Ռետրո խայտառակություն

Իրարանցում հայոց աշխարհում

Սեպտեմբերի 13, 2014
Իրարանցում հայոց աշխարհում

Պողոս Պողոսյան

«Ազատամտություն»օրաթերթ, 11.03.2009թ.

 

Երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը փախել է Մոսկվա և վերադառնալու մտադրություն չունի: Մյուս ղեկավարները նույնպես փրկվել են' ով ոնց կարող է: Սակայն ավելի լուրջ է Հայ ազգային կոնգրեսի և Համաժողովրդական շարժման անդամների վիճակը. իշխանափոխությունն իրականացրել են ուրիշ ուժեր, որոնց համար Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը հավասարապես անընդունելի է: Նոր իշխանության առաջին քայլերից են' համաներում և արդարության վերականգնում: Այսինքն, իշխանությունն ասում է' դուք' Հայաստանի քաղաքացիներ, ձեր մեջ ձեր հաշիվները պարզեք: Այսօրինակ որոշումը սարսափի է մատնել հայոց աշխարհի խղճի բանտարկյալներին, քանի որ միաժամանակ ազատության մեջ են հայտնվում և՛ Գագիկ Ջհանգիրյանը, և՛ Նաիրի Հունանյանը: Սակայն սարսափի են մատնված ոչ միայն խղճի ընդդիմադիր բանտարկյալները. բազում ազգային հերոսներ, այդ թվում' գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և այլք մոլորվել են, քանի որ չկան այլևս այն իշխանությունն ու լծակները, որոնց շնորհիվ անձեռնմխելի էին և ապրում էին օրենքից դուրս' ոտնահարելով Հայաստանի նորմալ քաղաքացիների իրավունքներն ու բռնանում դրանց:


Իշխանափոխությունը նաև ազդել է ընդդիմադիր գործիչների անձնականի վրա. Լևոն Զուրաբյանը բաժանվում է Շողեր Մաթևոսյանից' կարծելով, թե այդպես ավելի հեշտ և հաջող կինտեգրվի նոր կյանքին: Մանուշակ Պետրոսյանը փորձում է հրապարակավ հրաժարվել եղբորից' գեներալ Աստվածատուրից, իսկ ահա Դավիթ Շահնազարյանի վիճակն ավելի ծանր է. նա քաջ գիտակցում է, որ Տեր-Պետրոսյանի հետ ազգակցությունից փրկություն չունի, հետևաբար, միակ ճիշտ որոշումն է ընդունել' մտնել գժանոց: Նա զարմիկի՝ Գուրգեն Եղիազարյանի հետ, որը նույնպես վաղուցվա հոգեկան հիվանդ է, պատրաստում է ընտանեկան գժությունն ապացուցող բժշկական փաստաթղթեր և այժմ փնտրում է ամենալավ գժանոցը երկրում:


Սակայն ամենաողբալի վիճակում Գագիկ Ջհանգիրյանն է: Արդեն հասկացել է, որ բանտն իր համար մի դրախտ է: Նա գիտի, որ չի փրկվի զինծառայողների մայրերից, որոնք արդեն կանգնած են բանտի դռանը և անհամբեր սպասում են, թե երբ են պոկելու նախկին զինդատախազի մազերը և ինչպիսի դաժանությամբ են դա անելու: Գագիկը զանգում է իր սանիկ Մանվելին և փորձում մի խորհուրդ կամ օգնություն ստանալ: Սակայն Մանվելը չի պատասխանում. քավորին հաղորդում են, որ գեներալը «Ազատամտություն» օրաթերթից իմացել է, որ ամերիկյան կողմից պաշտոնապես դիսիդենտ է ճանաչված և այժմ ուղևորվում է ամերիկյան դեսպանատուն' քաղաքական ապաստան խնդրելու: Գագիկը զգում է, որ ամենադժբախտն այս իրավիճակում ինքն է' չունի ոչ մի փրկություն: Մանրակրկիտ հաշվարկներ է անում. ասում է' լավ, մի կերպ կազատվեմ զինվորների մայրերից, կխաբեմ նրանց, կասեմ, թե Սերժի հրահանգով եմ իրենց անմեղ զավակներին ցմահ դատապարտել, բայց ինչպե՞ս փրկվեմ Նաիրի Հունանյանի խմբի տղաներից: Չէ՞ որ նրանք հիշում են ֆաշիստական խոշտանգումները, և նրանց առաջին գործը ազատության մեջ կլինի այն, որ առնվազն իրենց նախկին դահճին կնստեցնեն ծծմբաթթվի մեջ: Իսկ Գագիկը դպրոցում, ինչպես և հորեղբայրը, շատ լավ է սովորել և հասկանում է, թե ինչ է նշանակում մարդու համար հայտնվել ծծմբաթթվով վաննայում: Մի պահ նրա ուղեղը պայծառանում է. որոշում է թաքուն մտնել ամերիկյան դեսպանատուն և հայտարարել, որ քավորը, ըստ հայկական ավանդույթի, սանիկի ամենամոտ հարազատն է, հետևաբար, եթե ամերիկյան կառավարությունը դիսիդենտ է ճանաչում սանիկին, ապա պարտավոր է այդ տիտղոսը շնորհել նաև քավորին:


Մինչ Գագիկը տարված էր այս դարակազմիկ մտքով, Մանվելն արդեն ամերիկյան դեսպանատան դռան մոտ գոռում էր. «Ես Մանվել Գրիգորյանն եմ, թերթերից պարզել եմ, որ ձեր դիսիդենտն եմ, դուք պարտավոր եք պաշտպանել իմ իրավունքները, եթե հենց հիմա ինձ չընդունեք, պրն Ճոյտի ձեռքից չեմ պրծնի, իսկ նա դիսիդենտ չէ»: Բնականաբար, դեսպանն ընդունում է Մանվելին և հավաստիացնում, որ ամերիկյան կառավարությունն ամեն ջանք կգործադրի' գեներալին փրկելու թե՛ պրն Ճոյտից, թե՛ գեներալի բոլոր զոհերի արդարացի հաշվեհարդարից:


Գագիկը վերջապես կարողանում է հեռախոսակապ հաստատել Մանվելի հետ դեսպանատանը: Սանիկն, իհարկե, պատրաստակամություն է հայտնում օգնել քավորին, սակայն դա արդեն անհնարին է դառնում. բանն այն է, որ ամերիկյան դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները փակել են Հայաստանի տուժած քաղաքացիները, որոնք դեսպանից պահանջում են Մանվելին. հետևաբար, ևս մեկ խղճի բանտարկյալ ընդունելն ամերիկյան կողմի համար խնդրահարույց է դառնում: Իրադրության ողբալիությունը կռահելուց հետո Գագիկն ընկնում է հուսախաբության մեջ, թեև տարբերվում է Մուշեղ Սաղաթելյանից: Վերջինը ընդհանրապես բան չի հասկանում: Մուշեղն անգրագետ տղա է, տառերը դժվարությամբ է ճանաչում, գիտի միայն, որ քաղբանտարկյալը լավ բան է: Հետևաբար, որևէ կերպ Մուշեղի գլուխը չի մտնում իրավիճակի դրամատիզմը: Դա էր պատճառը, որ Գագիկը որոշում է այլևս չզբաղվել Մուշեղով, թողնել նրան իր զոհերի խղճին («մի գեղցի ավելի, մի գեղցի պակաս»,- այսպես է մտածում Գագիկը) և փրկել իրեն:


Այդ պահին Գագիկի ուղեղում մի հանճարեղ միտք է ծագում' որոշում է օգնություն խնդրել պրն Իլհամ Ալիևից: Վերցնում է թուղթ ու գրիչ և գրում. «Մեծարգո պարոն Նախագահ, դիմում եմ Ձեզ անելանելիությունից: Դուք գիտեք, թե ինչպիսի հավատարմությամբ եմ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը. ողջ հայոց բանակը դարձրել էի մի գեստապոյական խցիկ, դատում էի անմեղ զինվորներին, իսկ հանցագործներին բաց էի թողնոմ: Հայոց բանակում վերականգնել էի միջնադարյան խոշտանգումների պրակտիկան, ինչը, բնականաբար, Ձեր պետության օգտին էր արվում: Բանակում տարածեցի կաշառակերություն, ընդ որում, կաշառքը վերցնում էի «Կամազներով», իմ ընկերների և մեր Սպարապետի հետ ամեն ինչ արեցի, որպեսզի հայոց բանակը քայքայվի և կորցնի մարտունակությունը: Իսկ վերջերս, ինչպես Ձեզ հայտնի է, մեր ֆյուրերի' մեծն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նախաձեռնեցինք պետական հեղաշրջում, որպեսզի արագացնենք Հայաստանի վերադարձը Ադրբեջանի կազմ: Սակայն, ինչպես հայտնի է, ղարաբաղյան կլանը թույլ չտվեց մեզ գալ իշխանության և կատարել Ձեր բաղձալի երազանքները, և մենք հայտնվեցինք բանտերում: Այժմ երկրում համաներում է հայտարարված, և ազատ են արձակվելու նաև մարդիկ, ովքեր կմորթեն մեզ' Ձեր խոնարհ ծառաներին, հարգարժան պրն Նախագահ, ընդ որում' կմորթեն առանց նարկոզի:


Դա է պատճառը, որ խնդրում եմ գնահատել իմ արժանիքները Ադրբեջանի Հանրապետության առաջ և ապաստան տրամադրել ինձ: Խոստանում եմ տրամադրել պետական այնպիսի գաղտնիքներ, որոնք ձեռք եմ բերել պաշտոնավարման ընթացքում, և որոնք Ձեր բոլոր գաղտնի ծառայություններին անհասանելի կմնան դեռ երկար տարիներ: Խնդրում եմ մի բան ևս նկատի ունենալ. իմ ազգանվան արմատը պետք է հուշի Ձեզ, որ ամենևին էլ հայ չեմ, ունեմ այլ ծագում, ուղղակի Ձեր պետությանը ծառայելու երազանքը ստիպեց մեզ դառնալ բարձաստիճան պաշտոնյաներ այս երկրում»:


Գագիկը նամակը շտապ ուղարկում է Ադրբեջանի առաջնորդին (գաղտնի ճանապարհով), այնուհետև սկսում է պատրաստվել փախուստի: Բանտապետին փող է խոստանում' իրեն բանտից աննկատ դուրս բերելու համար: Բանտապետն էլ, պարզ է, համաձայնում է:
Այժմ տեսնենք, թե ինչպիսին է իրադրությունը դաշնակների ճամբարում: Ասել, որ նորմալ է, նշանակում է' ոչինչ չասել: Ոչինչ չեն կարող հասկանալ հայ սոցիալիստները: Սակայն այստեղ կան պայծառ ուղեղներ, որոնք ասում են, թե մեր վերջը չտվեցին կոմունիստները, մեզ չվերացրեց Տեր-Պետրոսյանը, հետևաբար, սրանց պատճառով էլ չենք տուժի' մի քիչ սեփականություն կկորցնենք, դիսիդենտներ կճանաչվենք, այնուհետ նորից դուրս կգանք ընդհատակից և կշարունակենք բակտերիայի մեր գործունեությունը:


Երիտասարդ հանրապետականների մոտ իրավիճակն ավելի լուրջ է. Արմեն Աշոտյանն իր համար թիկունք էր պատրաստում' ընկերություն էր անում տկն Շողեր Մաթևոսյանի խմբագրակազմի գեղեցկուհիների հետ, պատիվ էր տալիս նրանց սրճարաններում և ամենևին էլ չէր վախենում սիֆիլիսով վարակվել: Դա անում էր այն հույսով, որ, եթե հանկարծ Տեր-Պետրոսյանի ռևանշը իրականություն դառնա, ապա տեղ կունենար գնալու և կարիերան չէր տուժի: Բայց արի ու տես, որ փորձանքը մեկ այլ տեղից եկավ, որտեղ պրն Աշոտյանը մի դրամ չէր ծախսել, ու այնժամ հասկացավ, որ կործանված է: Նույն վիճակում են, ի դեպ, երիտասարդ պարոնայք Հրանտ Մադաթյանը, Վազգեն Խաչիկյանը, Կարեն Ավագյանը, Արտակ Դավթյանը, Վահե Հակոբյանը և նվիրյալ այլ նժդեհականներ:


«Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչների հոգեվիճակը նկարագրել գրեթե անհնար է. նրանց միակ երջանկությունն այս դրամատիկ պահին այն է, որ մարդակեր չեն և Հայաստանի քաղաքացիների հանդեպ հանցանքներ չեն գործել, հետևաբար, նրանց ոչ ոք ծծմբաթթվով վաննա չի նստեցնի, իսկ դա արդեն երջանկություն է: Այնուամենայնիվ, պրն Բաղդասարյանը լրացուցիչ երաշխիքներ է որոնում. զանգահարում է բրիտանական դեսպանին, հիշեցնում է իր արժանիքներն այդ տերության առջև, առաջարկում համագործակցության նոր տարբերակներ:


Դե, իսկ ամենալավ վիճակում ֆյուրեր Տեր-Պետրոսյանն է: Նա համոզված է, որ ոչ ոք չի համարձակվի իր մազին կպչել, իսկ նոր իշխանությունն էլ կապահովի իր անվտանգությունը: Ի վերջո, Տեր-Պետրոսյանն աշխարհում հեղինակություն ունի' ի տարբերություն Գագիկի, Մանվելի, էն խեղճ անգրագետ Մուշեղի: Տեր-Պետրոսյանը նույնիսկ իրեն լավ է զգում. երբեք նրան չի հուզել զինակիցների ճակատագիրը, անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանի սպանության օրն է ուրախացել և կյանքում առաջին անգամ 100 գրամից ավելի կոնյակ ըմպել: Ահա այսպիսի բաներ են կատարվում հայոց աշխարհում: Մի անգամ Աստված հայերին արդարությունը վերականգնելու շանս տվեց, և այդ շանսը վերածվեց մի մղձավանջի: Երբ Աստված համոզվեց, որ հայերին չի կարելի այսպիսի հնարավորություններ տալ, զղջաց իր արածից և վերականգնեց նախկին իրավիճակը: Եվ զարմացավ Աստված, ասաց. «Օվ, հայ ժողովուրդ, այս ի՞նչ աղետ ես դու: Երբ քեզ անկախություն են տալիս, սկսում ես բռնանալ ինքդ քեզ, քո զավակների մի մասը մյուս մասի հերն է անիծում, սպանում և լափում, ավերում, բռնանում է: Երբ քեզ արդարության վերականգնման փորձ են առաջարկում, սպառնում ես այն վերածել եղեռնի: Դե ուրեմն, հայ ժողովուրդ, մնա քո այսօրվա վիճակին ու երբեք չգանգատվես ինձ: Իմացիր, որ մակարդակիդ համեմատ դեռ չափազանց լավ վիճակում ես և գոնե փորձիր ինքդ արժանանալ նրան, ինչ ունես, և չմնաս իմ ողորմածության հույսին»:

 






Դիտումների քանակ 261473


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ