Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հունվարի 12, 2019
Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Արտաշես Գեղամյան

 

Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց տարակուսանքի և տագնապի զգացողությունը։ Նոր՝ 2019 թվականի նախօրեին ադրբեջանական Minval.az տեղեկատվա-վերլուծական պորտալի խմբագրությունը հրապարակեց, ըստ իրենց, անցնող տարվա լավագույն հոդվածները (https://minval.az/news/12385159)։ Եվ ահա, ընտրված «լավագույն» նյութերի շարքում չորրորդ տողը զբաղեցնում է Բաքվի Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, վաստակավոր լրագրող Շելալե Հասանովայի հոդվածը՝ «Մենք պետք է վերադառնանք Իրևան» վերնագրով։ Սխալվում եք, հարգելի ընթերցող, եթե կարծում եք, թե Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված՝ հեռուստատեսությամբ լայնորեն լուսաբանված աշնանային միջոցառումներից հետո վաստակավոր լրագրողին ձգել է «Երևանի կենտրոնում, Չարենցի փողոցում մեծացած, այն ժամանակ հեղինակավոր Ձերժինսկու անվան դպրոցում սովորած իր ամուսնու պատանեկության քաղաքը», որպեսզի անձամբ տեսնի Հայաստանի գեղեցիկ մայրաքաղաքը։ Ավաղ, Շելալե Հասանովային դրդող պատճառները բոլորովին այլ էին։ Այդ ի՞նչ հետաքրքիր բան է պատմում հեղինակն ընթերցողներին 2018թ. «լավագույն» հոդվածներից մեկում։ «Իրևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերը։ Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք պետք է մոտենանք դրան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս կոչը, որը վերջերս հնչեց «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարի ամբիոնից, ռազմավարական չափում է ստացել յուրաքանչյուր ադրբեջանցու համար, քանզի Իրևանը բարձրացրել է Պատմական Հիշողության Տաճարի (տարօրինակ է՝ ինչո՞ւ ո՛չ մզկիթի- Ա.Գ.) խորհրդանիշը լինելու մակարդակի»։ Համաձայնեք, զիլ է ասված։ Հետո ավելի հետաքրքիր է։ Շելալե Հասանովան շարունակում է. «...Ադրբեջանի նախագահը գլոբալացնում է այս քաղաքական տրենդը (նկատի ունի Իրևան վերադառնալը- Ա.Գ.), որպեսզի ԹՈՒՅԼ ՉՏԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԽԼԵԼ Կիլիկիայից Կարա-Կոյունլու պետություն... հայկական եկեղեցու աթոռանիստը տեղափոխելու ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այո, մենք կվերադառնանք Իրևան, որպեսզի հարգենք նախնիների հիշատակը, սրտերում բորբոքելու միջնադարյան ադրբեջանական քաղաքի պատմությունը» (ընդգծումն իմն է-Ա.Գ.)։ Այս ռազմատենչ մարազմը՝ պատմության տեսակետից, ոչ մի քննադատության չի դիմանում։ Բավական է մեջբերում կատարել ամերիկյան ունիվերսալ հանրագիտարանից՝ համոզվելու համար, որ Շելալե Հասանովայի մտքերը բացարձակ անհեթեթ են. «Britanica.Երևան. «Չնայած Երևանն առաջին անգամ պատմականորեն հիշատակվում է մ.թ.ա. 607թ., հնագիտական վկայություններով այն թվագրվում է որպես մ.թ.ա. 6-3 հազարամյակների բնակավայր, իսկ հետո նաև որպես Էրեբունի ամրոց մ.թ.ա. 783 թվականին, մ.թ.ա VI դարից դարձել է Հայկական թագավորության մի մասը» (Britannica. Yerevan. «Though first historically recorded in 607 ce, Yerevan dates by archaeological evidence to a settlement on the site in the 6th-3rd millennia bce and subsequently to the fortress of Yerbuni in 783 bce. From the 6th century bce it formed part of the Armenian kingdom»)։ Բայց իրավիճակի անհեթեթությունն այն է, որ եթե սկսենք լրջորեն վիճարկել Երևանի (հիմնադրված մ.թ.ա. 782թ. Ուրարտու պետության արքա Արգիշտի I-ի կողմից) պատմական պատկանելությունը օղուզական թյուրքական քոչվոր կարա-կոյունլու (թյուրք. «սև ոչխար արածեցնողներ»- Ա.Գ.) ցեղախմբին, դա նույնը կլինի, ինչ եթե կամովին ստանձնենք հայտնի արտահայտության երգիծական պերսոնաժի դերը. մի՛ փորձեք հասկանալ կնոջը, թե չէ, Աստված մի արասցե, մեկ էլ տեսար հասկացաք։

 

Ստոր պատմական կեղծիքի տարածում, պատերազմի բացահայտ կոչեր, որոնց էլ ավելի մեծ համոզչություն տալու համար Շելալե Հասանովան վկայակոչում է Իլհամ Ալիևին. ահա 2018թ. Minvel.az ինտերնետ-պորտալի հրապարակած «լավագույն» հոդվածներից մեկի գլխավոր արժանիքները։ Համոզված եմ, որ Շելալե Հասանովան Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի ամանորյա (2019թ.) շնորհավորանքի տողերում ևս ոգեշնչվելու նոր, անսպառ աղբյուր կգտնի։ Ուրեմն, ադրբեջանական ժողովրդին ինչի՞ էր կոչում իր ամանորյա շնորհավորանքում ափշերոնյան սուլթանը. «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է լրիվ կատարվեն, օկուպացիոն ուժերը պետք է անվերապահորեն դուրս բերվեն մեր հողերից։ Կարող եմ ասել, որ 2018թ. Ադրբեջանը լուրջ դիրքեր է նվաճել հակամարտության կարգավորման գործում... Հայաստանում 20 տարի շարունակ իշխանությունը բռնատիրած քրեական, կոռումպացված խունտայի ռեժիմը տապալվեց, և սա Ադրբեջանի դեմ Հայաստանի վարած զավթողական քաղաքականության լիակատար տապալումն է... Կարծում եմ, որ այսօր հակամարտության կարգավորման համար նոր իրավիճակ է ստեղծվում։ Հույս ունեմ, որ 2019թ. այս ոլորտում կարող են տեղաշարժեր լինել»։ Այս խոսքերից հետո քիչ է մնում շնորհակալություն հայտնես մուալիմ Իլհամին հայտնությունների համար։ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած պետական հեղաշրջումը Ադրբեջանի նախագահը գնահատում է ոչ այլ կերպ, քան «Ադրբեջանի դեմ Հայաստանի վարած զավթողական քաղաքականության լիակատար տապալում»։ Իսկ ինչ վերաբերում է «Հայաստանում իշխանությունը բռնատիրած քրեական, կոռումպացված խունտայի ռեժիմի» տիպի գնահատականներին, ապա տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի գործող իշխանությունները, ի հաստատումն Ալիևի այս գնահատականների, կատարում են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների աղմկալի, ԶԼՄ-ներում լայնորեն գովազդվող «մերկացումներ», ընդ որում՝ քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկի՝ անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտմամբ, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում նշված տարատեսակ պիտակավորումներով։ Իսկ դատաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հանդեպ հաստատումն է Հայաստանի նոր իշխանությունների կողմից Ի.Ալիևի ամանորյա շնորհավորանքի մեկ այլ՝ «Հայաստանում իշխանությունը բռնատիրածների մասին» բնորոշման օբյեկտիվության։ Խիստ զարմանալ չարժե, քանի որ եթե պետական հեղաշրջումները, ինչպիսին անցած տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցածն էր, դրանց հակասահմանադրականության դատապարտման փոխարեն հիացմունքով են ընդունվում զանազան ջատագովների (դիցուք՝ մարդու իրավունքների, անձի, հատկապես ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցչի ազատության, դավանանքի ազատության, ներառյալ՝ «Կյանքի խոսքը» աղանդի տիպի տոտալիտար կրոնական աղանդներին պատկանելը) կողմից, ապա այս փաստերը նույնպես վկայում են Հայաստանում կատարված պետական հեղաշրջման սարքովիության մասին։ Այս մասին անուղղակիորեն մեզ տեղեկացնում է նաև Ի.Ալիևն այդ նույն ամանորյա շնորհավորանքում։ Ինչպես և պետք էր սպասել, մուալիմ Իլհամի մտքերը 2019թ. հունվարի 4-ին զարգացրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը https://apa.az ինտերնետ-պորտալում հրապարակված «Հասանով. աշխարհը տեսավ Ադրբեջանի ռազմական պոտենցիալը» հոդվածում, որում նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանական բանակն իր 100-ամյակը դիմավորեց բարձր մակարդակով։ Մեր բանակը հաջող գործողություններ անցկացրեց թշնամու դեմ (նկատի ունի Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ- Ա.Գ.) 2016թ. ապրիլին և 2018թ. հունիսին» (ընդգծումն իմն է- Ա.Գ.)։ Հատկանշական է, որ 2018թ. հունիսի 26-ին, ելույթ ունենալով Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 100-ամյա հոբելյանին նվիրված զինվորական շքերթի ժամանակ՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «անցած ամիս (այսինքն՝ 2018թ. մայիսին- Ա.Գ.) Նախիջևանում առանձին համազորային բանակի կողմից իրականացված հաջող գործողության արդյունքում ազատագրվել է 11 հազար հեկտար հող»։ Կարծում ենք՝ ընթերցողն ուշադրություն դարձրեց հակասությանը 11 հազար հեկտար հողի «ազատագրման» ամիսը նշելու հարցում. ըստ Ալիևի՝ դա տեղի է ունեցել 2018թ. մայիսին, իսկ ըստ Զաքիրովի՝ հունիսին։ Իսկ ահա ՀՀ ներկայիս ղեկավարությունը հստակ որդեգրել է մեկ այլ վարկած. 11 հազար հեկտար հող «ազատագրվել» է անցած տարվա ապրիլին, ինչի մասին, համաձայն Ն.Փաշինյանի առաջադրած վարկածի, ոչ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ պաշտպանության նախարարը չեն էլ իմացել։ Ես հատուկ եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրում այս հակասության վրա, որպեսզի արձանագրեմ անվիճարկելի փաստը. 2018թ. մայիս-հունիսին պետական հեղաշրջումից հետո Հայաստանում տիրող քաղաքական վաքխանալիան պարարտ հող էր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի զգալի ու վտանգավոր առաջխաղացման համար։ Եվ այս փաստն այքան էր ոգևորել ափշերոնյան սուլթանին, որ սա իր 2018թ. հունիսի 26-ի վերոնշյալ ելույթում ասել էր. «Մենք ազատագրել ենք ռազմավարական բարձունքներ։ Այսօր մենք վերահսկում ենք ռազմավարական հաղորդակցություններ, ճանապարհներ... Մենք ի վիճակի ենք ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմավարական օբյեկտ։ Նրա բոլոր ռազմավարական դիրքերը կարող են խոցվել ադրբեջանական բանակի ուժերի կողմից («Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիև. նախիջևանյան գործողությունն անցկացվեց մեծ պրոֆեսիոնալիզմով», 26 հունիսի 2018թ., www.cdc.az/ru/news1530006903)։

 

Առաջին հայացքից ընթերցողը կարող է մտածել, թե ոչ մի նոր բան չկա Ի.Ալիևի ռազմաշունչ հռետորաբանության մեջ։ Բայց լոկ առաջին հայացքից։ Չէ՞ որ Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը նախիջևանյան ուղղությամբ խոցելի է դարձնում ռազմավարական օբյեկտները, ճանապարհները և մյուս հաղորդակցությունները Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն՝ Ի.Ալիևն արդեն ուղղակիորեն սպառնում է Հայաստանին։ Մի՞թե նա տեղյակ չէ, որ դեռևս 2016թ. նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել «ՀՀ և ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի (ԶՈւՄԶ) մասին համաձայնագրին» (այսուհետ՝ Համաձայնագիր)։ Նշենք, որ 2017թ. հուլիսին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը վավերացրել է այս համաձայնագիրը, իսկ 2017թ. հոկտեմբերին այն վավերացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (այսուհետ՝ ՀՀ ԱԺ)։ Ընդ որում՝ նշենք, որ քվեարկությանը մասնակցած ՀՀ ԱԺ 94 պատգամավորից 84-ը «կողմ» է քվեարկել, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության 7 պատգամավոր, այդ թվում և ինքը, «դեմ» է քվեարկել համաձայնագրի վավերացմանը, «Ելք» խմբակցության երկու անդամ քվեարկության օրը բացակայել է, այլապես «դեմ» քվեարկողները երկուսով ավելին կլինեին։ Եվ ահա, համաձայնագրի հիմնական նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա զինված հարձակումը կանխելն է, պետական սահմանի ապահովումը և ռազմական պաշտպանության այլ տեսակները։ Իլհամ Ալիևը չէր կարող չիմանալ, որ համաձայնագիրը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր (Ռուսաստանի և Հայաստանի) տարածքի ձևավորում։ Այդ դեպքում ի՞նչ նպատակ են հետապնդում նրա ռազմաշունչ սպառնալիքները։ Ադրբեջանին (սույն պարագայում՝ Նախիջևանին) սահմանակից շրջաններում ապրող հայաստանցի քաղաքացիների մեջ չպաշտպանվածության զգացում առաջացնելո՞ւ, թե՞ խաղարկելու արդեն մեկ անգամ փորձարկված՝ ի սկզբանե սուտ թեզն առ այն, թե Լեռնային Ղարաբաղում ապրիլյան (2016թ.) քառօրյա պատերազմի ընթացքում Մոսկվան, իբր, բավարար չափով չսատարեց Հարավային Կովկասում իր միակ ռազմաքաղաքական դաշնակցին։ Ընդ որում՝ ռուսատյաց ամենատարաշերտ կողմնակալ ԶԼՄ-ները, համարձակվում եմ ենթադրել, համաձայն իրենց ունեցած հրահանգների, լռություն են պահպանելու այն հարցում, որ դեռևս 2016թ. ապրիլի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ի.Ալիևի հետ հեռախոսազրույցում աջակցություն և համերաշխություն էր հայտնել Բաքվին՝ Հայաստանի հետ հակամարտության առնչությամբ։ «Թուրք ժողովուրդը միշտ ադրբեջանցի ժողովրդի կողքին է»,- այն ժամանակ ասել էր Էրդողանը։ Այդ լրատվամիջոցները չեն հիշատակի նաև այն մասին, որ 2016թ. ապրիլի 3-ի կիրակի օրը, երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակահարձակում կազմակերպեց և ադրբեջանցիներին հետ շպրտեց մինչ այդ նրանց գրաված բնակավայրերից, Բաքուն հրադադար առաջարկեց ստատուս-քվոյի պայմաններով, սակայն արդեն 2016թ. ապրիլի 4-ին, երբ Էրդողանն ասաց, թե՝ «Թուրքիան ղարաբաղյան ճգնաժամի սկզբից ևեթ եղել է Ադրբեջանի կողքին և շարունակելու է լինել նրա կողքին։ Օրերից մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իսկական տիրոջը, նորից ադրբեջանական կդառնա», ափշերոնյան բազեների պլանները փոխվեցին։ Այդ գրչակները լռության կմատնեն նաև այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2016թ. ապրիլի 5-ին, Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբների պետերի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած հանդիպումից հետո։

 

Ի.Ալիևի մանրակրկտորեն թաքցվող նպատակին (չպաշտպանվածության զգացում սերմանել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի սահմանակից շրջանների բնակչության մեջ՝ այդ թվում նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության վարկաբեկման ճանապարհով) աջակցելուն է լծվել նաև նախկին ԽՍՀՄ պետությունների հարցերով ոչ անհայտ փորձագետ, պրոֆեսոր Փոլ Գոբլը։ Եվ ահա, սույն ամերիկացի վերլուծաբանը Իլհամ Ալիևի և Զաքիր Հասանովի հետևից 2019թ. հունվարի 4-ին ամերիկամետ, բայց չգիտես ինչու հայկական անվանված 1in. am տեղեկատվական պորտալին հարցազրույց է տվել, որը հրապարակվել է «Փոլ Գոբլ. Մոսկվան կծախի Հայաստանին, եթե վստահ լինի, որ դրա փոխարեն կստանա Ադրբեջանը» վերնագրով, և որն ուրախությամբ վերահրապարակել են նաև ադրբեջանական ինտերնետ-պորտալները, օրինակ՝ Minval. Az-ը։ Համաձայնեք, որ ամանորյա տոնակատարություններից հետո և Քրիստոսի Սուրբ ծննդի լուսավոր տոնից առաջ միանգամայն կասկածելի է թվում այս բացահայտ ռուսատյաց հարցազրույցի հրապարակումը։ Ինչի՞ մասին է տեղեկացնում այս ամերիկացի վերլուծաբանը։ «Այն ժամանակ, երբ Բաքվում Ալիևը ձգտում է Մոսկվայի հետ չափավոր մերձեցման, Մոսկվան կարող է էապես ընդլայնել ազդեցությունն Ադրբեջանում, եթե ստիպի Երևանին նահանջել իր դիրքերից, զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ես միշտ համոզված եմ եղել, որ Մոսկվան կծախի Հայաստանին, կծախի նրան, եթե համոզված լինի, որ դրա փոխարեն կստանա Ադրբեջանը... Ես ենթադրում եմ, որ 2019թ. նույնպես լուրջ տեղաշարժեր չեն լինի կարգավորման գործընթացում, թեև Մոսկվան է հրահրում նոր բախումներ, բռնություն, որպեսզի երկու կողմերին հիշեցնի, որ իրենից բացի ոչ ոք չի կարող որոշել, թե ինչ պետք է տեղի ունենա այնտեղ»։ Եթե խորանանք Փոլ Գոբլի ասածի մեջ, ապա ակամա կսկսենք հիանալ ամենազոր Մոսկվայով, որը, պարզվում է, հասել է այն բանին, որ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հնչեցնի անկեղծ խոստովանություններ, որոնք արտացոլում են ամերիկյան մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ տխրահռչակ «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» բանաձևով։ Իսկ այս մոտեցման իրագործումը գործնականում նշանակում է նոր պատերազմի սանձազերծում Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև (Գոբլի տրամաբանությամբ՝ պատերազմի սանձազերծման մեղավորը կլինի Մոսկվան)։ Հետո պարզվում է, որ Մոսկվան կարողացել է ճնշում գործադրել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վրա, որը 2018թ. հոկտեմբերի 25-ին Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում ասաց, որ «Եթե հանրային կարծիքի կանխատեսումները Հայաստանում հաստատվեն, ապա ընտրություններից հետո վարչապետը շատ ուժեղ մանդատ կունենա ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված վճռական և վճռորոշ քայլերի ու ջանքերի իրագործման համար»։ Այսպիսով, Ն.Փաշինյանի մանդատի գինը, ամերիկյան կողմի ընկալմամբ, «խաղաղության դիմաց տարածքների» հանձնման վճռական քայլերն են, այսինքն՝ կրկին այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ղարաբաղա-ադրբեջանական նոր պատերազմի սանձազերծմանը։ Ինչի՞ հետ գործ ունենք Փոլ Գոբլի հարցազրույցի առնչությամբ։ Ըստ երևույթին, անդրօվկիանոսյան բոլոր ստրատեգներին արդեն հասկանալի է դարձել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան բանաձևն անխուսափելիորեն պատերազմի է հանգեցնելու։ Ուստի նրանք շուտափույթ կարգով գոնե Հայաստանի քաղաքացիների ուշադրությունն իրենց վտանգավոր գործողություններից շեղելու քայլեր են ձեռնարկել՝ ապագա պատերազմի մեղավոր նշանակելով Ռուսաստանին, եթե հանկարծ Հայաստանը համաձայնի կարգավորման այն պայմաններին, կրկնում եմ, որոնք առաջարկում է ԱՄՆ-ը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վերլուծաբանի պրոֆեսիոնալիզմի զգացողությունը դեռևս իսպառ չի վերացել, և հարցազրույցի վերջում Փոլ Գոբլն ակնհայտորեն չի խորամանկում, երբ ասում է. «Եթե Ղարաբաղի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի, դա ԱՄՆ-ին էլ ավելի մեծ հնարավորություններ կտա Իրանը մեկուսացնելու համար, քանի որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը նշանակում է, որ Թեհրանը կկորցնի Կովկասում քաղաքական հարցերի վրա ազդելու հնարավորությունը։ Բայց Մոսկվան դա հասկանում է և այնպես կանի, որպեսզի դա թույլ չտա»։

 

Կարծում եմ, որ վերը ներկայացվածի առնչությամբ միանգամայն տեղին կլինի մեջբերում կատարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի 2018թ. դեկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսից, որի ընթացքում նա պատմեց Ղարաբաղյան հակամարտության լուծմանը Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության մինչ այդ հնչեցված առաջարկությունների մասին։ Ա.Գ. Լուկաշենկոն նշեց, որ այդ հարցն ավելի վաղ քննարկվել է Երևանում, ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկում, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Ընդ որում՝ նա նշել է, որ Բելառուսը և Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել. «Հետո արդեն անկեղծորեն ասացի (Ա.Լուկաշենկոն- Ա.Գ.). լսի՛ր, ինչպես իրենք են ասում՝ օկուպացրել եք 7 շրջան։ Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք. Սերժ (նկատի ունի Սերժ Ազատի Սարգսյանին- Ա.Գ.), տո՛ւր այդ 5 շրջանները։ Դրանք պահելու ի՞նչ պատճառ կա, դրանք ախր դատարկ են։ Նա ասում է. եթե ես վերադարձնեմ, նրանք այնտեղ ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն։ Եվ մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք սա ասել)։ Նա ասաց. ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»։

 

Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանը այլ կերպ չէր կարող պատասխանել, քանզի հիանալի հասկանում էր, որ «տարածքներ խաղաղության դիմաց» մոտեցման իրագործումն անխուսափելիորեն կհանգեցներ նոր պատերազմի։ Այստեղ նկատենք, որ Ադրբեջանի կողմից (օվկիանոսից այն կողմի հուշմամբ կամ նրանց վստահված հայտնի միջնորդների միջոցով) պատերազմ սանձազերծելու դեպքում կասկածից վեր է, որ ռազմական գործողությունների գոտի իրենց խաղաղարար զորքերը կմտցնեն ոչ միայն ՀԱՊԿ մեր դաշնակիցները, այլև ՆԱՏՕ-ն, չէ՞ որ Ռուսաստանից բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Չէ՞ որ ամերիկյան կողմը երբեք էլ չի թաքցրել Իրանի հետ սահմանի 100 կիլոմետրանոց ճակատամերձ գծի հատուկ ռազմավարական կարևորությունը, հատված, որն այժմ վերահսկում են Արցախի Հանրապետության զինված ուժերը։

 

Վերադառնալով Փոլ Գոբլի ճեպով տված հարցազրույցին՝ նշենք նաև, որ հանգամանքների ինչ-որ առեղծվածային բերումով այդ նույն օրը՝ 2019թ. հունվարի 4-ին, Քրիստոսի սուրբ ծննդյան նախօրեին, «Ազատություն» ռադիոն («Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությունը) իր կայքում տեղադրել է Սաթենիկ Կաղզվանցյանի հոդվածը՝ «1999-ից ի վեր Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մեղքով 12 մարդ է զոհվել» վերնագրով։ Հրապարակման նպատակը նախատոնական օրերին, Քրիստոսի հրաշափառ ծննդյան նախօրեին, ինչպես և Փոլ Գոբլի հարցազրույցի պարագայում, Ռուսաստանը դեմոնացնելն է, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողներին դեմոնացնելը, համենայն դեպս՝ փորձել, որպեսզի Հայաստանում ավանդական ամանորյա և սուրբծննդյան ընտանեկան հանդիպումների ժամանակ թեման ոչ միայն քննարկվի, այլև հոգսի տակ կքած և կարիքից կամազրկված մեր քաղաքացիների մեջ առաջացնի անբացատրելի տագնապի զգացողություն իրենց թվացյալ (ավելի շուտ՝ տեղեկատվական պատերազմների մասնագետների կողմից հմտորեն սերմանվող) չպաշտպանվածության պատճառով։ Չեմ թաքցնի, որ, ընտանեկան միջավայրում խորհելով այս մասին, ես լսեցի թվում է, թե անսպասելի բացատրություն միանգամայն այլ երևույթի՝ Հայաստանից Ռուսաստան զգալի արտագաղթի հետ կապված։ Հայաստանի տաղանդավոր երիտասարդ կինոռեժիսորներից մեկը՝ Արթուր Վարդանյանը, պատմեց իր բավական հետաքրքիր դիտարկման մասին։ Աշխատելով Հայաստանից Ռուսաստան արտագաղթողների կյանքի մասին պատմող ֆիլմի սցենարի վրա՝ նա գործի բերումով խոսել է նրանցից շատերի հետ։ Արդյունքում՝ տպավորություն է ստացել, թե մեր հայրենակիցներից շատերը մեկնում են հենց Ռուսաստան, որովհետև այնտեղ իրենց ավելի պաշտպանված են զգում։ Դատելով ըստ ամենայնի՝ Հայաստանից արտագաղթի պատճառների մասին լավ տեղեկացված են, եթե Ադրբեջանի ղեկավարությունում էլ չէ, ապա հաստատ համաշխարհային քաղաքականության ուժի այն կենտրոնում, որի վրա դրված է Ադրբեջանի քաղաքական ուղղորդումը, չեմ բացառում, որ, օրինակ, միջնորդավորված ձևով այն երկրի միջոցով, որն ավելի, քան ԱՄՆ-ը, շահագրգռված է Իրանի մեկուսացմամբ...

 

Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ այդ նույն haqqin. az ինտերնետ-պորտալը հոդված հրապարակեց «Տիգրան Խզմալյան. Հայաստանը անկախ և ինքնիշխան պետություն չէ» վերնագրով։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատմել է այն մասին, որ 2019թ. հունվարի 12-ին՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի և Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, որի մահվան մեջ նույնպես կասկածվում է 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողը (ընդ որում՝ նկատենք, որ սույն գործով դատարանի որոշում չկա) նախատեսված է սգո և բողոքի ցույց Գյումրիում, Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի առջև։ «Բողոքի նման ակցիաները կլինեն շարունակական։ Մենք նպատակադրվել ենք ոչ միայն դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից, այլև լուծել մեր երկրի ապագաղութացման հարցը, իսկ դա հնարավոր կլինի միայն 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ»,- բացատրել է նա a1plus. am-ի իր հարցազրույցում, որն էլ հաճույքով հրապարակել է haqqin.az-ը։ Որպեսզի չմոռանանք. պարզվում է՝ Խզմալյանը միաժամանակ նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահն է։ Միայն հիվանդագին հակառուսականությունը և ռուսատյացությունը՝ միակցված պատմության բացարձակ չիմացության հետ, էլ չեմ ասում արդի աշխարհաքաղաքական իրողությունների մասին պատկերացումների և տարրական իմացության լիակատար բացակայության մասին, կարող էին ծնունդ տալ նման անհեթեթ մտքերի։ Ի՞նչ նկատի ունենք։ Այո, 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը՝ ստորագրված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի և ՌԽՖՍՀ կառավարության ներկայացուցիչների կողմից, անգամ 98 տարի անց չի կարող զայրույթի և դատապարտման զգացում չառաջացնել Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և ութ միլիոնանոց Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի մեջ։ Չէ՞ որ Հոդված 1-ով Պայմանագիրը սահմանում էր Թուրքիայի նոր հյուսիսարևելյան սահմանը, մասնավորապես՝ նախկին Կարսի մարզը և Էրիվանի նահանգի նախկին Սուրմալու գավառը (որոնք 1828 թվականից մտնում էին Ռուսական կայսրության կազմի մեջ) անցնում էին Թուրքիային։ Ըստ Պայմանագրի III հոդվածի՝ կողմերը համաձայն են Էրիվանի նահանգի նախկին Նախիջևանի գավառի տարածքում կազմավորել ինքնավարություն «Ադրբեջանի հովանու ներքո, պայմանով, որ Ադրբեջանն այդ պրոտեկտորատը չի զիջի երրորդ պետության» (նկատի էր առնվում Հայաստանը)։ Ուրեմն, Մոսկվայի պայմանագիրը խզելով, Հայաստանից 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերելով, սահմանից հանելով Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ռուս սահմանապահներին, «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը Հայաստանից դուրս բերելով հույսն ո՞ւմ վրա է դնում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Ո՞վ կօգնի արդարության հաղթանակին այս հարցում, դիցուք՝ բուն հայկական հողերը վերադարձնելուն, որոնց հետ հայ ժողովրդի պատմության բազմաթիվ փառապանծ էջեր են կապված։ Չեմ կարծում, թե Տիգրան Խզմալյանը հավատ է ընծայել ցայժմ որևէ մեկին անհայտ թուրք և ադրբեջանցի առաջնորդների քաղաքակրթվածությանը և պատմական արդարության հաստատման նրանց տենչին։ Իսկ գուցե նա մտածում է, թե մեզ կօգնեն եվրոպացիները, որոնք դառը դաս են քաղել 1974-ին Կիպրոսի Հանրապետության տարածքի ավելի քան 40%-ի անեքսիայից։ Գուցե նա, որպես արվեստի մարդ, հույս ունի, թե ոտքի կելնեն քաջ ֆիդայիների սերունդները, որոնք մինչև վերջ, ռուս զինակից եղբայրների հետ ուս ուսի պայքարեցին Բայազետի համար, ինչը հիանալի նկարագրել է Վալենտին Պիկուլն իր «Բայազետ» վեպում։ Ոչ, հարգելի ընթերցող, քաղաքականության մեջ անփորձ արվեստի մարդու առջև արտասահմանյան տիկնիկավարները շատ ավելի պարզունակ խնդիր են դրել. ցանկացած միջոցով՝ մանիպուլյացիայով, բացահայտ ստի տարածմամբ վարկաբեկել Ռուսաստանը, ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը։ Մեկ էլ տեսար գրանտ կկպցնեն, օրինակ՝ խոհափիլիսոփայական ֆիլմ նկարահանելու համար, բնականաբար՝ հակառուսական ուղղվածությամբ։ Տիգրան Խզմալյանի հարցազրույցի հրապարակման հետ միաժամանակ haqqin. az-ը, ի դեպ՝ նաև 1news. az-ը, հրապարակեց հարցազրույց Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին խորհրդական, ռուս հայտնի հրապարակախոս Գլեբ Պավլովսկու հարցազրույցը «Գլեբ Պավլովսկի. «Շուտով Ղարաբաղում պատերազմ կսկսվի» վերնագրով։ Հարցազրույցը տրվել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Դրանում ռուս հայտնի քաղաքագետը խորհրդածում է. «Արդեն քանի պատերազմ է եղել մի փոքրիկ վայրում վերջին 20-30 տարում։ Հետխորհրդային տարածքում ուրիշ էլ ոչ մի տեղ այդքան պատերազմ չի եղել։ Միայն Հարավսլավիայում է համեմատելի նման մի բան եղել։ Ուստի չի կարելի։ Հարկ է պարզապես դաշնակիցների վրա, ես կասեի՝ չհոխորտալ։ Իսկ հեղափոխություններ... Հայաստանում դրանք արդեն քիչ չեն եղել։ Դրանք արդեն եղել են։ Հայաստանը հեղափոխություններ է ապրել... 80-ականների վերջին, 90-ականների սկզբին, տեր Աստվա՛ծ, այնտեղ փողոցներում ավելի շատ մարդ է եղել, քան եղել է ահա այս հեղափոխության օրերին (նկատի ունի պետական հեղաշրջմանը նախորդած օրերը- Ա.Գ.)։ Բոլոր մարդիկ ապրում էին փողոցներում, գալիս էին Երևան, հարյուր հազարներով կանգնում փողոցներում։ Հետո հեղափոխություն-պատերազմ, պատերազմ-հեղափոխություն։ Ահա հիմա հեղափոխություն եղավ, հավանաբար հետո պատերազմ է լինելու... Հիմա ես կարծում եմ, որ մարդիկ արդյունքներ կցանկանան։ Որտեղի՞ց նա (Նիկոլ Փաշինյանը- Ա.Գ.) արդյունքներ վերցնի, ի՞նչ հատուկ արդյունքներ կարելի է գտնել։ Անգամ Սաակաշվիլին չկարողացավ։ Դե, ուրեմն, պատերա՛զմ»։

 

Հարգելի ընթերցող, այս հոդվածում իմ առջև խնդիր չէի դրել վերլուծելու ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, նպատակս այլ էր. ցույց տալ հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի ողջ վտանգավորությունը՝ Հայաստանում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկածների բացարձակ անհամարժեք գործողությունների պայմաններում, իշխանավորներ, որոնք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե գտնվում են կատարվող իրադարձությունների երանելի անգիտության մեջ։ Կասկածի տեղիք է տալիս լոկ մի հանգամանք. Հայաստանի կառավարության անգործությունն արդյունք է Ն.Փաշինյան և Ընկ-ի բացարձակ անձեռնհասությա՞ն, թե՞ գործ ունենք օվկիանոսի այն կողմում մանրակրկտորեն մտածված ու իրագործվող սցենարի հետ, որի արդյունքը կլինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի բանաձևի կենսագործումը՝ «տարածքներ խաղաղության դիմաց»։ Հոդվածն ամփոփելիս ակամա մտորեցի և, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այս անգամ ևս REGNUM լրատվական գործակալությունը ինձ՝ Ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման կենսական անհրաժեշտության համոզված կողմնակցիս, հնարավորություն կտա ընթերցող լսարանին ներկայացնել վերը շարադրված խոր տագնապներս։ Միևնույն ժամանակ, ես հիանալի հասկանում եմ, որ սույն հոդվածի հրապարակումը չի կարող համակարգված իրականացվող և շռայլորեն ֆինանսավորվող խափանարար աշխատանքի հավասարարժեք պատասխանը լինել, աշխատանք, որը հետապնդում է հայոց պետականության գոյության համար կործանարար խնդիրների իրականացում, որոնց վերջնանպատակը Ռուսաստանին՝ այդ մեծ երկրին, նոր, արդարացի աշխարհակարգի կայացման ճարտարապետին որքան հնարավոր է ցավոտ հարված հասցնելն է։ Մի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության համար 2019-ը տագնապների և հույսերի տարի է։ Հույսերի, որ Հայաստանի ղեկավարությունը, վերջապես, կհասկանա անվիճարկելի ճշմարտությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է։

 

Հ.Գ. Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, և հուրախություն ինձ՝ մտաբերեցի Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբի հրաշալի համերգը 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ հայ ականավոր մաեստրո, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1982-1987թթ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակի օրը։ Մաեստրո Չեքիջյանն իր հոբելյանի օրը հերթական անգամ վեհաշուք դիրիժորական վարպետությամբ ցնցեց հանդիսատեսներին, ովքեր լցրել էին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային թատրոնի դահլիճը։ Մաեստրո Չեքիջյանի տաղանդի երկրպագուները բուռն և երկարատև ծափահարություններով դիմավորեցին ոչ միայն Մեծ հաղթանակի անմահ երգը՝ Կռունկները (խոսք՝ Ռասուլ Համզատովի, երաժշտություն՝ Յան Ֆրենկելի), այլև Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Ռոստիսլավովիչ Մեդինսկու պաշտոնական, խոր և սրտառուչ շնորհավորանքը, որի տեքստը կարդաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Հատկանշական է, որ հոբելյարին ուղղված ուղերձների, ողջույնի և շնորհավորական հեռագրերի հասցեների մոտ երկու երրորդը Ռուսաստանից էր։ Դրանց թվում էր նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Իվանովիչ Կալաշնիկովի սրտառուչ շնորհավորանքը։ Երկու շաբաթ անց՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրը, մաեստրո Հովհաննես Հարությունովիչն իր տանը խնդրեց ինձ հնարավորություն գտնել և հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի և Դաշնության խորհրդի ղեկավարությանը (հավանաբար ենթադրելով, որ դեռևս լինելով ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը՝ ես կկարողանամ կատարել իր հանձնարարություն-խնդրանքը) իր անձի և ստեղծագործության հանդեպ նրանց ցուցաբերած ուշադրության համար։ Մեծ կենսափորձով իմաստնացած մաեստրոն այնուհետև շտկեց ինքն իրեն՝ հատուկ ասելով. «առանձնահատուկ երախտագիտություն հայտնեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, չէ՞ որ առանց նրա հանձնարարության Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպանն անձամբ չէր կարդա ՌԴ մշակույթի նախարարի ուղերձը։ Մի խոսքով՝ ես երջանիկ եմ,- շարունակեց մաեստրոն,- որ հանձին ինձ Ռուսաստանը տեսնում է բարեկամի և միևնույն ժամանակ աջակցում ու չի մոռանում իր բարեկամին» (չակերտներում մաեստրո Հովհաննես Չեքիջյանի բառերն են- Ա.Գ.)։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ասել, որ ես՝ որպես հոբելյանական համերգի հանդիսատես, հպարտության զգացում ապրեցի, երբ ունկնդիրների բուռն ծափահարությունների ներքո հնչեցվեց Վլադիմիր Մեդինսկու ողջույնի խոսքը, ի դեպ՝ միակ ողջույնը արտասահմանյան պաշտոնյայից, միևնույն ժամանակ՝ կրկին համոզվեցի, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում իր իսկական բարեկամներին։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 218191


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Մայիսի 24, 2019


«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը խանդով է վերաբերվում Արցախում նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընդունելությանը: Նա վատ բան է ուզում տե...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Ռուսաստանն այլևս չի սատարում Հայաստանին

Ռուսաստանն այլևս չի սատարում Հայաստանին

Մարտի 11, 2019


Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել: «Համանախագահները՝ սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների ...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Փետրվարի 27, 2019


«Առաջին հերթին, պետք է հեռացնել (Արցախի) ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությու...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Փետրվարի 5, 2019


Ուշադիր վերլուծելով վերջին ինն ամիսների իրադարձությունները Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, ինչպես նա...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ