Ազգային խայտառակություն

Ծեծի անատոմիա և անսահման սիրո պտուղներ

Դեկտեմբերի 12, 2014
Ծեծի անատոմիա և անսահման սիրո պտուղներ

Օսկան Քոչարյան

 

Սկզբում Նախախորհրդարանի անդամների մեքենաներն այրվեցին: Հետո հայտնի դարձավ ազատամարտիկներին ծեծելու փաստը: Այնուհետև Արամ Մանուկյանին ահաբեկեցին: Այս գործողությունների շղթան, որ նույնիսկ անտրամաբանական ու անիմաստ կարելի է համարել, դեռևս ունի մեկ ընդհանրություն. բոլոր տուժածները իշխանության ներկայացուցիչներ չեն: Սակայն ընդամենն այս փաստը նշելով և մեղավորներին երկրի վերնախավում փնտրելով հազիվ թե հարցը պարզաբանված համարվի: Մի քանի հանգամանքներ, այնուամենայնիվ, դուրս են պարզ դատողության շրջանակներից և հավելյալ բացատրություն են պահանջում:

 

Որքան էլ հակված լինենք այն կարծիքին, թե իշխանական թևը ձեռնարկում է կոպիտ մեթոդներով մարդկանց լռեցնելու և իրենց դեմ ուղղված բողոքի ալիքը խեղդելու պրիմիտիվ քայլեր, չենք կարող չնկատել, որ թվարկված միջադեպերի ընթացքում տուժած քաղաքացիները և կամ այն քաղաքական ուժերը, որոնք նրանք ներկայացնում են, իրականում իրենցից լուրջ սպառնալիք չեն ներկայացնում պետության տերերի համար: Ընդհակառակն, ուժի գործադրումը և դրան հաջորդած բողոքի ծավալները ներկա պարագայում վնասում  են հենց իշխանություններին: Եվ ուրեմն քիչ թե շատ խելացի մարդը հազիվ թե չմտածեր հետևանքների մասին ու չկռահեր, որ դրանց ավելի շատ տուժում է, քան շահում: Մնում է երրորդ ուժի տարբերակը:

 

Խոսքն այն թևի մասին է, որը ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն, սակայն նրան ձեռնտու է, երբ վիճակը սրվում է ու հակադիր ուժերը բախվում են իրար: Պղտորելով ջուրը` վերջիններս հաջող որսի ակնկալիք են ունենում կամ գոնե նվազագույնը կարողանում են իրականացնել ինչ-ինչ ընթացիկ խնդիրներ` շղարշ ունենալով բողոքի ու դժգոհության մթնոլորտը: Դրա վկայություններից մեկը կարելի է համարել այն, որ Հայաստանի քաղաքական վերնախավում թվարկված միջադեպերից հետո տիրում է ցաքուցրիվ, երբեն էլ նաև ցայտնոտային տրամադրություն: Հենց միայն ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովի արձագանքը լիովին բավարար էր հասկանալու, որ իշխանությունները չունեն նախապատրաստված արձագանք, և ուրեմն կատարվածը նրանց համար նույնպես ինչ-որ չափով անակնկալ էր: ՀՀԿ-ի համար չափազանց վիրավորական է, երբ նրան հիշեցնում են խոստացված «ապահով Հայաստանի» մասին, իսկ այնուհետև թվարկում այդ ապահովությունն ի չիք դարձրած տասնյակ դեպքերը: Ու եթե տուժող կողմը թքած ունի Հանրապետականների խոցված ինքնասիրության վրա, ապա ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին կարող են լավագույն դեպքում արձագանքել այսպես. «Մեղադրական եզրակացությամբ հանդես մի եկեք, ցանկացած օրինախախտում, առավել ևս նման դեպք, դատապարտելի է: Բայց քանի դեռ խնդիրը իրավական է, մեղադրողի ձևով հանդես մի եկեք, ոչ էլ դատավորի կեցվածք ընդունեք: Կրկնում եմ՝ ընդունելի չէ Հայաստանի քաղաքացու նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Ապահով Հայաստան, թե ոչ ապահով Հայաստան, պետք չէ դրա մասին կարծիքներ հայտնել»:

 

Իսկ ինչու՞ պետք չէ: Ո՞վ է դա արգելելու: Ապահով Հայաստանի թեման տաբու՞ է: Եվ եթե խոսվում է իրավական դաշտի մասին, ապա ի՞նչ է արել այդ դաշտը ծեծի, հրկիզման, ահաբեկման դեպքերի մեղավորներին բացահայտելու և նրանց պատժելու ուղղությամբ: Ոչինչ չի արել, թեև դրվագներից ամեն մեկն իր պարզությամբ միանգամայն բացահայտելի է և ուրեմն հրաշալի հնարավորություն իշխանությունների համար` ապացուցելու, որ իրենց ձեռքերն այս դեպքում մաքուր են: Բայց արի ու տես, որ նրանք չեն շտապում ու չեն շարժվում: Ինչու՞:

 

Այս հարցը նույնպես կարող է ունենալ իր պարզ պատասխանը: Մեկը մյուսին հաջորդած հանցագործությունները կարող են իրականացված լինել քրեածին տարրերի կողմից, ովքեր հրահանգավորվել են իշխանամերձ ինչ-որ անհատներից, սակայն այդ նախաձեռնությունը համաձայնեցված չի եղել վերևների հետ: Այլ կերպ ասած` խոսվում է ինքնագործունեության մասին, որ նպատակ ունի ծառայություն մատուցել տիրոջը ինքնաբուխ կերպով: Նվիրվածության նմանօրինակ ցույցերին առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում, իսկ վերջերս էլ առիթ ունեցանք լսելու մի գեներալի խոստովանությունը, ով պատրաստ է  մարդկանց ականջները կտրել, նրանց թուլա դարձնել` ի սեր Սերժ Սարգսյանի:

 

Թե այդ սիրո պտուղները որքանով հաճելի կլինեն նախագահի և նրա մերձավոր շրջապատի քիմքին, դեռ կտեսնենք: Իսկ մինչ այդ ընդդիմությունն էլ շտապում է իր պտուղները ժողովել: Նրանք արդեն հասցրել են դեպքերի մասին տեղեկացնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պնդել, որ բոլոր դեպքերը փոխկապակցված են և և որ իշխանությունները դիմում են ահաբեկչության: « Հասարակությունը պետք է ադեկվատ հակահարված տա բռնապետական ռեժիմին, և մենք ամեն ինչ կանենք, որ այդ հակահարվածը տեղի ունենա: Մենք գործ ունենք իշխանությունը զավթած ահաբեկիչների հետ, բայց մենք նրանց ահաբեկչական մեթոդներով չենք պատասխանելու: Սահմանադրությամբ լայն հնարավորություններ կան, ժողովրդի համախմբմամբ կիրականացնենք այն, ինչ մարդիկ վաղուց են ցանկանում: Այս բանդան պետք է հեռանա»,- հատարարել է ընդդիմությունը:






Դիտումների քանակ 5803


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ