Տիեզերական խայտառակություն

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017
ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Արտյոմ Խաչատրյան


Պատմությունը շարունակվում է, անգլոսաքսերը չեն փոխվում


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է թվացել)` հասնելով այն բանին, որ կոնգրեսն այս շաբաթ ընդունեց HR 3364 օրինագիծը՝ «Օրենք Ամերիկայի հակառակորդներին հակազդեցության մասին» ամպագոռգոռ անվանմամբ, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Եվ արդեն կա ռուսական կողմի հակառակ արձագանքը, որը միանշանակ թևաթափ է արել ամերիկյան բազեներին։ Ինչպե՞ս է պատասխանել Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի, ինչպես ինքն է սիրում ասել, «գործընկերներին»։


Նշենք, որ օրինագիծը դեռևս չի ստորագրվել նախագահ Թրամփի կողմից և ուժի մեջ չի մտել, սակայն Ռուսաստանի նախագահը որոշել է մինչև ստորագրումը հաշիվները փակել ամերիկացիների հետ Օբամայի հին մեղքերի համար, իսկ հետո արդեն մտածել նոր օրենքին պատասխանելու մասին։ Հիշեցնենք, որ Բարաք Հուսեյնովիչ Օբաման 2016թ. դեկտեմբերին՝ Նոր տարվա շեմին (այ քեզ «բացառիկ» վեհանձնություն), ԱՄՆ-ից վտարեց 35 ռուս դիվանագետի և մարոդյորի պես խլեց դիվանագիտական անձեռնմխելի ունեցվածքը՝ խախտելով միջազգային դիվանագիտական կոնվենցիաների հիմնարար դրույթները։ Վատագույն դեպքում, կարծում էին Վաշինգտոնում, Պուտինը նույնպես Ռուսաստանից կվտարի 35 դիվանագետի և ինչ-որ բան կվերցնի նրանցից, եթե համարձակվի։ Բայց նախագահ Պուտինը համբերատար սպասեց յոթ ամիս ու վերջապես արձակեց իր առաջին կրակոցը. ամերիկյան դեսպանությունից հետ վերցրեց երկու օբյեկտ, բայց դիվանագետներին չվտարեց։ Նա պարզապես իրագործեց ամերիկյան բազեների ամենամղձավանջային երազը՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների գլխաքանակը հավասարեցրեց ԱՄՆ-ում ռուսաստանյանին՝ այն հասցնելով 455 թվին։ Իսկ դա նշանակում է, որ ամերիկացիները մինչև սեպտեմբեր պետք է հետ կանչեն դեսպանության և հյուպատոսությունների 755 (!) աշխատակցի։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ԱՄՆ հետախուզական հանրույթն անվերականգնելի կորուստ է ունեցել, չէ՞ որ ամերիկյան դիվանագիտական կորպուսի երկու երրորդը հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Այսպիսով, անդրօվկիանոսյան բազեները նախընտրական տարում զրկվեցին իրենց ռեզիդենտուրաների համատարած մեծամասնությունից, և թե ինչպես են նրանք հիմա ուղղորդելու «հեղափոխական» գործընթացները Ռուսաստանում՝ հայտնի չէ։ Միանշանակ կարելի է ասել, որ եթե գոնե մի վայրկյան սենատոր Մակքեյնի և նրա համախոհների ուղեղները երկու քայլ առաջ մտածեին, ապա, անկասկած, իրավիճակը չէին հասցնի այսօրվա աղետին, նրանք կվերադարձնեին Ռուսաստանի դեսպանության օբյեկտներն ու վտարված դիվանագետներին։ Բայց, ինչպես տեսնում ենք, ամերիկացիների ռազմավարական մտածողությունը հերթական անգամ չաշխատեց, արդյունքում՝ այդ տերությունը զրկվեց ռեզիդենտուրաներից, որոնք ստեղծվել էին տասնամյակներ շարունակ։ Թող հիմա փորձեն ազդել Ռուսաստանում նախագահական ընտրությունների վրա և պաշտպանեն պրն Նավալնուն այն խղճուկ ուժերով, որոնք Պուտինը նրանց համար մեծահոգաբար թողել է։


Այժմ՝ գլխավորի մասին։ Գլխավորը, ինչի մասին կխոսենք, անգլոսաքսերի էությունն է, որը ենթակա չէ ժամանակի իշխանությանն ու չի փոխվում։ Մի քանի մեջբերում կատարենք հակառուսական օրինագծից.  
«Օգնել ուկրաինացիներին և դաշնակցային մյուս գործընկերներին Եվրոպայում, նվազեցնել նրանց կախվածությունը ռուսաստանյան էներգառեսուրսներից, հատկապես բնական գազից, որոնք Ռուսաստանի Դաշնության կառավարությունն օգտագործում է որպես հարկադրման, վախեցնելու և ազդեցության զենք;
համագործակցել Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության ինստիտուտների հետ՝ էներգետիկ անվտանգությանն օժանդակելու նպատակով, դիվերսիֆիկացված և ազատականացված էներգետիկ շուկաներ (որոնք դիվերսիֆիկացիոն աղբյուրներ են տրամադրում), մատակարարներ և երթուղիներ ստեղծելու ճանապարհով;
շարունակել հակազդել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարին, նրա կործանարար ազդեցությանը Եվրոպական միության էներգետիկ անվտանգության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գազի շուկայի զարգացման վրա;
Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է գերակա ուշադրություն հատկացնի Միացյալ Նահանգների էներգետիկ ռեսուրսների արտահանմանը՝ ամերիկյան աշխատատեղեր ստեղծելու, Միացյալ Նահանգների դաշնակիցներին և գործընկերներին օգնելու և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն ամրապնդելու նպատակներով»։


Ինչպես տեսնում ենք, ամերիկացիները եվրոպացիներին բացահայտ ասում են, որ պետք է հրաժարվել ռուսական գազից և կրկնակի թանկ գնել ամերիկյան թերթաքարային գազը, բայց, վերջնականապես նամուսը չկորցնելով և նվազագույն տակտը պահելով, նրանք օրենքում գրում են «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» մասին, իբր հոգում են դիվերսիֆիկացված և ազատականացված էներգետիկ շուկաների մասին։ Հայտնի գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն այս առիթով ասում է՝ պատասխանելով հետևյալ հարցին


- Կարծիք կա, թե ռուսաստանյան էներգետիկ ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների նպատակներից մեկը ԵՄ-ին սեփական ամերիկյան թերթաքարային գազը պարտադրելն է։ Այս մասին մասնավորապես գրել է գերմանական handelsblatt.com պարբերականը։ Այսինքն՝ ԱՄՆ-ը ցանկանում է ամրանալ Եվրոպայի էներգետիկ շուկայում, այդպե՞ս է։


- Դա այնքան ակնհայտ է, որ անգամ հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի։ Այո, այդպես է։ Ամերիկացիներն ուզում են ռուսաստանյան գազը դուրս շպրտել եվրոպական շուկայից և այն լրացնել իրենց թերթաքարայինով։ Դա այնքան ակնհայտ է, որ Գերմանիայում լուրջ զայրույթ է առաջացնում, քանի որ լկիտության է հասնում։


Այսպիսով, իրենց նոր հակառուսական օրենքով ամերիկացիները եվրոպացիներին ասում են. նախագահ Թրամփը խոստացել է էներգառեսուրսներ արտահանել, և քանի որ Ռուսաստանը Եվրոպային գազի գլխավոր մատակարարն է, նրա տեղը պետք է զբաղեցնի ԱՄՆ-ը։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե դուք՝ եվրոպացիներդ, ստիպված եք լինելու վճարել մեր թերթաքարային գազի դիմաց առնվազն կրկնակի թանկ, ապա այդ հանգամանքը մեզ բնավ չի հետաքրքրում, քանի որ America first! («Ամերիկան՝ ամեն ինչից առաջ», նախագահ Թրամփի երդմնակալության ելույթից- խմբ.)։ Միևնույն ժամանակ, դրանով իսկ էական վնաս է հասցվում Ռուսաստանին, որը վերջին տարիներին ավելի հաճախ է կանգնում ամերիկյան շահերի ճանապարհին և խոչընդոտում աշխարհում «կառավարելի քաոսի» առաջմղմանը։
Եվ այս առնչությամբ զուգահեռներ անցկացնենք ափիոնային պատերազմների հետ, որոնք սարքեց Մեծ Բրիտանիան (XIX դարի ԱՄՆ-ը) խեղճ չինացիների գլխին։ Ուրեմն, անգլիացիներին պետք էին հավելյալ եկամուտներ, և նրանք հիանալի սխեմա հորինեցին. ափիոն աճեցնել Հնդկաստանում, մասամբ՝ Աֆղանստանում և Պակիստանում՝ օգտագործելով տեղի ժողովուրդների ստրկական աշխատանքը, իսկ արտադրանքը սպառել Չինաստանում։ Նշենք, որ չինական օրենքներն արգելում էին թմրանյութերը, և սկզբում անգլիացիները բանալ մաքսանենգությամբ էին զբաղվում։ Սակայն հենց որ կայսրը կոշտ միջոցներով վերջ դրեց մաքսանենգությանը 1839թ.՝ փակելով շուկան Հնդկաստանի և Անգլիայի բոլոր կոմերսանտների և մաքսանենգների առջև, Մեծ Բրիտանիան 1840թ. պատերազմ հայտարարեց Ցիների կայսրությանը։ Չենք պատմի պատերազմի ընթացքի մասին, ասենք միայն, որ անգլիացիները 1842թ. օգոստոսի 29-ին, վճռական հաղթանակներից և Նանկին մտնելուց հետո, Ցիների կայսրությանը պարտադրեցին իրենց համար շահավետ Նանկինի պայմանագիրը, որի համաձայն՝ Ցիների կայսրությունը Մեծ Բրիտանիային վճարելու էր խոշոր կոնտրիբուցիա, հանձնելու էր Հոնկոնգ կղզին և բացելու էր չինական նավահանգիստներն անգլիական առևտրի համար։ Դե, իսկ Ցիների կայսրությունում սկսվեց պետության թուլացման և քաղաքացիական խառնակչության երկարատև շրջան, ինչը հանգեցրեց երկրի ստրկացմանը եվրոպական տերությունների կողմից և թմրամոլության հսկայական տարածմանը, դեգրադացիայի և բնակչության զանգվածային մահացության։


Երկրորդ ափիոնային պատերազմն էլ է եղել։ 1854թ. Մեծ Բրիտանիան, այս անգամ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, փորձեց վերանայել 1842թ. պայմանագիրը։ Այս երեք տերություններն իրենց համար պահանջում էին անսահմանափակ առևտրի իրավունք Չինաստանի ողջ տարածքում և ափիոնի առևտրի պաշտոնական թույլտվություն (!), բայց քաղաքական ինտրիգները ցանկալի արդյունքի չբերեցին։ Ուստի, 1856թ. հոկտեմբերին, Ղրիմի պատերազմի ավարտից հետո, Մեծ Բրիտանիան նոր պատերազմ սանձազերծեց Չինաստանում։ Շուտով Անգլիային միացավ նաև Ֆրանսիան։ (Ի դեպ, Ռուսաստանը տարածքային զիջումների դիմաց Ցիների կայսրությանը ռազմական օգնություն էր ցուցաբերում)։ Դե, իսկ սա ավարտվեց նրանով, որ 1860թ. ստորագրվեցին Պեկինյան պայմանագրերը, ըստ որոնց՝ Ցիների կայսրությունը, համաձայն հաստատված ավանդույթի, խոշոր կոնտրիբուցիա էր վճարելու, օտարերկրյա առևտրի համար բացելու էր Տյանցզինը, թույլ էր տալու չինացիներին օգտագործել որպես ստրկական աշխատուժ Մեծ Բրիտանայի և Ֆրանսիայի գաղութներում։ Այդ պահից սկսած Մեծ Բրիտանիային էր անցնում Ձյուլունյան թերակղզու հարավային մասը (Ռուսաստանին հասավ Ուսուրական երկրամասը)։


Այսպիսով, անգլոսաքսերն արդեն XIX դարում լկտիաբար ասում էին, որ իրենք թքած ունեն աշխարհի բոլոր ժողովուրդների վրա, նրանց պետք է իրենց շահերի իրագործում, իսկ թե որքան չինացի ու այլ մանր-մունր ժողովուրդներ կզոհվեն, չինացիների քանի սերունդ կդեգրադացվի՝ նրանց հետաքրքիր չէր։ Այն ժամանակ անգլիացիները, ինչպես Թրամփն այսօր, ասում էին. Great Britain first! Դե, ինչ անենք, թող first լինի. այդպիսին էր չինացիների ճակատագիրը, նրանք ստիպված համակերպվեցին դրա հետ և չկտրվեցին իրականությունից՝ գիտակցելով իրենց հնարավորությունների սուղ պոտենցիալը։


Բայց այսօր Չինաստանն արդեն XIX հարյուրամյակի կեսերի Ցիների կայսրությունը չէ, այսօր ստիպել Չինաստանին գնել Աֆղանստանում ամերիկացիների աճեցրած ափիոնը՝ իրատեսական չէ։ Բայց կան եվրոպացիներ՝ հանձինս քաղաքակիրթ «եվրամիութենական» ազգերի, որոնց կարելի է պարտադրել ինչ ուզես, այդ թվում և թանկ ամերիկյան գազ՝ էժան ռուսականի փոխարեն, այդ անպատկառ անբարոյականությունը բացատրելով նրանով, թե «հոգում» են Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին։ Կարծում եմ՝ երբևէ, ապագայում, ամերիկացիների այսօրվա խայտառակ անբարո քաղաքականությունը կգտնի իր արժանի մեկնաբանությունը պատմության մեջ։ Բայց դա, ցավոք, տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ անգլոսաքսոնական աշխարհի ղեկին կանգնած, որոշում գլոբալ քաղաքականությունը՝ թունավորելով աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների կյանքը։


Հետգրություն


Երկուշաբթի գիշեր հուզիչ լուր ստացվեց Ամերիկայից։ Պարզվում է՝ Վաշինգտոնը ցավում է Մոսկվայի՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների անձնակազմը կրճատելու որոշման մասին և խորհում է պատասխանի շուրջ։ «Այս չարդարացված միջոցը ափսոսանք է առաջացնում։ Մենք գնահատում ենք նման կրճատման ազդեցությունը և այն, թե ինչպես կպատասխանենք դրան։ Ներկա պահին այլ մեկնաբանություններ չենք տալիս», տեղեկացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Ինչպես տեսնում ենք, ամերիկացիները նորից մտածելու են այն մասին, ինչն իրենց հիմա ընդհանրապես պետք չէ, քանի որ իրենց համար ավելի օգտակար կլիներ մտածել Պուտինի պատասխան քայլերի մասին հակառուսական նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո։ Հուշենք, որ նախագահ Պուտինը նրանց համար մղձավանջային ապագա է պատրաստել։ Մասնավորապես, Պուտինը պարզապես կարող է արգելել տիտանի մատակարարումները ԱՄՆ-ին և հետևել, որպեսզի ոչ ոք չզբաղվի ամերիկացիներին ռուսական մետաղի վերավաճառքով։ Իսկ տիտանի 30%-ը «Բոինգ» կորպորացիան ստանում է Ռուսաստանից։ Ռուսաստանը քիչ կտուժի. տիտանն անպայման կթանկանա համաշխարհային շուկայում, ինչն էլ կփոխհատուցի ռուսաստանցի մետալուրգների կրած վնասները։ Միևնույն ժամանակ, Պուտինը մինչ այդ կհանի իր 110 մլրդ-ն ամերիկյան գանձապետարանի արժեթղթերից և կկարողանա ինքը ֆինանսավորել ռուսաստանյան բանկերն ու ընկերությունները, որոնց այսուհետ այլևս հասանելի չեն լինի արևմտյան էժան վարկերը։ Այնուհետև, Ռուսաստանը կարող է էապես սահմանափակել ալյումինիումի և նիկելի մատակարարումներն ԱՄՆ-ին՝ դրանով իսկ կոլապսի հասցնելով ամերիկյան խոշոր կորպորացիաների գործունեությունը։ Վերջապես, Ռուսաստանը կարող է անգնահատելի ծառայություն մատուցել անգլոսաքսերից այդքան տառապած Չինաստանին և ամերիկյան վարչակազմի ու առհասարակ ողջ էլիտայի կյանքը վերածել իսկական դժոխքի։ Դրա համար բավական է ընդառաջել չինացիներին և նրանց մատակարարել ռազմավարական բալիստիկ հրթիռներ պինդ վառելիքային շարժիչներով (չինացիները ցայսօր չեն սովորել պինդ վառելիքային շարժիչներ պատրաստել, դրա համար էլ նրանց ռազմավարական միջուկային ուժերը, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով, սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար. ամերիկյան ՀՀՊ-ի դեմ նրանք գրեթե անզոր են)։ Այս միջոցը ոչ մի կերպ չի անդրադառնա ՌԴ պաշտպանունակության և անվտանգության վրա, քանի որ չինական ոչ մի հրթիռ ռուսական շարժիչով դեպի Ռուսաստանի կողմը երբեք չի կարող թռչել ֆիզիկապես, բայց «բացառիկ» Միացյալ Նահանգների համար դա բացառիկ ողբերգություն կդառնա։ Մի խոսքով՝ տեսնենք, թե ինչ տեսքով կստորագրի նախագահ Թրամփը «Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը և ինչով կպատասխանի այս անպատկառությանը համբերատար Վլադիմիր Պուտինը...







Դիտումների քանակ 305309


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ