՞ստ ենք արդյոք փոխզիջումների, թե՞ ոչ։ Եվ ո՞վ է ասել, որ մենք ենք հարցի հիմնական սուբյեկտը։ Ինչո՞ւ ոչ ոք Ադրբեջանին չի հարցնում՝ պատրա՞ստ են արդյոք նրանք փոխզիջումների։ Եվ դրա համար ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ մենք չենք պատասխանի այդ հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանի դրան»։

 

Ի տարբերություն Minval.az-ի մեկնաբանի, ուրախալի է փաստել, որ երկրի «ղեկավարման» անցած 9 ամիսներին Ն.Փաշինյանը եկել է այբբենական ճշմարտությունների, որոնք ցայժմ հասու չէին թե՛ իրեն, թե՛ իր քաղաքական խրատատուներին՝ հանձին ԼՏՊ-ի, թե՛ համաշխարհային քաղաքականության որոշակի կենտրոնին, որն ահա արդեն ոչ մեկ տասնամյակ հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում հայոց պետականության խարխլման վրա՝ ապահովելու համար այն, որ երկրում իշխանության գան հայ ազգային ավանդույթը, բուն հայկական ազգային ինքնությունը կործանողները, որ հրաժարվեն ավանդական քրիստոնեական արժեքներից, օրինակ՝ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդի համակողմանի խրախուսման, ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչներին հոգատարությամբ և ուշադրությամբ շրջապատելու և այլ նսեմ դրսևորումների միջոցով։ Ընդ որում՝ ամենավտանգավորն այն է, որ այս զզվելի արարքները գործող իշխանությունները փորձում են տարածել նաև հանրակրթական դպրոցի վրա՝ անկիրթ վերաբերմունք ցուցաբերելով Հայ Առաքելական եկեղեցու շարքային սպասավորի հանդեպ, որը դեպքի բերումով հանկարծ հայտնվել էր դպրոցում։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ կրթության նախարարն օրերս Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցում, տեսնելով տեղի քահանա հայր Դավթին, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել նրա հանդեպ՝ ասելով. «դո՞ւ այստեղ ինչ ես անում»։

 

Կրթության նախարարին շատ ըմբռնելի պատասխան է տվել Արարատի մարզի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Ղազար Պետրոսյանը։

 

«Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերից չկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել և տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է՝ որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանելը: Ուրեմն՝

 

1. Հայոց դպրոցի և դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է:

2. Հայոց դպրոցների և՛ ուսուցիչներ, և՛ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք:

3. Հայոց ամենանշանավոր և ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր:

4. Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր:

5. Հայոց հին և ամենանշանավոր ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր:

6. Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր:

7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր:

8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը՝ բոլորը քահանաներ էին»։

 

Այսքան ըմբռնելի պատասխանից հետո, թվում է, թե միջադեպն ավարտված է։ Բայց չէ՜։ Նախարարի դատապաշտպանի դերում ընդարձակ հարցազրույցով հանդես եկավ նախարարի նախկին տեղակալը, այժմ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ն.Փաշինյանի դաշինքից։ Չեմ խորանա նրա պատասխանի մանրամասների մեջ։ Նպատակը մեկն է. ցանկացած պատրվակով, ցանկացած գնով հանել հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։

 

Վերադառնալով ադրբեջանական կողմի լալագին արձագանքին Ն.Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ այդ նույն հրապարակումից մեջբերենք մեկ այլ հատված. «Հիմա՝ հայտարարությունների նոր շարք, արդեն Փաշինյանի Բեռլին կատարած այցելության ընթացքում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերում է կարգավորմանը, կարծում եմ, որ հանախագահ երկրները և միջազգային հանրությունը հստակ հայտարարել են, որ խնդրի լուծումը հակամարտության մեջ ներքաշված երեք կողմերի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտությունը լուծել երեք կողմերի փոխարեն, այլ կարող է միայն ստեղծել պլատֆորմ երկխոսության և բանակցությունների համար։ Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է ստեղծել այդ պլատֆորմը»։ Սրանից հետո ադրբեջանցի մեկնաբանը, չկարողանալով զսպել իրեն, խոսում է ադրբեջանական կողմի ֆիասկոյի մասին, որն, արդեն ակնհայտ է, շատ մեծ հույսեր էր կապել Ն.Փաշինյանի իշխանության գալու հետ։ Տիկին Նուրանին Minval.az-ից տրտնջում է. «Իրատես լինենք, երկխոսության ներկա փուլը, որը դեռ մի քանի օր առաջ այդքան բազմախոստում էր թվում, անցնում էր ԱՄՆ մոդերացիայի ներքո՝ հանձին Ջոն Բոլթոնի (այ թե որտեղ է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու դրդապատճառների բանալին՝ ըստ ամերիկա-ադրբեջանական պատկերացումների Ղարաբաղյան հակամարտության լուծման համար, համաձայն «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի- Ա.Գ.), և Մոսկվան նախագահի խորհրդականի տարածաշրջան կատարած այցի ու Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունների դեռևս տաք հետքերով ի ցույց դրեց իր դժգոհությունը Վաշինգտոնի կողմից իր, ինչպես համարում են Կրեմլում ու Սմոլենսկյան հրապարակում, «ազդեցության գոտի» ներխուժման առիթով։ Եվ հակամարտության լիարժեք լուծումն էլ հազիվ թե մտնում էր Մոսկվայի պլանների մեջ. նրան հարկավոր է հակամարտությունն «աշխատանքային վիճակով» և Բաքվի ու Երևանի վրա ճնշման համար, և իրավիճակի ապակայունացման համար Ռուսաստանին ոչ շահավետ Ադրբեջանի նավթա- և գազատարների հարևանությամբ։ Մանավանդ հիմա, երբ «գազային պատերազմը» Եվրոպայում ընթանում է շատ ավելի կոշտ սցենարով»։

 

Ահա այսպիսի բաներ։ Դե, ինչ, պետք է արժանին մատուցել Ն.Փաշինյանին, որն արտաքին քաղաքականությունում իր վայրիվերումներով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում, Ի.Ալիևի հետ իր խոսքուզրույցներում, ինքն էլ գլխի չընկնելով, ադրբեջանական կողմին մղել է բացահայտելու Ռուսաստանի հանդեպ ափշերոնյան սուլթանի իսկական վերաբերմունքը։ Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի որոշակի ինտերնետ պորտալները, այդ թվում, իհարկե, Minval.az-ը, ափշերոնյան սուլթանի խոսափողներն են։

 

Ադրբեջանական իշխանությունների հիասթափությունը լրջորեն մտահոգել է նաև գլխավոր միջազգային խառնակչին, այսպես ասենք՝ քաղաքական արկածախնդիր Ջորջ Սորոսին։ Ըստ երևույթին, Ի.Ալիևի արտաքին քաղաքական ձախողման մեղքի մի մասը դրվում է նաև ամերիկյան այս ֆիլանտրոպի վրա, որը վերջին տարիներին, կրկնում եմ, ԱՄՆ հարյուրավոր դոլարներ է ներդրել Հայաստանի քաղաքացիների, հատկապես երիտասարդության (որը կոչված է պաշտպանելու Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը) գիտակցությունից հայրենասիրության զգացումը, հայկական բազմադարյա քրիստոնեական ավանդույթներին հավատարմությունն արմատախիլ անելու համար։ Բայց, դատելով Ն.Փաշինյանի վերջին հայտարարություններից, հայ հանրությունը դեռևս լրիվ չի դեգրադացվել ու չի «հասունացել» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն ընդունելու համար։ Այդ ինչո՞ւ հանկարծ հիշեց Սորոսին, կմտածի ընթերցողը: Այսպես, օրերս ամերիկացի միլիարդատեր և «Բաց հասարակություն» ֆոնդի հիմնադիր Ջորջ Սորոսը, ըստ երևույթին, վատ բան նախազգալով, կոչ է արել աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ «Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի դեմոկրատական ներկայի և ապագայի համար», – գրել է Սորոսը Twitter-ում։ Հատկանշական է, որ այս գրառմանը նա կցել է երիտասարդ լրագրողուհի Տ.Խ-ի հոդվածը՝ «Ինչպես ԱՄՆ-ը կարող է աջակցել Հայաստանում երիտասարդ դեմոկրատիային» վերնագրով։ Չեմ թաքցնի, ինձ համար հետաքրքիր էր հասկանալ, թե այդ ինչու է պետություններ քանդող Սորոսը հղում կատարում սովորական մի հոդվածի՝ ստանդարտ հանձնարարականներով, որոնց կատարումը ինչ խոսք բարիք կարող է բերել։ Հարցն այլ բան է։ Հայտարարելով այն մասին, որ իր պատկերացմամբ՝ «Հայաստանում երիտասարդ դեմոկրատիային աջակցությունը» հանգեցվում է լոկ կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և իրավագիտության ինստիտուտների կատարելագործման հանձնարարականներին, Սորոսը շեղում է ընթերցողների ուշադրությունը իր ֆոնդի կողմից սնվող տարատեսակ հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների կործանարար գործունեությունից։ Խոսքը տոտալիտար կրոնական աղանդների, ԼԳԲՏ հանրույթի և ապակառուցողական այլ ուժերի ֆինանսավորման մասին է, որոնց գործունեությունը հստակ տեղավորվում է իշխանափոխության ոչ բռնի գործողությունների 198 մեթոդներում, որոնք հանգամանալիորեն նկարագրված են Ջին Շարփի հայտնի աշխատությունում։

 

Կարծում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո 2018թ. ապրիլ-մայիսի ձեռակերտ պետական հեղաշրջման ճարտարապետները համոզվեցին մի ինչ-որ «կարմիր գծի» գոյության մեջ, որը չի հատի անգամ ամենաանսկզբունքային քաղաքական գործիչը, թեկուզև ելնելով սեփական մորթապաշտ շահերից։ Ի դեպ, սրանում համոզվեցին նաև որոշակի արտաքին ուժերը, որոնք գուցե և իրոք կարծում էին, թե «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն այլընտրանք չունի։ Նշենք՝ առանց Արցախի Հանրապետության ապագա կարգավիճակի հստակ նշման։ Ն.Փաշինյանի հետ կապված փորձարկումը շատ տարիներ հետ գցեց Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ սասանեց հայ ժողովրդի հավաքական իմաստնության հանդեպ մեր փորձով հաստատված բարեկամների ու դաշնակիցների հավատը։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այս փորձարկումը խոր հիասթափություն կառաջացնի մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մեջ, որոնք, նախկին իշխանություններից ինչ-որ հոգնածության պատճառով ասեմ, թե հանապազօր սոցիալական ու տնտեսական խնդիրների դանդաղ լուծման հետևանքով, անկեղծորեն փոփոխություններ էին ուզում։ Էլ չեմ ասում Հայաստանի անփորձ, բայց իր մղումներում ազնիվ երիտասարդության մասին, որը դարձավ մանրակրկիտ մտածված հիբրիդային պատերազմի զոհը, որն ահա արդեն մեկ տասնամյակ վարվում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Կարծում եմ, որ տեղին է հիշատակել «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի ճնշիչ ազդեցության մասին, որի առանձին թափթփուկներ ահա արդեն մի քանի ամիս փորձում են խափանել Հայաստանի, Արցախի Հանրապետության և Սփյուռքի միլիոնավոր հայերի հավատը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ, նրա գլխավոր հայրապետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հանդեպ։ Կուզենայի հավատալ և հուսալ, որ Նիկոլ Վովաևիչը կատարել է իր առաքելությունը՝ ցույց տալով Ղարաբաղյան հակամարտության՝ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով կարգավորման անիրատեսականությունը՝ առանց Արցախի Հանրապետության կարգավիճակի սահմանման, և հիմա նա, մավրի նման, կարող է հեռանալ։ Ինչպես գերմանացի մեծ պոետ Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» պիեսում մավրը (մեր պարագայում՝ Փաշինյանը), որն օգնել էր կոմս Ֆիեսկոյին ապստամբություն կազմակերպել դոժ Դորիայի՝ Ջենովայի բռնակալի դեմ, շուտով հայտնաբերում է, որ արդեն հարկավոր չէ դավադիրներին (մեր պարագայում՝ համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնին, որովհետև հրաժարվեց կատարել նրան տված խոստումները)։ Մավրը հասկացավ, որ նրանք (դավադիրները) իր մեջ միայն իրենց նպատակներին հասնելու գործիք են տեսել։ Մեր օրերին հարմարեցնելով այս սյուժեն՝ նշենք, որ մեր պարագայում «դավադիրների» գլխավոր նպատակների մեջ եղել է, Արցախի Հանրապետության անվտանգության գոտուց հրաժարվելու միջոցով, այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ պատերազմի սանձազերծմանը։ Իսկ հետո, օգտագործելով քանիցս փորձարկված տեղեկատվական պատերազմի տեխնոլոգիաները՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի սկսման մեղքը կբարդեին Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի վրա։ Սա, անդրօվկիանոսյան ստրատեգների մտահղացմամբ, կստեղծեր պարարտ հող Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի խզման, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վարկաբեկման ու այդ կազմակերպություններից Հայաստանի դուրս գալու համար։ Դրան կհաջորդեին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի փակումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանապահ զորքերի վարչության ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանից, Ռուսաստանի ՌՕՈւ ռազմաօդային բազայի փակումը «Էրեբունիում»։ Այս ամենը չի կատարվելու, այնպես որ ժամանակն է, որպեսզի Ն.Փաշինյանի քաղաքական և ֆինանսկան հովանավորները հասկանան, որ Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը, իհարկե՝ ոչ մինչև վերջ, բայց նա՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է հեռանալ։

 

 

Հ.Գ. Չէի ցանկանա հոդվածս տխուր նոտայով ավարտել։ Եվ այսպես, 2019թ. հունվարի 27-ին լրացավ Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի (1990-1995թթ.) պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անդամ, պահեստի գնդապետ Լևոն Հակոբի Գալստյանի ծննդյան 80-ամյակը։ Նշեմ, որ 1990թ. մայիսի 27-ին ինձ՝ որպես Երևանի քաղաքապետ, հաջողվեց կանխել հայտնի անձանց ստոր սադրանքը (որոնց հետևորդները հիմա իշխում են Հայաստանում), որը կարող էր հանգեցնել մեծ արյունահեղության, շնորհիվ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Ռուբեն Գևորգյանի, Կիլիկիայից Մացիկի, Վարդան Հակոբյանի, Մանվել Քոչարյանի և, իհարկե, Երևանի ներքին գործերի քաղաքային վարչության պետ, երջանկահիշատակ Սերգեյ Գուրգենի Աթարբեկյանի պրոֆեսիոնալիզմի։ Չէի ցանկանա ավելի մանրամասն կանգ առնել այդ իրադարձությունների վրա։ Կարևորն արդյունքն էր. եթե համանման սադրանքների ընթացքում, որոնք վերահսկվում ու սերմանվում էին Խորհրդային Միության փլուզման կոորդինացման նույն կենտրոնից, Բաքվում և Թբիլիսիում զոհերի թիվը հաշվվում էր մի քանի հարյուրներով, ապա Հայաստանում մենք կոցրինք մեր 17 համերկրացու, ինչն, իհարկե, շատ մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար։ Բնականաբար, 1990թ. մայիսի իրադարձությունների նման «սակավարյուն» ելքը չէր կարող բավարարել նման սադրանքների գաղափարախոսներին, որոնք այն տագնապալի ժամանակներում բռնկվում էին Խորհրդային Հայաստանի այս կամ այն շրջանում ու անհապաղ «մարում»՝ շնորհիվ Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար, գնդապետ Լևոն Հակոբի Գալստյանի բարձր պրոֆեսիոնալ, օպերատիվ գործողությունների։ Եվ ահա, Լևոն Հակոբովիչի՝ «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակում հավաքված զինակիցներն ու գործընկերները, չնայած իրենց արդեն ոչ երիտասարդ տարիքին, այնուամենայնիվ, պատրանքներ և հույսեր էին տածում, թե գնդապետ Լևոն Հակոբի Գալստյանին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից գոնե մեկը կշնորհավորի փառապանծ 80-ամյակի առիթով։ Դե, գոնե դա կհանձնարարվի անել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, անըմբռնելիորեն ինքնազսպություն ու սառնարյունություն դրսևորած գնդապետ Վալերի Օսիպյանին, որը, լինելով Երևան քաղաքի ոստիկանապետի տեղակալը և պատասխանատվություն կրելով իրավակարգի պահպանման համար հանրահավաքների ժամանակ, այդպես էլ չխոչընդոտեց 2018թ. ապրիլի 14-ին Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի գրոհին։ Նրա տոկունությունը բավականացրեց «անսասանություն» և «չեզոքություն» պահպանել նաև 2018թ. ապրիլի 17-ին ցուցարարների կողմից, որոնց հրահրում էր Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի շենքի տարածքը, իսկ հետագայում հենց ԱԺ շենքը անխոչընդոտ զավթելիս։ Շնորհավորելով գործընկերոջը՝ Վ.Օսիպյանը, կարծում եմ, իր այդ քայլով շատ բան արած կլիներ ինքն իր համար։ Ավաղ, նման բան տեղի չունեցավ։ Սակայն ում՝ ում, բայց մեզ, որ գիտենք պետության քայքայման տեխնոլոգիան, ինչով զինված են Ն.Փաշինյանի զինակիցները, պետք է լավ հայտնի լիներ, որ շնորհավորանքը խորհրդային միլիցիայի արժանավոր ղեկավարի հոբելյանի առիթով սերունդների հաջորդականության ինքնատիպ դրսևորում կլիներ, մինչդեռ սերունդների հաջորդականության գովազդումը, հիշատակումը այն ամենի, ինչն կազնվացներ խորհրդային միլիցիոների կերպարը, լիովին հակասում են այն դրույթներին, որոնք ներկայացված են ոչ բռնի իշխանափոխության 198 հանձնարարականներում։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 45534


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ հայոց սրբությունների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ հայոց սրբությունների

Փետրվարի 13, 2019


Փաշինյան Նիկոլը որոշել է կպնել հայ ժողովրդի սրբությանը` փողին: Այսօր Ազգային ժողովում նա ասել է, որ կառավարությունը քննարկում է...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկոլո Պագանինիի տեղում

Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկոլո Պագանինիի տեղում

Փետրվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն իր ծրագիրն է ներկայացրել Ազգայի ժողովին: Եվ ոմանք վատացել են: «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր պողոսյան քրիստինեն...

Ռուս գեղեցկուհու և հայ ժողովրդի դառը ճակատագրի ընդհանրության մասին

Ռուս գեղեցկուհու և հայ ժողովրդի դառը ճակատագրի ընդհանրության մասին

Փետրվարի 11, 2019


Վերջերս մի տխուր դեպք է գրանցվել Եվրոպայում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ: Ուրեմն, մի երիտասարդ մի շքեղ գեղեցկուհու հետ մտնում...

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Փետրվարի 9, 2019


Որտեղ ասես չես հանդիպի ժողովրդի վարչապետի անունը: Այս պահի դրությամբ մենք նրա մասին չենք կարդացել միայն ոստիկանական տեղեկատվութ...

Փաշինյան Նիկոլը կրկին սուտ չի խոսել

Փաշինյան Նիկոլը կրկին սուտ չի խոսել

Փետրվարի 7, 2019


Փաշինյան Նիկոլը Դավոսում հարցազրույց էր տվել RTS ռադիոկայանաին, որին հիացրել էր իր ամեն ինչով` թե հագուստով, թե խելքով, թե համե...

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Փետրվարի 7, 2019


1944թ. դեկտեմբերի 14-ին լեգենդար Նելսոն Ստեփանյանն իր վերջին թռիչքը կատարեց. նրա օդանավը հավասար օդային պայքարում խփվեց և ընկավ...

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Փետրվարի 7, 2019


Այն, որ Հայաստանի դատախազները հիմնականում զուրկ են բարոյականությունից, կարող են ցանկացած իրավական հարց գլխիվայր շրջել և նենգափո...

Փաշինյան Նիկոլը անիմաստ ստախոսությամբ է զբաղված

Փաշինյան Նիկոլը անիմաստ ստախոսությամբ է զբաղված

Փետրվարի 5, 2019


Փաշինյան Նիկոլն առ այսօր համոզված է, որ իր հեղափոխության դրսի ուժերը կապ չունեն: Ավելի ստույգ` Փաշինյանն ուզում է դրանում համոզ...

Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են դեպի պետականության կորուստ

Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են դեպի պետականության կորուստ

Փետրվարի 1, 2019


Հայաստանում իշխանությունը «զավթած» Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով նպատակաուղղված և «հայտնի ուժերի» թելադրանքով հարվածի տ...

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փետրվարի 1, 2019


Ֆիլմ ունի Բունուելը, որի հերոսը սպանում է մեկ այլ հերոսի, որին շատ բան էր պարտական և չէր կարող տակից դուրս գալ: Հանգիստ ապրելու...

Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Հունվարի 30, 2019


Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Փաշինյան Նիկոլը Իլհամ Ալիևի հետ քննարկում է տարածքներ առանց խաղաղության տարբերակը: Քանի որ ա...

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված

Հունվարի 28, 2019


Այսօր Հայաստանը տոնում է բանակի օրը: Քանի որ այն ասոցիացվում է Վազգեն Սարգսյանի հետ, ՀՀ նորմալ քաղաքացիները չեն կարող դա տոն հա...

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Հունվարի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և մյուս անդամներին: Ժողովրդի վարչա...

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Հունվարի 27, 2019


Փաշինյան Նիկոլի վերջին հյուրախաղերը Մոսկվայում տարակուսանք են առաջացրել փորձագիտական շրջանակներում։ Մոսկան մեծ քաղաք է, ոնց էլ ...

Առաջին անգամ Փաշինյանը չստեց ու սխալվեց

Առաջին անգամ Փաշինյանը չստեց ու սխալվեց

Հունվարի 26, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը վերջապես առաջին անգամ իր պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում խոսեց անկեղծ, ի սրտե, ազնիվ, այսի...

Փաշինյան Նիկոլի գունավոր հավերը` իշխանության և խաղաղության մասին

Փաշինյան Նիկոլի գունավոր հավերը` իշխանության և խաղաղության մասին

Հունվարի 25, 2019


Երեկ Հինգերորդ ալիք հարցազրույցի էր գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հավերից մեկը` ղազարյան թագուհի վերնագրով: 27 տարեկան գո...

Քայլասեր Փաշինյան Նիկոլը

Քայլասեր Փաշինյան Նիկոլը

Հունվարի 24, 2019


Փաշինյան Նիկոլի խելքն ու միտքը քայլն է: Տպավորություն կա, որ էս տղեն քայլելուց բացի ուրիշ բանի ունակ չէ: Շվեյցարիայում սա հանդի...

Փաշինյան Նիկոլն Իլհամ Հեյդարիչի հետ բան չի խոսել

Փաշինյան Նիկոլն Իլհամ Հեյդարիչի հետ բան չի խոսել

Հունվարի 23, 2019


Դավոսից նա մեզ այդպես ասաց: Զրուցել է, բայց չի խոսել: «Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե առնվազն նույն տ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ