Տիեզերական խայտառակություն

Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում

Հունվարի 14, 2015
Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում
Քոչար Օսկանյան
 
 
Խոսքի ազատությունը Եվրոպայում սրբություն է, ընդ որում՝ այդ սրբությունը բավական ինքնատիպ է, ինչպեսև Եվրոպան։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում թագուհու և թագավորական ընտանիքի անդամների ծաղրանկարների հրապարակման համար կարելի է բանտ ընկնել, իսկ ահա մարգարեներին ծաղրել օրենսդրությունը չի արգելում։ Ֆրանսիայում միապետ չկա, հետևաբար՝ չկան նաև բանտարկության ժամկետներ։ Փոխարենը երեկ Ֆրանսիայում պահանջել են Youtube-ից հանել մի քանի տեսագրություններ փարիզյան ողբերգության մասին։ Փաստորեն, ստացվում է, որ խոսելով խոսքի ազատության սրբազանության մասին՝ Ֆրանսիան, այնուամենայնիվ, դրան հետևում է այն դեպքերում, երբ դա նրան պետք է. տեղեկատվական նյութերը կարող են արգելվել՝ ելնելով որոշակի նկատառումներից, իսկ ահա Մուհամեդ մարգարեի դեմ ոտնձգությունները պաշտպանվում են օրենքի ուժով, դրանց արգելման մասին անգամ խոսք լինել չի կարող։ Սա բավական բնորոշ կերպով ի ցույց է դնում արևմտյան բարոյականության և իրավունքի փտածությունը։ Թե ինչպես են գործերը դեմոկրատիայի մյուս ջահակիրների պարագայում՝ այնքան էլ հետաքրքիր չէ։
 
Հետաքրքիր է այն, որ չորեքշաբթի լույս է տեսել «Շարլի էբդո» հերոսական շաբաթաթերթի նոր համարը՝ հսկայական տպաքանակով (երեք միլիոն), իսկ շապիկին այդ նույն Մուհամեդ մարգարեն է։ Ֆրանսիացի լրագրողների այսքան իռացիոնալ պնդաճակատությունն արդեն կասկածների տեղիք է տալիս։ Վերջին օրերին շատ է գրվել որոշ ուժերի կողմից խմբագրության գնդակոծման մասին՝ ամերիկյան հատուկ ծառայություններից մինչև եվրոպական հակաիսլամիստներ, և այս բոլոր վարկածները ճշմարտանման են թվում. ամերիկացիներին չէր խանգարի հրդեհը Եվրոպայում, եվրոպացի ռադիկալներին խիստ անհրաժեշտ են հակաիսլամական տրամադրությունների բռնկումներ, մի խոսքով՝ ամեն բան ռացիոնալ է թվում։
 
Այժմ՝ գլխավորի մասին։
Գլխավորն այն է, որ խոսքի ազատության սրբությունը, անկախ նրանից, թե ինչում է այն դրսևորվում և ինչպես մեկնաբանվում, կարող է Եվրոպայի երկրներին հասցնել պատերազմի և լուրջ բախման Արևելքի իսլամական աշխարհի հետ։ Ընդ որում՝ պատերազմը Եվրոպայի ներսում շատ ավելի ահավոր կլինի, քան հակամարտությունը Դոնբասում, քանզի անտարբեր չի թողնի աշխարհի հարյուր միլիոնավոր մարդկանց և այս կամ այն ձևով նրանց կներքաշի դրա մեջ։ Ի՞նչ տեղի կունենա, ասենք, Ֆրանսիայում, Հոլանդիայում կամ Անգլիայում, եթե հանկարծ տարերայնորեն ձևավորվեն մուսուլմանների շարժական մարտական բրիգադներ, որոնք սկսեն զավթել զինվորական զինանոցները, վարչական շենքերը, պայթեցնել ինչ պատահի։ Ինչպե՞ս կարձագանքեն դրան քաղաքակիրթ Եվրոպայի զինվորական և իրավապահ մեքենաները։ Ամերիկյան թոմահավկները նրանց չեն օգնի, քանի որ ստիպված կլինեն պայթեցնել դրանք Բեռլինում և Փարիզում։ Մի՞թե եվրոպական էլիտաները չեն տեսնում վերահաս վտանգը և չեն վերլուծում այն՝ նախընտրելով ժամանակ անցկացնել բողոքի հոգեցունց երթերում։ Իսկ զարմանալին այստեղ նոր պատերազմի պատճառն ու առիթները կլինեն. այսպես, եթե Առաջին համաշխարհային պատերազմի դետոնատոր ծառայեց ավստրիական գահի ժառանգի սպանությունը, ինչն, ասենք, ինքնիշխան պետության համար լուրջ և հիմնավորված պատրվակ էր ռազմական գործողություններ սկսելու ընդդեմ մի երկրի, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը (ի դեպ, այսօր այնպիսի պետությունների երկրորդ դեմքի սպանությունն ինչ-որ տեղ արտասահմանում, ինչպիսին են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Անգլիան կամ Ֆրանսիան, լիովին կարող է պատասխան ռազմական միջոցներ հրահրել, ընդ որում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան), ապա նոր պատերազմի պատրվակ կամ, եթե ուզում եք, դետոնատոր են դառնալու... ծաղրանկարները։ Դա նույնքան ծիծաղելի և պրիմիտիվ է, որքան և խայտառակ։ Ի՞նչ են գրելու ապագայի պատմության դասագրքերում։ Որ մի զզվելի շաբաթաթերթ ծաղրել է իսլամի մարգարեին, մուսուլմանները չեն հանդուրժել, և բանն ավարտվել է պատերազմո՞վ։
 
Այսօր ակնհայտ է, որ միջէթնիկական, միջդավանական դիմակայության թեժացման միտումը Եվրոպայում ընթանում է աճող տեմպով և անպայման հասնելու է հանգուցալուծման։ Թե ինչպիսին է լինելու այն՝ ավելի լավ է գուշակություններ չանենք։ Միայն թե օրեցօր ավելի ու ավելի շատ ենք ուզում հավատալ, որ «Շարլի Էբդոյի» ակցիաները բնավ լրագրողների ինքնագործունեություն չեն, բնավ նրանց ստեղծագործական փորլուծության արդյունք չեն, այլ մի ուրիշ, ավելի լուրջ բան, քանզի ֆրանսիացիները, որոնք ժամանակին առանց մարտի Ալեքսանդր Առաջինին հանձնեցին Փարիզը, միայն թե չփչացնեն իրենց տների կարմիր փայտից պատրաստված կահույքը (այս մասին լավ է գրում Ստենդալը «Նապոլեոնի կյանքը» գրքում), ռացիոնալ պրագմատիկներ են և բնավ ի վիճակի չեն ինքնազոհության հանուն ցանկացած, անգամ ամենամեծ գաղափարի, իսկ ծաղրանկարներն ու խոսքի ազատությունն առհասարակ այդպիսին չեն նրանց համար։ Այս հարցում մենք կասկածներ չունենք։           





Դիտումների քանակ 4240


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, RFI–ին տված հարցազրույցում ասել է, որ «սրբապղծութ...

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Նոյեմբերի 5, 2015


Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որն աչքի է ընկել իր սկանդալային, սրբապիղծ ծաղրանկարներով ու այդ արարքների համար իր աշխատակից...

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Փետրվարի 2, 2015


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե չի կարող գնահատական տալ Բերձորում տեղի ունե...

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
2

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակ...

Ամեն ինչ հատուցման գին ունի

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
4

Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ