Սովորական խայտառակություն

«Արմենիա» բժշկական կենտրոնը փակ և գաղտնի հիմնարկ է

Հունիսի 20, 2018
«Արմենիա» բժշկական կենտրոնը փակ և գաղտնի հիմնարկ է

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

 

Վերջերս, գործունեությանս շրջանակներում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմքով Երևանի բժշկական կենտրոնների մեծ մասին հարցումներ գրեցի: Հարցումներն ուղարկում էի բուժհաստատությունների էլեկտրոնային հասցեներին՝ մինչ այդ ճշտելով դրանք: Հիվանդանոցների տեղեկատու ծառայության աշխատակիցները հիմնականում տեղեկացված էին և անմիջապես տրամադրում էին հաստատության էլեկտրոնային հասցեն կամ ճշտում էին այն: Երբ հերթը հասավ «Արմենիա» բժշկական կենտրոնին (նախկին հանրապետական հիվանդանոց), պարզվեց, որ տեղեկատուի աշխատակիցը չգիտի կենտրոնի էլեկտրոնային հասցեն: Նա ինձ տրամադրեց մեկ այլ հեռախոսահամար, որով ինձ պատասխանեցին, որ «Արմենիա» ԲԿ-ն ունի էլեկտրոնային հասցե, սակայն իրենք ինձ այն չեն կարող տրամադրել, քանզի դա համարվում է գաղտնի տեղեկատվություն: Իմ դիտարկմանը, թե ինձ անհրաժեշտ է ոչ թե գաղտնաբառը, այլ հասցեն, պատասխանը նույնն էր՝ դա գաղտնի տեղեկություն է: Երկար զրուցելուց հետո պարզվեց, որ, այնուամենայնիվ, կա մեկը, ով կարող է «գաղտնազերծել» ուզածս տեղեկությունը և ինձ տրամադրել հիվանդանոցի էլեկտրոնային հասցեն: Դա ոմն Աիդա Հովհաննիսյանն էր: Ես զանգահարեցի նրան: Նախ՝ Աիդա Հովհաննիսյանը չցանկացավ ի պաշտոնե ներկայանալ և ասաց միայն, որ ինքը ՀՀ քաղաքացի է, նստավայրը՝ «Արմենիա» ԲԿ-ում: Ավելին, ի պատասխան իմ հարցի՝ Աիդա Հովհաննիսյանը նշեց, որ թե՛ ես, թե՛ ցանկացած այլ քաղաքացի կարող է նստավայր ունենալ իրենց բժշկական կենտրոնում: Ինչևէ: Աիդա Հովհաննիսյանը ևս ինձ չտրամադրեց «Արմենիա» ԲԿ էլեկտրոնային հասցեն՝ պատճառաբանելով, որ դա գաղտնի տեղեկություն է, սակայն, որպես բարի կամքի արտահայտություն, տվեց մի հեռախոսահամար և ասաց, որ այստեղ ինձ կարող են օգնել: Զանգահարեցի: Ինձ պատասխանեցին, որ այդքան էլ կապ չունեն «Արմենիա» ԲԿ-ի հետ, սակայն սիրով տրամադրեցին աշխատակիցներից մեկի անձնական էլեկտրոնային հասցեն և խոստացան, որ գրությունս ստանալուց հետո այն կտպեն և կտանեն «Արմենիա» ԲԿ համապատասխան փոխտնօրենին: Ես շնորհակալություն հայտնեցի:


Բազմիցս գրել եմ այն մասին, թե արդյոք կարելի է օգտվել մի բժշկի ծառայություններից, որը «լյարդ»-ի փոխարեն հետևողականորեն գրում է «լյարթ», իսկ «անոթ»-ի փոխարեն՝ «անոդ», ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелектрик» կամ էլ, լավագույն դեպքում` «електрик»: Ընդ որում, ոչ միայն անվանում են, այլև հենց այդպես էլ գրում են իրենց գովազդային պաստառների վրա: Արդյո՞ք կարելի է գնել «калготки» անվանմամբ ապրանք և համտեսել «криветка»- ներ: Անձամբ ես խորապես գիտակցում եմ, որ կիրթ մարդու համար շատ դժվար է և անսովոր դիմել «матарист»-ին կամ էլ գնել «калготки»-ներ: Այդ իսկ պատճառով աշխատում եմ չիրականացնել այդօրինակ գործարքներ և նախընտրում եմ ընթացագործներին, շարժիչների մասնագետներին և էլեկտրիկներին: Այնուամենայնիվ, եթե այլ ճար չունենամ, ստիպված կայցելեմ նաև «афтоелектрик»-ին, որի մոտ գնալը, գոնե ինքս ինձ համար, կհիմնավորեմ ճարահատությամբ: Նույնը «Արմենիա» ԲԿ պարագայում: Եթե 21-րդ դարում Հայաստանի ամենախոշոր բժշկական կենտրոնի պատասխանատու աշխատակիցները համարում են, որ կենտրոնի էլեկտրոնային հասցեն որևէ մեկին տրամադրել չի կարելի, քանզի դա գաղտնի տեղեկություն է, ապա, համենայդեպս՝ ինձ համար, մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ, եթե ԲԿ էլեկտրոնային հասցեն գաղտնի է պահվում, ապա այն ինչի՞ կամ ո՞ւմ է պետք: Բացի այդ, եթե հասցեն գաղտնի է, ուրեմն իրականացվող գործունեությունն էլ է գաղտնի: Նման վերլուծությունը հանգեցնում է նրան, որ հանրապետությունում գործում է մի հիմնարկ, որն, ըստ էության, պետք է զբաղվի մարդկանց առողջությամբ, սակայն, չգիտես ինչու, դա իրականացնում է գաղտնի ռեժիմով: Հավատացնում եմ, որ մեծ երևակայություն է անհրաժեշտ դա պատկերացնելու համար: Եվ եթե «Արմենիա» ԲԿ-ում չփոխեն իրենց պատկերացումները գաղտնիության վերաբերյալ, ապա գոնե իմ հնարավոր շփումն այդօրինակ հաստատության հետ կսահմանափակվի, քանզի մեծ հաշվով չկա էական տարբերություն «афтоелектрик»-ների, «матарист»-ների, «криветка» վաճառողների և էլեկտրոնային հասցեն գաղտնի տեղեկություն համարողների միջև: Ավելին, կարծում եմ, որ վերջիններս ավելի վտանգավոր են և անազնիվ:

 






Դիտումների քանակ 80562


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ