Ռետրո խայտառակություն

Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առիթով

Հոկտեմբերի 30, 2014
Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առիթով

Օրերս լրացավ հայ մշակույթի ամենախայտառակ և վնասակար գործիչներից մեկի` Հովհաննես Չեքիջյանի հերթական տարեդարձը: Այս տարի մաեստրոն դարձավ 85 տարեկան, նրան պատվեցին երկրի իշխանությունները, անձամբ վարչապետը մասնակցեց հոբելյանական համերգին: Ներկայացնում ենք մի ճշմարտացի հոդված պրն Չեքիջյանի մասին, որը ժամանակին լուրջ աղմուկ էր բարձրացրել:

ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԵԼԼԱ. ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ («Ազատամտություն», 16.06.2009թ.)

Լուսինե Կեսոյան

Չեքիջյան Հովհաննես Հարությունի (ծնվ. 23.10.1928, Ստամբուլ, Թուրքիա) - խորհրդային երգչախմբային դիրիժոր: ԽՍՀՄ ժող.արտիստ, ԽՍՀՄ 10-րդ և ՀԽՍՀ 9-րդ գումարումների ԳԽ պատգամավոր: 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ժ. Ֆուրնեի մոտ, իսկ 1961թ-ին` Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1946-60թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխ. դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-61թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը: 1961թ. ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխ. դիրիժորն է:

 

Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժող. երգեր, օպերաներից հատվածներ: Ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունենում ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ: Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում: Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների: 1973-77թթ. դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվ. ուսումնարանում, 1975-ից Երևանի կոնսերվատորիայում (1982թ-ից պրոֆեսոր է): ՀԽՍՀ պետ. մրց. (1970), ԽՍՀՄ պետ. մրց. (1975):

 

Այս ամենը կարելի է կարդալ խորհրդային երաժշտական հանրագիտարանում: Այն կազմվել է 1978թ.: Եթե տարիներ հետո կազմվի նոր հանրագիտարան, ապա նույն անվան դիմաց կարելի կլինի հայտնաբերել մոտավորապես հետևյալ բովանդակությամբ գրառում:

 

Չեքիջյան Հովհաննես Հարությունի (23.10.1928, Ստամբուլ - ?Երևան), հայոց համազգային խայտառակություն (ՀՀԽ): Կարողացավ Խորհրդային Հայաստանում ձեռք բերել մեծ դիրիժորի համբավ: Այն եզակի խմբավարն էր, որ իր մեկ դարը բոլորեց իբրև Հայաստանի ակադեմիական երգչախմբի ղեկավար` շարունակելով պաշտոնավարել անգամ երաժշտական լսողությունն ու հիշողությունը կորցնելուց հետո: Բոլոր մրցանակների դափնեկիր,բոլոր իշխանությունների ֆավորիտ: Հզոր կոմերսանտ, որ երգչախմբի անունով կարողանում էր ամենատարբեր տեղերից գումարներ ներգրավել` համալրելով շվեյցարական բանկերում սեփական հաշիվները` միաժամանակ կարողանալով բոլորին համոզել, որ «մեկ կոպեկ անգամ չունեմ»: Հաջողությամբ իրականացրել է նաև արտասահմանում մշտական բնակության մեկնել ցանկացողների երազանքները` երգչախմբի միջոցով կազմակերպելով մարդկանց բարեհաջող տեղափոխումն արտերկիր` այսպիսով նպաստելով 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի պահանջների կատարմանը: Հանձին Չեքիջյանի` հայ երաժշտարվեստը ձեռք բերեց անգերազանցելի բանսարկուի, որի շնորհիվ գոյությունը դադարեցրեց ՀՀ պետական ակադեմիական կապելլան:

 

Շատերի համար իսկապես Չեքիջյանն անառարկելի հեղինակություն է, մարդ, որ կենդանության օրոք արդեն լեգենդի պես մի բան է, որ կարողացել է իր և կապելլայի անունները դարձնել մի ամբողջություն, մարդ, որով պայմանավորվում է աշխարհում մեծ համբավ ունեցող ակադեմիական երգչախմբի փառքը: Բայց թե ինչ է թաքնված այդ ամենի հետևում, ինչ է կատարվում վարագույրից այն կողմ, հայտնի է միայն քչերին: Չեքիջյանն իր երկարակեցությանը պարտական է հենց նրանով, որ ողջ կյանքի ընթացքում վարագույրից այն կողմ եղածը կարողացել է հաջողությամբ ծածկել ու հանրությանը երևալ միայն իբրև անգերազանցելի մաեստրո:

 

Չեքիջյանի մասնագիտական կարողությունները թողնենք մասնագետներին: Բայց աններելի սխալ կլինի մարդկությունից թաքցնել մաեստրոյի բիզնես կարողությունները: Երբ Էմմա Ծատուրյանն ու Թաթուլ Ալթունյանը ստեղծեցին երգչախմբային ընկերության երգչախումբը, դա արեցին` այն բացառապես պրոֆեսիոնալներով համալրելու համար: Իսկ ահա Չեքիջյանն ուրիշ էր: Կապելլային զուգահեռ ղեկավարում էր նաև համալսարանի երգչախումբը և այստեղից կապելլա տարավ համալսարանականների: Նա համոզված էր, որ կարող է երգացնել ցանկացած մարդու, և այդ համոզմունքը տարիների հետ միայն ամրապնդվեց: Միայն մեր կապելլայում կարելի է գտնել այդքան անհաջող դաշնակահարների, որ Չեքիջյանի ձեռամբ դարձել են կապելլայի շարքում կանգնող և տեսքը ապահովող «երգիչներ», չկայացած երաժիշտների, տնտեսագետների և այլն: Հատկապես տնտեսագետների պահով Չեքիջյանը հավասարը չունի: Օրինակ, հենց այդպիսի կադրերից մեկի շնորհիվ մաեստրոն կարողացավ ֆինանսատնտեսական ներկա ճգնաժամի պայմաններում վարչապետ Տիգրան Սարգսյանից 200 հազար դոլարի խոստում ստանալ ԱՄՆ ուղևորության համար: Ինչպե՞ս. որովհետև համալսարանում տնտեսագիտություն դասավանդող Վարդումյան Սուրենի հոբբին երգելն է, և Չեքիջյան Հովհաննեսն այն մարդն էր, որ լայն ասպարեզ տվեց հոբիի համար, իսկ հոբբիի տերն էլ փոխհատուցեց` համակուրսեցի վարչապետի շահավետ խոստումներով:

 

Բայց Չեքիջյանը ոչ միայն տնտեսագետներին է աշխատանքի ընդունում, այլև ինքն է փայլում տնտեսագիտական տաղանդով: Վերցնենք ամերիկյան հենց այս ուղևորությունը: Ճիշտ է, այն ֆինանսավորելու է վարչապետը, բայց դե, Չեքիջյանը ինչպե՞ս կկարողանար ամառանոցներ, շվեյցարական բանկում հաշիվներ ունենալ, եթե մնար միայն վարչապետերի հույսին: Եվ ահա թե ինչ է արել: Մաեստրոն կազմակերպել է հատուկ ստուգատես, որի արդյունքում էլ որոշվելու են մեկնող երջանիկները: Մեկնողների թվում են նրանք, ովքեր ունեն ամուր թիկունք (ծանոթություն, բարեկամություն, փող), ովքեր չունեն, մնում են հայրենիքում: Ուղևորությունների ժամանակ աշխատող բավական կարևոր փաստարկ է նաև տեսքի անհամապատասխանությունը. հատկապես այս ժամանակ միանգամից ուշադրության կենտրոնում են հայտնվում հաստլիկները. մաեստրոն սկսում է խիստ մտահոգվել, որ հանկարծ ու նրանք կգցեն կապելլայի փառահեղ տեսքը. չէ՞ որ այստեղ այն առաջին տեղում է (ի դեպ, սա առանձին թեմա է. եթե աշխարհում ընդունված կարգի համաձայն երգիչները կանգնում են ըստ ձայների` տենոր, ալտ, սոպրանո և այլն, ապա մեզ մոտ շարվում են ըստ հասակի, ինչի շնորհիվ էլ մերը աշխարհի ամենագեղեցիկ կապելլան է):

 

Հիմա կապելլայում եռուզեռ է. տարվում են «մաքրման» գործընթացներ: Եթե երգողների թիվը 90-ն է, ապա խնդիր է դրված այն կրճատել առնվազն 20-ով: Բայց… այստեղ կարևորը և չեքիջյանական տնտեսագիտական հանճարի գաղտնիքը հենց այդ «բայց»-ն է. ԱՄՆ մեկնողների թիվը 120 է լինելու:  Բնական է, որ երգիչներից բացի մեկնում են նաև վարչական աշխատողներ, բայց մաեստրոյի համար ավելի թանկ են նրանք, ովքեր խիստ արագացված ռեժիմով` մի քանի օրվա ընթացքում, կդառնան երգիչներ և կմեկնեն իրենց երազանքի երկիրը: Ամերիկյան դեսպանատունն, ինչպես հայտնի է, մանրակրկիտ քննության է ենթարկում ԱՄՆ մեկնել ցանկացողներին, մինչդեռ կապելլան իր հեղինակության շնորհիվ կարող է հեշտությամբ հաղթահարել այդ խոչընդոտը. հարկավոր է միայն մաեստրոյի երաշխավորագիրը, որ այսինչ մարդը կապելլայի անդամ է, իսկ վերադարձին կապելլան կունենա՞ նման անդամ, թե` ոչ, արդեն հետաքրքիր չէ: Ասում են, որ ամերիկյան դեսպանատան քննությունը շրջանցել ցանկացողները, հատկապես նրանից մերժվածները, պատրաստ են վճարել 20 հազար դոլար` միայն թե հնարավորություն ստանան մեկնել: Ահա և չեքիջյանական տնտեսագիտական հանճարի ողջ գաղտնիքը. այսպես կարելի է հաշվել, թե ընդամենը մեկ ուղևորության ընթացքում որքան գումար է հաջողացնում աշխատել բնավ ոչ տնտեսագետի որակավորում ունեցող պրոֆեսորը, այն էլ 80-անց տարիքում, երբ իր հասակակիցները վաղուց տառապում են զառամախտով:

 

Իհարկե, պրոֆեսորին էլ զառամախտը չի շրջանցել, նա էլ է կորցրել երաժշտական լսողությունը, երաժշտական ստեղծագործությունները հիշելն էլ արդեն վեր է ուժերից, բայց կարևորը, որ տարիների հետ բիզնես հմտություններն են զարգանում: Թեև առաջ էլ պակաս զարգացած չէր: Ընդհանրապես, փայտիկից հետո մաեստրոյի ամենակարևոր շարժիչ ուժը փողն է, ցանկալի է` արտարժույթով: Համերգներից առաջ, երգիչների հավաստմամբ, նրա ամենասիրած արտահայտությունը. «մինչև փողը չտան, ֆրակս չեմ հագնի»-ն է: Այդ արտահայտությունը երգիչները լսեցին, երբ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը եկավ Հայաստան: Եկավ, Չեքիջյանը ֆրակը հագավ, բայց երբ համերգից հետո երգիչները հիշեցրին, թե, բա, իրենց փողն ու՞ր է, ի պատասխան լսեցին. «ի՞նչ փող, ի՞նչ բան…»:

 

Չեքիջյանի` «քցելու» հատկությունը վաղուց է հայտնի բոլորին: Հիմնականում, իհարկե, քցվողների դերում երգիչներն են: Այդպես, 1992թ., դեռևս Բեյրութում, Չեքիջյանը կարողացավ «քցել» անգամ դաշնակցականներին. «համազգայինը» 10 հազար դոլար տվեց մաեստրոյին հայրենիք հասնելու համար: Մաեստրոն կապելլայի հետ հայրենիք հասավ ոչ թե այդ 10 հազարով, այլ հայրենի կառավարության ուղարկած ինքնաթիռով, իսկ թե ուր թռան այդ գումարները, իմացավ միայն, բնական է, մաեստրոն:

 

Ուղևորությունները հիմնականում հենց այդպես էլ ընթանում էին, միայն հազվագյուտ դեպքերում էին բիզնեսմեն մաեստրոյի ծրագրերը ձախողվում: Նման մի դեպք էր 1999թ. Շվեյցարիայի հյուրախաղերը: Այստեղ կապելլայի ելույթից ոգևորված` Շվեյցարիայի հայերի հոգևոր հովիվը 10 հազար դոլար նվիրեց կապելլային: Բնական է, որ 10 հազարները ունենում են նույն ճակատագիրը, սակայն այս անգամ, չգիտես ինչպես, հոգևորականն ավելի աչքաբաց գտնվեց: Նա վեր կացավ, հասավ օդանավակայան և բարձրաձայն, ի լուր ամենքի սկսեց պահանջել իր 10 հազար դոլարը. «կամ բաժանեք երգիչներին, կամ հետ տվեք իմ փողերը»` չթողնելով ինքնաթիռ նստել, մինչև չկատարեն պահանջածը: Այդպես այս մի անգամ մաեստրոն զրկվեց շռայլ նվերից: Բայց փոխարենը նրան մնաց երկու երգիչների օրավարձը: Այս ուղևորության ավարտին էլ երկու երգիչ, պարզվեց, չկա: Բոլորը խառնված ման էին գալիս, անհանգստանում, միայն մաեստրոն կատարյալ հանգիստ էր և միայն կրկնում էր. «է, լավ, չեգան, չեգան, իրենք գիտեն, կփոշմանեն, հետ կուգան, ոչ լեզու գիտեն, ոչ բան, մնան, ի՞նչ պիտ էնեն»: Այսպես այդ օրից այդ երկու տղաները մնացին Շվեյցարիայում, իսկ մաեստրոյի գրպանը հարստացավ օրը 100 եվրոյի չափով տրվող գործուղման գումարով, չհաշված վիզաների և տեղափոխման համար վերցրած «հոնորարները»: Խորհրդային շրջանում, երբ կապելլան դարձյալ ակտիվորեն շրջագայում էր, մշտապես ուղեկցող էր ունենում ՊԱԿ-ից, որը հետևում էր անձնակազմի տեղաշարժերին: Այդ ժամանակ կապելլան քանի հոգով գնում, նույնքան էլ վերադառնում էր: Անկախությունից հետո այդ բարի ավանդույթն էլ, մյուսների պես, հօդս ցնդեց: Այնպես որ, «պակասորդի» համար Չեքիջյանը որևէ մեկին այլևս պատասխանատու չէ:

 

Ընդհանուր առմամբ, մաեստրոյի գործերը միշտ էլ հալած յուղի նման էին գնում. ո՞վ տվեց, ի՞նչ տվեց, ինչի՞ համար. գիտե միայն ինքը: Երգիչները նորից «քցվեցին», երբ մաեստրոյի նախաձեռնությամբ թողարկեցին Եկմալյանի պատարագի ձայնասկավառակը: Նախնական պայմանավորվածությամբ, հազարավոր տիրաժներով արտադրվող ձայնասկավառակների դիմաց երգիչներին հասնելու էր ընդամենը 50-ական դոլար, սակայն ամեն շրջագայության ժամանակ Չեքիջյանը հարյուրներով ու հազարներով մեր սփյուռքահայ բարեկամների վրա «նաղդում» էր իր ապրանքը, փողը գրպանում, իսկ երգիչներն այդպես էլ մնում էին ձեռնունայն:

 

1995թ. էլ մաեստրոյի բանկային հաշիվները կրկին համալրվեցին: Նա դատի էր տվել փարիզյան համերգներ կազմակերպող իմպրեսարիոյին` իբրև թե կապելլային վատ պայմաններ ապահովելու համար (հյուրանոց և այլն): Դատը շահեց, իբրև փոխհատուցում կապելլան ստացավ 40 հազար դոլար, ինչի մասին, բնական է, միայն լսեց ու դարձյալ լռեց: Միայն մի անգամ մշտապես հնազանդ կապելլայի որոշ անդամներ համարձակվեցին ձայն բարձրացնել, ու քիչ էր մնում «Չեքիջյան» անունը դառնար մանրադրամ:

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2000թ. վարչապետ Արամ Սարգսյանը Չեքիջյանի «բանավոր դիմումին ի պատասխան» (այսպես է ներկայացված Արամ Սարգսյանի տված տեղեկանքում), մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանին խնդրում է հովանավորել ակադեմիական երգչախմբի գործունեությունը: Գևորգյանն էլ խնդրանքը հարգում է և ամեն ամիս իրեն պատկանող «Պրոմեթեյ» բանկի միջոցով փոխանցում 100 դոլար` յուրաքանչյուր երգչի հաշվով: Պայմանավորվածությունը 24 ամսվա համար էր: Երգիչներն ամեն ամիս խելոք ստորագրում ու ստանում էին 20 դոլար, մինչև, չգիտես ինչպես, բացահայտվում է ճշմարտությունը: Կապելլայի անդամներին հաջողվում է միայն վերջին երեք ամսվա գումարը ստանալ ամբողջությամբ (92 դոլար. հավանաμար հաշվի էին առել պահումները): Աղմուկ է բարձրանում: Անգամ այն ժամանակվա մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը խոստովանում է, որ դա հանցագործություն էր, ինչի համար Չեքիջյանին սպասվում էին ձեռնաշղթաներ: Լուրեր են պտտվում, թեև այդ լուրերը, ամենայն հավանականությամբ հենց Չեքիջյանի հորինածն էին, թե այդ ամբողջ պատմությունն արված էր ակադեմիական երգչախմբի ղեկավարի փոփոխության համար, իբր Չեքիջյանի փոխարեն ցանկանում էին դնել Տիգրան Հեքեքյանին: Հարուցվում է դատական գործ: Չեքիջյանը, փրփուրներից կախվելով, սկսում է անհեթեթ փաստարկներ բերել, թե «էդ փողերը հավաքել, փորձասենյակ եմ սարքել»: Սակայն նույն Արամ Սարգսյանի տեղեկանքում նշված է, որ Սենիկ Գևորգյանը «երգչախմբի փորձասենյակի կառուցումը ֆինանսավորելու` պրն Չեքիջյանի ակնարկը» ուղղակի մերժել է: Իրականում փորձասենյակը վաղուց կառուցվում էր, դրա համար հատկացված գումարները լրիվ ուրիշ էին և ոչ մի կապ չէին կարող ունենալ մոսկվաբնակ գործարարի գումարների հետ, որ նախատեսված էր միայն երգիչների համար (ի դեպ, Պուշկինի փողոցում գտնվող կապելլայի շենքի կառուցման համար Ճարտարապետների միության հատկացրած հողատարածքի մի մասն էլ, չգիտես ինչ հրաշքով, օտարվում է. թե ինչ գումարներ են այստեղ շրջանառվել և ում հաշվին նստել, կարելի է միայն գուշակել): Այս բացահայտ հանցագործությունը, սակայն, դատական բոլոր ատյաններով Չեքիջյանին հաջողվում է սղղացնել, քանի որ հովանավորն ավելի քան հզոր էր. Ռոբերտ Քոչարյանը դրանից առաջ Չեքիջյանին պարգևատրել էր, այնպես որ, իր տված մեդալի ձեռքը կրակն ընկած, պարտադրված հովանավորում է գումարները յուրացրած հանցագործին:

 

Իսկ կապելլան անհնազանդության համար «պարգևատրվում է» կադրային ջարդով: Սա, ընդհանուր առմամբ, մաեստրոյի սիրելի զենքն էր: Ինչպես լինում է սովորաբար, ակադեմիական երգչախմբի ղեկավարն էլ միշտ իր շուրջը նախընտրել է պահել նրանց, ում նշանաբանը «մաեստրո ջան, դու միշտ ճիշտ ես»-ն է, իսկ սեփական կարծիք ունեցող պրոֆեսիոնալները որակավորվել են իբրև «նեպրիգոդնի» ու հեռացվել: Այդպես կապելլայի ամենամնայուն անդամներից է հեռավոր 1947թ. Ծնված Քյուրքչյան Անահիտը, որն անգամ երիտասարդ տարիներին առանձնակի ձայն չուներ, իսկ հիմա կարելի է միայն պատկերացնել… և նա սոպրանո է: Սոպրանո է նաև Միրզոյան Գայանեն: Նա ևս ձայն չունի, բայց սոպրանո է, որովհետև մաեստրոյի «ֆավորիտն է»: Շարունակում է երգել նաև մաեստրոյից ընդամենը 3 տարով փոքր Ալբերտ Խաչատրյանը, քանի որ ժողովրդական արտիստ է: Երգում է նաև ադմինիստրատոր Սահակյան Ռաֆիկի կինը… և այսպես շարունակ: Երբ պրոֆեսիոնալները բոլորը հեռացան` չհանդուրժելով ղեկավարի խարդավանքները, բանսարկություններն ու հանցագործությունները, Չեքիջյանը, տեսնելով, որ օղակը գնալով սեղմվում է և հետզհետե կորցնում է հենարանը, սկսեց փնտրել ու հետ բերել մարդկանց, ում շուրջ 25 տարի առաջ ազատել էր անհամապատասախանության պատճառով: Այդպես կապելլայում հայտնվեց Իվանյան Մառան, որը 25 տարի տնային տնտեսությամբ էր զբաղվում:

 

Միայն իրեն հայտնի տրամաμանությամբ, Չեքիջյանը պահում էր բերանը բաց ու խուփ անողներին, իսկ լավագույն ձայներն անտեսվում էին ու դուրս նետվում: Այդպես կապելլայից հեռացվեց Անահիտ Ներսիսյանը, որը հեռացվելուց մեկ տարի առաջ երգում էր աշխարհահռչակ Ելենա Օբրազցովայի հետ: Այդպես ժամանակին Գուլեկինա (Մուրադյան) Մարիայի առաջ դռները փակվեցին: Չեքիջյանը հայտարարեց, թե քո ձայնը պետք չէ: Իսկ այդ ժամանակ Գուլեկինան Գլինկայի մրցույթի առաջատարն էր: Հիմա համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի է, սակայն պետք չեկավ Հայաստանին, քանի որ Չեքիջյանն այդ ժամանակ ղեկավարում էր նաև Օպերային թատրոնը:

 

Այս շրջանի նրա գործունեությունն էլ զերծ չէր խայտառակություններից: Ամենամեծ խայտառակությունը Թբիլիսիում էր` հյուրախաղերի ժամանակ, երբ «Արշակ Երկրորդ» ներկայացման ժամանակ հանկարծ ու կտրվեց Հենրիկ Ալավերդյանի ձայնը: Կտրվեց… և նրան փոխարինող չկար, որովհետև ղեկավար Հովհաննես Չեքիջյանը հարկ չէր համարել փոխարինող ունենալ: Փոխարինել կարող էր Բարսեղ Թումանյանը, որն այդ նույն ժամանակ զբաղված էր ֆուտբոլային երկիր Բրազիլիայում երաժշտական ինչ-որ մրցույթում 17 հոգու միջից, որոնց կեսը կանայք էին, գրան-պրի ստանալով, իսկ երրորդ, չորրորդ փոխարինող ունենալ ղեկավարը չէր բարեհաճել: Թիֆլիսահայ համայնքը ամոթից գետինն էր մտել, նման դեպքերում ղեկավարին առանց տատանվելու հեռացնում էին, իսկ ահա Չեքիջյան Հովհաննեսը շարունակեց վայելել իր արտոնյալ դիրքը: Տարիների հետ մաեստրոյի համբավը շարունակեց աճել` կապելլայի որակի անկմանը զուգընթաց. որքան որակն ընկնում էր, այնքան ավելի շատ էին սկսում մեծարել ծերացողին: Իսկ որակի անկման համար օբյեկտիվ պատճառներն ավելի քան բավական էին: Կադրային ջարդի մասին արդեն ասվեց: Պատճառներից էր նաև այն, որ կապելլայում երգողը միաժամանակ երգում էր նաև հանրապետության մյուս բոլոր երգչախմբերում. նույն մարդը կարող է աշխատել թե Օպերային թատրոնում, թե կամերային երգչածմբում, թե կոնսերվատորիայի երգչախմբում, և դա այն դեպքում, երբ նույն կոնսերվատորիան ամեն տարի ունենում է շուրջ 50-60 վոկալիստ շրջանավարտ, որոնք այդպես էլ մնում են անաշխատանք. նույն կոնսերվատորիայի երգչախմբում կարող են զբաղված լինել հենց նույն ուսանողները, մինչդեռ տեղերը զբաղեցնում են այլ մարդիկ:

 

Կապելլայի ընկած որակը Չեքիջյանը տարիների հետ փորձեց բարելավել քանակով: Երգողների թիվը գնալով ավելացավ` կապելլայի տեսքն ապահովելու համար: Բայց սրա հետևում մի գաղտնիք էլ կար, որ գիտեն միայն երգիչներն ու ղեկավարը: Իրականում, երբ  կապելլան իբր անգիր երգում է, անգիր երգել գիտեն և կարողանում են միայն հազվագյուտ մարդիկ: Թվի ավելացման նպատակն էլ հենց դա է. շարք կանգնած մի հարյուր հոգու մեջ երեքից հազիվ մեկն է երգում, մնացածը երգում են այն ժամանակ, երբ հիշում են տվյալ հատվածը, իսկ ծանրությունն իրենց ուսերին են կրում եզակի պրոֆեսիոնալները: Այնպես որ, միանշանակ կարելի է պնդել, որ Հասմիկ Պողոսյանի` ֆոնոգրամաների արգելման որոշումն այստեղ էլ կարող էր հասնել, եթե նախարարն իմանար, որ կապելլայում էլ է գործում ֆոնոգրամա կոչվող երևույթը. տարբերությունն այն է, որ «չերգողների» ֆոնոգրաման այստեղ կենդանի մարդիկ են: Իրերի նման դրության պայմաններում ավելի քան անհեթեթ է «բոլորի հավասարության» չեքիջյանական մոտեցումը, որն արտահայտվում է նաև աշխատավարձի ձևով. այսինքն` անկախ նրանից 30 տարվա պրոֆեսիոնալ ես ու անգիր գիտես ռեպերտուարը, թե երեք ամսվա աշխատող, որ անգամ մի ստեղծագործություն մինչև վերջ անգիր չգիտես, ստանում ես հավասար չափով աշխատավարձ:

 

Չեքիջյանի ամենաարատավոր հատկություններից մեկը, աշխատողների հավաստմամբ, նրա անմարդկայնությունն ու անսահման էգոիզմն է: Իբրև գերազանց ժուլիկ ու շահագործող, մաեստրոն, այսպես կոչված, աշխատանքի է վերցնում մարդկանց` պայմանով, որ որոշ ժամանակ անվճար աշխատելուց հետո, եթե տեղ բացվի, նոր միայն կընդունի աշխատանքի: Այդպես մարդիկ մոտ 2-3 տարի ձրի աշխատում են, նվիրվում, մինչև մի գեղեցիկ օր Չեքիջյանը նրանց ցույց է տալիս դուռը և թափուր տեղում ընդունում իրեն ձեռնտու մարդուն: Նման մոտեցում երևի թե ոչ մի ուրիշ կոլեկտիվում հնարավոր չէ գտնել: Այս տարիների ընթացքում Չեքիջյանի ամենակործանարար քայլերից մեկը սերնդափոխություն չապահովելն էր: Իրեն շրջապատելով միայն իր նման բանսարկուներով ու իր խոսքին հլու-հնազանդ դրածոներով` կապելլան զրկվեց ապագայից: Սա կարելի է պնդել նաև ղեկավարի հարցում: Հենց ինքը` մաեստրոն, սիրում է անընդհատ շեշտել իր անփոխարինելիությունը. «դե, չկա էդպես մեկը, ի՞նչ անեմ»,- ասում է նա: Իսկ էդպես ոչ թե մեկը կար, այլ մի քանիսը, որոնց, անփոխարինելիության հետևից ընկած մաեստրոն, մեկը մյուսի հետևից հեռացրեց: Այդպես հեռացվեց Արթուր Վերանյանը, որին Չեքիջյանը խոստացել էր փոխանցել փայտիկը. նա այսօր Բոստոնում է աշխատում: Այդպես հերթով տարիների հետ փառապանծ մաեստրոն չեզոքացրեց ու իրենից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր կարող էին ստվեր գցել ու մրցակցել: Հեռացնելով տաղանդավորներին ու շրջապատվելով պնակալեզներով` մաեստրոն տարեցտարի ամրապնդեց սեփական անձի ու կապելլայի նույնականությունը` նախապատրաստելով պետական ակադեմիական երգչախմբի մայրամուտը` ղեկավարի հետ համատեղ:

 

Այժմ` մի փոքր ռեզյումե: Հովհաննես Չեքիջյանը կատարյալ անամոթ և վնասարար մարդ է: Հանճարեղ դիրիժոր նա երբեք չի եղել` ուղղակի խորհրդային տարիներին նա աշխատում էր և կոմերցիայով զբաղվելու հնարավորություն չուներ, իսկ հիմա, երբ այլասերված է երկրի արժեհամակարգը, մաեստրոյի մեջ արթնացել են այլանդակ հատկությունները: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի բարձր կոչումը նա վարկաբեկեց մարդկանց «քցելով», տարբեր խարդախություններով, քանի որ իրականում ոչ թե արտիստ է, այլ ընդամենը մի աֆերիստ կոմերսանտ, բարոյականությունից և մարդկությունից զուրկ: Իսկ այս անձնավորության ամենամեծ վնասը ակադեմիական երգչախմբի կործանումն է. նախկինում ճանաչված կոլեկտիվն այլևս գոյություն չունի` այն վախճանվեց, քանի որ այդպես էր պետք Չեքիջյանին, որն իր կյանքն առանց լափի չի պատկերացնում, իսկ լափելու համար պատրաստ է ամեն ինչի, անգամ սրբապղծության:

 

Կա՞ արդյոք ելք այս իրավիճակից: Կա՞ն կապելլայի փրկության ճանապարհներ: Անշուշտ, սակայն դրանք Հայաստանում երբեք չեն իրականացվի, քանի որ Հայաստանն ու հայերը իրենց ղեկավարության հետ միասին բիձապաշտ են` պաշտում են բոլոր բիեքին, անկախ նրանից` տաղանդավոր են նրանք, թե ոչ, վնասարար են, թե ոչ: Այնպես որ, Հովհաննես Չեքիջյանը ցմահ կմնա կապելլայի ղեկավար, որին իր հետ գերեզման կտանի: Իսկ կապելլան կմնա պատմության մեջ որպես ազգային ողբերգության և խայտառակության ամենանշանակալի զոհերից մեկը:

 

Անշուշտ, հազար անգամ լավ կլիներ Հայաստանի և կապելլայի համար, եթե Չեքիջյանը չվերադառնար իր պատմական հայրենիք, մնար Ստամբուլում և կործաներ թուրքական կապելլան, իսկ դատարանում Սողոմոն Թեհլերյանի պես հայտարարեր, որ արածը վրեժխնդրության ակտ էր Ցեղասպանության համար` հանուն Հայրենիքի: Դաշնակցականներն այսօր Չեքիջյանին կապահովեին ազգային հերոսի կարգավիճակ...

 

Հետգրություն-1

ՀՀ գլխավոր դատախազ պրն Աղվան Հովսեփյանին տեղեկացնում ենք, որ քաղաքացի Հովհաննես Չեքիջյանը պետական ակադեմիական կապելլա աշխատանքի է ընդունել երգչախմբի հետ կապ չունեցող անձանց, որոնց հետ հանցավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հետևյալի մասին` 20 հազար ամերիկյան դոլարի դիմաց նրանց հասցնել Միացյալ Նահանգներ մշտական բնակության:

 

Հետգրություն-2

Միացյալ Նահանգների դեսպանատան հյուպատոսական ծառայությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացի, Հայաստանի պետական կապելլայի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ԱՄՆ մուտքի վիզայի համար ներկայացրած ցուցակում կա 20 հոգի, որոնք կապ չունեն կապելլայի հետ, և մեկնում են Միացյալ Նահանգներ` չվերադառնալու մտադրությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրվում է դիմել «Ազատամտության» խմբագրություն:






Դիտումների քանակ 253919


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Շառլոտի» սկանդալը նոր եկամուտների հնարավորություն ստեղծեց հարկայինի ղեկավարության համար

«Շառլոտի» սկանդալը նոր եկամուտների հնարավորություն ստեղծեց հարկայինի ղեկավարության համար

Սեպտեմբերի 4, 2014


NEWS.am-ը հաղորդում է, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, աշխատանքից ազատվել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Գործ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ