Ազգային խայտառակություն

«Մամ, որ երկնքից փող ընկնի, ինձ խաղալիք կառնե՞ս»

Նոյեմբերի 10, 2015
«Մամ, որ երկնքից փող ընկնի, ինձ խաղալիք կառնե՞ս»

NO COMMENT


6-ամյա Գոռը հանրակացարանի սենյակում վազվզում է: Մայրը կանչում է, թե հետ արի, թաց գուլպաներդ հանիր: Գոռը չի համաձայնում: «Կոշիկները ծակ են, խեղճ էրեխու ոտքերը շուտ-շուտ են թրջվում»,- բացատրում է մայրը; Քույրը՝ 5-ամյա Անգելինան, մի պահ կանգնում է, նայում եղբոր ետևից:

 

Մասիսի հանրակացարանի ջրատար խողովակների արտահոսքից, անձրևներից գոյացած ջուրը տարածվում է բակում: Այնտեղ բնակիչները մեծ քարեր են դրել, որ գոնե այդկերպ հնարավոր լինի ջուրը չընկնել: Հանրակացարանի շենքի առաջին հարկում՝ խոնավ, արդեն քայքայվող պատերին,սարդոստայններ են: Առաջին հարկում խոհանոցն է, որտեղ միայն երկու հին լվացարան կա կիսախարխուլ սենյակում: Տպավորություն է, որ այն նորոգման փուլում է: Բնակիչներից Սերգեյն ասում է՝ «Մարդ կա, սենյակում ջուր չի քաշել, էստեղ է բերում լվանում ամանները, էդ կռանտներից ա օգտվում»»: Սերգեյը գլուխը կախում է: «Կներեք, ամաչում եմ էս վիճակից»,- խոհանոցի մասին ոչինչ չհիշեցնող սենյակից դուրս գալով՝ նշում է նա: Հարցնում եմ՝ սանհանգույց, բաղնիք կա՞ հանրակացարանում: Ժպտում է՝ դարձյալ կրկնելով. «Չէ, իրոք, մարդ ամաչում ա էդ պայմանները ցույց տալուց»: Խոհանոցի հարևանությամբ սանհանգույցն է: Այն կիսով չափ պատված է սարդոստայններով: «Հիմա երևի մտածում եք՝ ոնց ենք օգտվում էստեղից... Բայց ի՞նչ արած»,- ասում է ու խնդրում բարձրանալ իր տուն:

 

Սերգեյ Մարգարյանը 38 տարեկան է: 1 տարուց ավելի է՝ ընտանիքի հետ բնակվում է Մասիսի հանրակացարանի երրորդ հարկում: Ամեն անգամ սանհանգույցից օգտվելու համար իջնում են առաջին հարկ: Բաղնիքի հարցն է ավելի դժվար: Երեխաներին սենյակում են լողացնում, իրենք էլ մեկ-մեկ բարեկամների տներ են գնում դրա համար:

 

Երկար, կիսամութ միջանցքում ձայն չի լսվում: Միջանցքի խորքում նա դուռը բացում է: «Համեցեք, եկեք, մեր տունն է»,- ասում է ու կնոջը ծանոթացնում: Կինը 38-ամյա Գայանե Հայրապետյանն է: Սերգեյը նրա երկրորդ ամուսինն է: Առաջին ամուսնուց երկու երեխա ունի՝ Գոռն ու Անգելինան, իսկ 3 ամսական Էրիկն արդեն Սերգեյի որդին է:

 

Սերգեյը մտացրիվ նայում է սենյակի իրերին: Սենյակի համար ամսական վճարում են 10.000 դրամ: Տան երկու բազկաթոռները մեզ են զիջում, հետո ասում են, թե ոչինչ, իրենք կկանգնեն, աթոռ չունեն: Սենյակի կահույքը պատկանում է տանտիրոջը: Երեխաները զննող հայացքներով նայում են մեզ: Մենք ժպտում ենք: Մի քանի վայրկյան անց Անգելինան մեղմ ժպտում է, ասում է՝ «որ մեծանա, սիրուն աղջիկ է դառնալու»: Ծիծաղում ենք:

 

Սերգեյը կրկին ներողություն է խնդրում տանը նեղվածք լինելու համար: Միակ մահճակալին քնում են ամուսիններով, իսկ հատակին՝ անչափահաս երեխաները: «Էս ցրտին նայում եմ իրանց գետնին քնած ու սաղ ջանս ցավում է դրա համար»,- երեխաներին նայելով՝ ասում է Սերգեյը: Նշում է, թե այդ երեխաները նաև իր երեխաներն են, և եթե առողջական խնդիրներ չունենար, երեխաները գետնին չէին քնի:

 

Այս տարվա մարտի 7-ին Գայանեի եղբոր տանը քենակալի՝ քրոջ ամուսնու հետ վիճաբանությունից հետո կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Ամուսինները պատմում են, որ վիճաբանությունն սկսվել է աննշան հարցից, երբ Գայանեն քրոջ ամուսնուն խնդրել է, որ երեխաներին տրվող գումարով գույք առնեն տանը: Քրոջ ամուսինն էլ պատասխանել է, թե իր ինչ գործն է, որ խառնվում է: «Տղամարդիկ բռնկուն են, տաքացավ, մեկ էլ ժարոնիկով խփեց գլխիս»,- նշում է Գայանեն: Ամուսինը շարունակում է, թե կինն այդ ժամանակ հղի էր: «Ես էլ կռացա, որ Գայանին բարձրացնեմ, ինձ էլ խփեց: Չհասցրեցի պատասխանել: Ութ անգամ աչքիս խփեց»,- ասում է Սերգեյը:

 

Աչքը վիրահատել են, բայց տեսողությունը վերականգնելու համար 65.000 եվրո է պետք: Իսկ բուժումն անում են Գերմանիայում: Երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ստանալու պետական մուծում պետք է անեն՝ 25.000 դրամ: «Էդ գումարը չունենք»,- սենյակի հեռավոր կետերին նայելով՝ ասում է Սերգեյը: Կինն ավելացնում է, թե ամեն ինչ պարտքով են բերում, ամուսնու ծնողներն են հիմնականում օգնում, եթե նրանք չօգնեն, ըստ Գայանեի, «իրենք կորած են»: «Աչքի համար դեղեր են նշանակել, բայց չենք կարողանում առնել: 4 դեղն արժե 15-16.000 դրամ: Մեծ գումար է»,- նշում է կինը:

 

Սերգեյը մեր զրույցի ժամանակ հաճախ է ներողություն խնդրում, որ ստիպված է պատմել իրենց վիճակի մասին: Նա 20 տարի աշխատել է շինարարությունում, վերանոգորման աշխատանք է արել, բայց արդեն մի քանի ամիս է՝ աչքի պատճառով չի կարողանում աշխատել: «Ամաչում եմ, գիտեք, որ էսօր ձեզ էսպիսի բաներ եմ պատմում: Ուղղակի էն վիճակն ա, որ էլ տեղ չկա իջնելու: Մտածում եմ՝ գոնե մի բանով օգնեն, մեզ վիլլաներ պետք չեն»,- ասում է նա:

 

Այս տարի ֆինանսական խնդիրների պատճառով որդուն չեն ուղարկել դպրոց: «Շոր է պետք, գրենական պիտույքներ են պետք: Բայց ինչ թաքցնենք, երեխան նաև խնդիրներ ունի. կանգնած տեղը կարող է բնազդաբար միզի»,- նկատում է Սերգեյը:

 

Ամուսինների խոսքով՝ երեխաները նպաստ չեն ստանում փաստաթղթերի պատճառով: Երեխաներն այսօր ոչ միայն հագուստի, այլև սննդի կարիք ունեն: Գոռի ոտքերը հաճախ են թրջվում, որովհետև եղած կոշիկները ծակվել են: Դեղատանը Էրիկի կաթը, տակդիրները պարտքով են վերցնում, բայց հիմա էլ ստիպված են երկար համոզել, որ գոնե կարողանան մի բան վերցնել:

 

Անգելինան պահարանից հանում է լոլիկն ու վազում դեպի պատշգամբ: Նրա հետևից ենք գնում: Դույլի ուղղությամբ կանգնած ուտում է, որպեսզի լոլիկի հյութը չթափվի գետնին: Պատշգամբում տախտակների մեծ անցքեր կան, քամին սողոսկում է ներս: Երեխաների տաշտակներն են, խոհանոցը: Խուց հիշեցնող այդ տարածքում ամեն ինչ խառն է:

 

Սերգեյը կնոջը խնդրում է սուրճ պատրաստել, մենք հրաժարվում ենք: Կինն ասում է՝ այսօր իր անհանգստությունը միայն ամուսնու առողջությունն է, չնայած ինքն էլ արդեն ունի առողջական խնդիրներ:

 

Գետնին նստած քույր ու եղբայր նայում են մեզ: Այս ամսի 20-ին Գոռի ծննդյան օրն է, խաղալիքներ է խնդրել ծնողներից: «Ասում ա՝ մամ, որ երկնքից փող ընկնի, խաղալիք կառնե՞ս»,- Գոռին նայելով՝ ասում է մայրն ու ժպտում:

Էրիկն արդեն արթնացել է: Ծնողները նրան հերթով գրկում են, փաղաքշում: Գոռը մոտենում է Էրիկին, ասում՝ «Էրիկին կարոտեցի»:

Նրանց տնից դուրս ենք գալիս: Սերգեյը մեզ ուղեկցում է՝ դարձյալ ներողություն խնդրելով ու ասելով. «Ոնց եմ ամաչում, որ եկաք, տեսաք մեր վիճակը»:

 

Ճանապարհին մտածում եմ՝ 38-ամյա տղամարդն ինչքան նեղված, հուսալքված պիտի զգա իրեն, որ ներկայացնի իր ընտանեկան խնդիրները: Հրաժեշտից նրա մեղմ ժպիտը փոխվում է տխրության:

 

Աղբյուրը` HETQ 

 






Դիտումների քանակ 4179


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ