Միջազգային խայտառակություն

Աուլում հասունացած դիվանագիտություն

Հունվարի 9, 2017
Աուլում հասունացած դիվանագիտություն

Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը որոշել էր հայաստանցիներին տոնական նվեր մատուցել: Միայն թե նրա նվերը մի տեսակ շատ ղազախական ստացվեց: Տարվա ամփոփիչ հարցազրույցում դիվանագետը ցանկություն ուներ ներկայացնելու երկու երկրների միջև ձևավորված իբրև թե բարեկամական հարաբերությունների ներկա պատկերը, բայց այդ թվացյալ ջերմության տպավորությունը տևեց մինչև այն պահը, երբ լրագրողը դեսպանին հարցրեց օրեր առաջ Չինարի գյուղում տեղի ունեցած սահմանային բախման և այդ առիթով ՀԱՊԿ արձագանքի ու այդ կառույցի գործունեության արդյունավետության մասին: Հենց այստեղ էլ Թիմուր Ուրազաևը իրենից անկախ բացահայտեց ողջ ճշմարտությունը:

 

Դիվանագետն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրները մեծամասամբ կապված են ոչ այնքան Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Տավուշի մարզում սահմանի մասը սահմանակից է այն շրջաններին, որոնք գտնվում են Հայաստանի հսկողության ներքո։ Մենք ի սկզբանե հստակ և բաց դիրքորոշում ենք ընդունել, և՛ Ղազախստանում, և՛ Ռուսաստանում, և՛ ՀԱՊԿ մյուս երկրներում, որ եթե խոսքը երրորդ պետության արտաքին ագրեսիայի մասին է առանց որևէ տարածքային խնդիրների, դա մի բան է, ու բոլորովին այլ բան է, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Այդ պատճառով Ղազախստանը ազնիվ դիրքորոշում ունի. Լեռնային Ղարաբաղի հարցը մենք դուրս ենք բերում այն խնդիրներից, որոնք լուծվում են ՀԱՊԿ Կանոնարկագին համապատասխան»։


Երբ որևէ երկրի պաշտոնական ներկայացուցիչն աղաղակող անտեղյակություն է հանդես բերում միայն հանուն նրա, որ կարողանա հիմնավորել իր պետության հակահայկական դիրքորոշումը, այս էժանագին հնարանքը դեռ կարելի է ինչ-որ կերպ մարսել: Բայց երբ բանը հասնում է նրան, որ հանուն հիշյալ նպատակի խեղաթյուրվում են ակնհայտ փաստերն ու նույնիսկ աշխարհագրությունը, սա արդեն կարող է վկայել միայն այն մասին, որ մենք գործ ունենք ոչ թե պարկեշտ դիվանագիտության, այլ անգրագետ կեղծարարության հետ, որի կամոք Տավուշի մարզի սահմանի մի մասը հանկարծ սահմանակից է դառնում Ադրբեջանի ինչ-որ շրջանների հետ, որոնք վերահսկվում են Հայաստանի կողմից: Եթե Ղազախստանում երբևէ հաջողվի մի սովորական քարտեզ գտնել, ապա Թիմուր Ուրազաևը հնարավորություն կունենա տեղեկանալ, որ Տավուշի մարզից ուղիղ գծով մինչև Մռավի լեռնաշղթա (Արցախի կողմից ազատագրված ամենամոտ տարածքը) մոտ 200 կմ է: Եվ ուրեմն ղազախական բարոյականությունն ու հիմարությունը գրեթե 200 կիլոմետր տարածք էլ պիտի հաղթահարեն, մինչև կմոտենան ճշմարտության սահմաններին ու ձեռք կբերեն բավարար ազնվություն խոստովանելու, որ ինչպես այդ երկրի նախագահ Նազարբաևը, այնպես էլ ՀԱՊԿ անդամ այլ երկրները հաճախ են փորձեր արել բացահայտ ապատեղեկատվության շնորհիվ իրենց հեռու պահել ստանձնած պարտավորություններից և շրջանառու դարձնել այնպիսի մի վտանգավոր միտք, ինչպիսին այժմ արտասանում է Ղազախստանի դեսպանը, համաձայն որի՝ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի սահմանը Արցախի պատճառով, և քանի որ մեղավորը Արցախն է, իրենք այդ դեպքում անելիք չունեն:


Այո, ղազախներն իրոք անելիք չունեն: Բոլոր իմաստներով: Որովհետև թե՛ ղազախական աշխարհագրությունը, թե՛ ղազախական պատմությունը և թե՛ ղազախական դիվանագիտությունն այնքան կենսագրություն չունեն, որքան ունի մի տարեց արցախցի: Իսկ Արցախում երկարակյացներ շատ կան:






Դիտումների քանակ 23825


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ